ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։
Նիստը մեկնարկել էր նոյեմբերի 27-ին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Նիստն ընդմիջվել էր մեկ ժամով, սակայն հատկացված ժամանակը բավարար չի եղել միջնորդությունը կազմելու համար։ Նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 28-ը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը չմանրամասնեց ինքնաբացարկի պատճառը, միայն ասաց, որ ունեն մի քանի հիմք։
Դատական նիստին մասնակցում էր 6 դատախազ, ինչն աննախադեպ երևույթ է դատական պրակտիկայում։ Հարցին, թե արդյո՞ք չէր կաշկանդում այդքան դատախազի, որոնց թվում՝ գլխավոր դատախազի մասնակցությունը, փաստաբան Ալումյանն ասաց, որ ոչ։ «Դատախազությունից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր»,- ասաց Ալումյանը՝ հավելելով․ «Թեև մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը