Թագուհի Թոմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվրոպական միության Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցի ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Մարագոսին, ՀՀ-ում ԵՄ Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Սիլվիա Մարիա Զեհեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական պատասխանատու Մարիա Պապամիխայլին։
Խոսեցի Տավուշում առկա իրավիճակի, այնտեղից սկսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի մասին։ Իմ մտահոգությունն արտահայտեցի Ոսկեպարի 7-րդ դարի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ճակատագրի համար․ չնայած փոխվարչապետի գրասենյակը փոխանցել էր, որ մնալու է Հայաստանի տարածքում, այդքան էլ հավատարժան չէ, որովհետև մենք նման խոստում լսեցինք նաև Արցախի պատերազմից հետո Դադիվանքի մասին, երբ ասում էին, որ Դադիվանքի ճանապարհը կմնա հայկական կողմին, և կարող ենք անխոչընդոտ այցելել, սակայն չեղավ։
Դեսպանի հետ զրույցում բարձրացրի Եվրամիության դիտորդների հարցը, ովքեր թվով 200-ն են: Նշեցի, որ բնակվելով ավելի ապահով տեղերում, անհնար է իրենց կողմից դիտարկել իրավիճակը և կրակոցների պահին լինել դեպքի վայրում․ նրանք հաճախ արձագանքում են կրակոցներին կամ որևէ միջադեպի կատարվելուց ժամեր անց կամ մեկ օր հետո։
Խոսելով արցախահայության մասին՝ ընդգծեցի նրանց վերադարձի հարցի կարևորությունը՝ միջազգային երաշխիքների պայմաններում։
Քննարկեցինք նաև վիզաների ազատականացման հարցը։ Նշեցի, որ հաճախ են հայերը բախվում դժվարությունների վիզաներ ստանալու հարցում։
Անդրադարձա նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ժողովրդավարության սպառնալիքներին, այդ թվում՝ Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրներին։
Դեսպանը մեկնաբանեց, որ ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման և սահմանագծման հիմք, և ողջունում է այդ գործընթացի մեկնարկը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, պարոն Մարագոսն ընդգծեց, որ այն կենտրոնացած է խաղաղությանն ու կայունությանը աջակցելու իր մանդատի իրականացման վրա, և դիտորդների ներկայությունն արդեն տվել է շատ կոնկրետ արդյունքներ՝ միջադեպերի կրճատման առումով։
«Սա քաղաքացիական առաքելություն է։ Նրանք իրենց մանդատի հիման վրա վերահսկում են իրավիճակը։ Բացի այդ, ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայությունը պահպանելու համար նրանք, ում վստահված է հասարակության ոստիկանական գործը, իրենք պետք է ենթակա լինեն օրենքի առջև պատասխանատվության։ ԵՄ-ն վերահսկում է իրավիճակը և կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ»,- նշել է իր խոսքում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը