Զարմանալի է, բայց ԱԳՆ պաշտոնական կայքի վերջին օրերի լրահոսում բացարձակապես ոչինչ չկա այն մասին, որ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնապես կեղծ տվյալներ է հայտնել հանրությանը, ինչի համար ներողություն է խնդրում (առնվազն): Միգուցե դա պայմանավորված է այն իրողությամբ, որ Արարատ Միրզոյանը երդվյալ քպ-ական է, նկատելի ներկայացուցիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի թիմի, որի ղեկավարին ու մնացյալ անդամներին բնորոշ է փաստերի նենգափոխումն ու դրանցով մանիպուլյացիաներ անելը: Դրանից կարելի է բխեցնել կամ ենթադրել, որ Արարատ Միրզոյանի համար ստելը, կեղծ տվյալներ հաղորդելը այնքան սովորական բան է դիտվում, որ նա, այսպես ասենք, լայեղ չի անում անգամ մի թեթևակի ներողություն խնդրել:
Առհասարակ, խնդրո առարկա քպ-ական պաշտոնյան պերմանենտ ներողություն խնդրելու շատ ավելի ծանրակշիռ «տեղեր» ունի, ասենք՝ Թուրքիայի հետ սիլի-բիլի անելու և ոչ միայն այդ պահով: Բայց տվյալ դեպքում խոսքն ահա թե ինչ կոնկրետ հանգամանքի մասին է:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում, մարտի 15-ին, անդրադառնալով ադրբեջանական կողմի ներկայացրած 5 կետանոց նախապայմաններին, Արարատ Միրզոյանը, մասնավորապես նաև հայտարարել է. «Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ»:
Այս թեզը, ի դեպ, նույն շեշտադրումներով, շահարկել կամ գործածել են նաև Արարատ Միրզոյանի շեֆ Նիկոլ Փանշինյանը, վերջինիս այլ ենթակա-թիմայիններ, ի դեմս, օրինակ նախկին դի-ջեյ, հիմա՝ ՔՊ խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանի և նրա գործընկերուհի Մարիա Կարապետյանի: Սա բացահայտ քարոզչական թեզ է, ըստ որում՝ ակնհայտորեն մանիպուլյատիվ, և բուն Նիկոլի, ինչպեսև՝ նիկոլականների կողմից շրջանառվում է «սաղ նախկիններն են արել»-ի շրջանակներում: Իբր՝ նախկիններն էն գլխից ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ մեզանից ի՞նչ եք ուզում...
Վերադառնանք սական կոնկրետ մեջբերվածին, որով ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը հրապարակայնորեն ու պաշտոնապես պնդում է. ա) Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ-ին անդամակցել են դեռևս 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ համապատասխան հռչակագիր ստորագրելով, բ) դա արել են համատեղ...
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մարտի 16-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցած ուղիղ եթերում և համապատասխան գրառմամբ մեկ առ մեկ ոչնչացրեց Արարատ Միրյոյանի ու նրա քպ-ական ձայնակիցների հիշյալ պնդումներն ու ցույց տվեց դրանց մերկապարանոց լինելը: Ավելի պարզ ասած, Արմեն Աշոտյանը Արարատ Միրզոյանին բռնացրեց հրապարակայնորեն ու պաշտոնապես կեղծ տվյալներ հայտնելու, է՛լ ավելի պարզ ասած՝ ստելու մեջ:
Մասնավորապես, վկայակոչելով կոնկրետ փաստաթղթերը և եթերի ընթացքում ցույց տալով դրանք, հիմնվելով անհերքելի փաստերի վրա, Արմեն Աշոտյանը նշեց. Ա) «Սուտ է այն թեզը, թե՝ Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Բ) «Համաձայնագիրը, որի մասին խոսում է Միրզոյանը, իրականում, ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»:
Գ) «Միրզոյանն ասում է, որ «համատեղ» են ստորագրել Հայաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը դա արել է 1992-ի փետրվարին, իսկ Ադրբեջանը՝ 1993-ի սեպտեմբերին»:
Եվ, ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողի կողմից բացահայտ կեղծ տվյալներ հաղորդելու իրողությունը բացահայտելուց բացի, Արմեն Աշոտյանը միայնգամայն հստակ նշում է. «Համաձայնագիրը, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը: Հարց. եթե Միրզոյանը հղում է անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին, խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չի խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է»:
Նշենք, որ վկայակոչեցինք Արմեն Աշոտյանի արձագանքի առավել մեղմ հատվածները: Բայց այդ մեղմ հատվածներն էլ բավարար են՝ համոզվելու համար, որ Արարատ Միրզոյանը կեղծ տվյալներ է հաղորդել՝ ԱՊՀ-ին ՀՀ անդամակցելու տարեթվի, իրավիճակի, ու պայմանների վերաբերյալ:
Հազիվ թե ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնողին, այսպես ասենք, «քաշել» են ԱԳՆ աշխատակիցները, որոնք, ենթադրենք, ոչ ճիշտ տվյալներով տեղեկանք են պատրաստել: Հուսով ենք, նիկոլիզմը ԱԳ աշխատակազմի ոչ բոլոր պրոֆեսիոնալ կադրերին է հասցրել վերացնել կամ համակարգից դուրս թողնել:
Առավել համոզիչ է թվում այն վարկածը, որ ԱՊՀ-ին անդամակցելու (այն էլ՝ Ադրբեջանի հետ համատեղ անդամակցելու) վերաբերյալ թեզը, մնացյալ անկապ պնդումներով հանդերձ, հորինել է «ժուռնալիստ» Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ կիսատ-պռատությամբ և փաստերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, ապա հանձնարարել է իր ենթականերին՝ հնարավորինս շրջանառել այդ թեզը:
Ենթակաները դեռ մի կողմ: Իսկ Արարատ Միրզոյանը ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցնում ու հանդես գալով այդ կարգավիճակում, հայտարարում է մի բան, որը սուտ է: Ու, նույնիսկ ներողություն չի խնդրում, ասենք՝ «Արմենպրեսից» կամ այդ հարցազրույցը կարդացած մարդկանցից: Հրապարակման սկզբում, սարկազմով նշել էինք, թե դա զարմանալի է, իմկ վերջում անհույզ արձանագրենք՝ դա բնութագրական է նիկոլականների համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը