ՀՀ դատաիրավական բարեփոխումները Եվրոպական միության գրասենյակի այս տարվա գործողությունների պլանի առաջնահերթություններից են: Այս մասին տարվա սկզբին հայտարարել էր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Նշենք, որ նախկինում էլ ոլորտը մշտապես եղել է ԵՄ ուշադրության կենտրոնում:
2020 թվականին էլ ԵՄ-ն ՀՀ կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր տրամադրել:
Ինչպես երևում է հյատարարություններից, դրանց ընթացքից և ներկա վիճակից, ՀՀ-ում ԵՄ դեսպանը բավականին գոհ է: Ավելին, ամիսներ առաջ Եվրոպական միության կողմից հրապարակվեց Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-2021 թվականների ինդեքսը, որի համաձայն՝ Հայաստանը դատական իշխանության անկախության առումով առաջատարն է:
Օրեր առաջ էլ՝ հունիսի 8-ին, Երևանում տեղի ունեցավ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողով: ԵՄ դեսպանն այդ համաժողովին հետևում էր ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Գհանգիրյանի կողքին նստած:
Իր խոսքում դեսպանը նորից գոհունակություն հայտնեց արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումներից:
«Անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով»,-ասել էր Վիկտորինը:
Իհարկե, կարող են հարցեր առաջանալ, թե ինչպե՞ս է ձևավորվել ԵՄ դեսպանի այս գնահատականը, երբ օրինակ, Հայաստանում նորից դատական համակարգում ձեռքով մակարգման են անցել, խաղաղ ցույցերի ժամանակ իրավապահ մարմինները հատուկ միջոցներ են կիրառում, պատգամավորների են բերման ենթարկում, ցուցարարների են ծեծում և տասնյակներով քրեական գործեր են հարուցում հենց քաղաքացիական ակտիվության համար: Բայց սա էլ, դեռ թողնենք մի կողմ:
Օրեր առաջ հրապարակվեց աղմկահարույց ձայնագրություն, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը ուղիղ ճնշում է գործադրում ԲԴԽ լիազորություները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասում է, որ հրաժարական տա և քրգործերը կկարճվի, հետո ասում է, որ իրեն հրահանգել են, ավելին հրահանգը վերևից է գալիս, հետո ոչ կոռեկտ բնութագրումներ է տալիս ԲԴԽ կառույցին:
Հիշեցնենք, որ խոսքը գնում է այն կառույցի մասին, որը կոչված է հսկողություն սահմանելու դատական համակարգի նկատմամբ, ասել է թե ապահովելու, որ դատարանները գործեն անկախ, առանց ճնշումների, չօգտագործվեն քաղաքական հարցեր լուծելու համար:
Այս ձայնագրությունից հետո Գագիկ Ջհանգիրյանը հաստատել էր, որ խոսողը ինքն է: Սակայն մինչև հիմա չկա արձագանք միջազգային կառույցներից և հատկապես ԵՄ դեսպանից:
Հարց է առաջանում, ինչո՞ւ ԵՄ դեսպանը չի արձագանքում կատարվածին, ինչո՞ւ է անտեսում հանցագործության տարեր պարունակող երևույթը, ինչո՞ւ է հանդուրժում, որ ԵՄ կողմից տրամադրված դրամաշնորհը նպատակին չի ծառայում, այլ հակառակը, ի վերջո, հետաքրքիր չէ՞, արդյոք, տիկին Անդրեա Վիկտորինին, թե այդ ո՞վ է հրահանգում ՀՀ դատավորներին, որի մասին խոսում էր Գագիկ Ջհանգիրյանը:
Ի դեպ, խոսքը ամենևին էլ այլ երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու մասին չէ, քանի որ նախկինում, հատկապես 2018 թվականի մայիսից առաջ ԵՄ դեսպանությունը ամեն չնչին իրադարձության դեպքում արձագանքում էր, մարդու իրավունքների պաշտպանության կոչ անում, դատարանների անկախության մասին խոսում:
Հիմա կա կոնկրետ փաստ, որին չկա արձագանք, անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ եթե ԵՄ դեսպանը չի դատապարտում, ապա մի գուցե խրախուսում է կատարվողը և «դատական անկախություն» տերմինի տակ հասկանում՝ քաղաքականացված, ընդդիմադիրներին ճնշելու համար գործիք դարձած համակարգ: Իսկ մի գուցե հենց իր՝ Վիկտորինի մասին էր ակնարկում Ջհանգիրյանը, իբր «ավելի վերևից են ասել» որ ինքը պիտի լինի ԲԴԽ նախագահ։
Իսկ հետաքրքիր է, թե ինչ են մտածում այս մասին ԵՄ երկրների քաղաքացիները, երբ իրենց հարկերից գոյացած միջոցներից Անդրեա Վիկտորինը տնօրինում սեփական նախասիրությամբ և քաղաքական ճաշակով:
Հուսով ենք՝ առաջիկայում կլսենք ԵՄ դեսպանի պատասխանները այս հարցերի շուրջ:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը