28 10 2021

«Կարճ ասած»․ Քոչարյանի ու Փաշինյանի պահած Հայաստանը՝ թվերով



Այս հեղափոխական իշխանության ներկայացուցիչների մեծ մասը երիտասարդ են, մարդիկ, որոնք ծնվել են նորանկախ Հայաստանում կամ դրանից մի քանի տարի առաջ։ Անկախ Հայաստանի պատմությունը չեն կարդացել, ինչպես երևում է։ Իհարկե՝ տարիքով մեծերն էլ կան այդ իշխանության մեջ, մարդիկ, որ հա՛մ կարդացել են, հա՛մ լավ են հիշում, հա՛մ օգտվել են, բայց հիմա քաղաքական կոնյուկտուրայի շահն այլ բան է թելադրում ու խոսում են ինչ-որ 25-30 տարվա թալանի մասին։ Սրանց համար Հայաստանի պատմությունը սկսում է 2018 թվականին՝ ռադիոյի դուռը կոտրելու պահից։

Երեկ ԱԺ քննարկման թեման գնաճն էր։ Մեր երկրում կարտոֆիլը առաջ 150 դրամ էր, հիմա 350 է և ավելի։ Աննախադեպ թանկ է։ Մարդիկ հիշեցնում են Նիկոլին, որը իշխանությունը զավթելուց ուղիղ երեք ամիս առաջ միտինգ էր անում գնաճի համար ու ԱԺ ամբիոնից իրեն կոտորում էր։

Հեգնում էր, ասում էր՝ «Կարագը թանկացել ա, խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել ա, կանաչ սոխ կերեք, խոզի միսը թանկացել ա՝ սխտոր կերեք, բենզինը թանկացել ա՝ բրդեք ձեր ավտոները, համ էլ ֆիտնես ա»։ Էսօր ինքը վարչապետ է, ու մարդիկ այո, բրդում են ավտոները, որովհետև ռեգուլյար տեսակի բենզինի գինը 490-510 դրամ է՝ աննախադեպ բարձր։

Նախորդ տարվա համեմատ, բենզինի գինն աճել է 40 տոկոսով. Ինֆոգրաֆիկա

Նիկոլ Փաշինյանի թիմակից Արտակ Մանուկյանն ասում է՝ բանջարեղենը թանկացել է 64 տոկոսով, բայց դա կարտոֆիլի պատճառով է։ Ժողովուրդ ո՞վ է ասում կարտոֆիլ ուտեք, համեմ կերեք։

ՔՊ-ական պատգամավորը, էն որ իրեն ուսապարկի հետ էր համեմատում, ու հիմա իմ ու քո հաշվին մեկ միլիոն դրամից ավելի եկամուտ ունի ամսական, ասում է՝ Սերժի ժամանակ էին ասում կարտոֆիլ կերեք, Սերժը Քոչարյանի իրավահաջորդն է։ Էն ժամանակ դա քաղաքական գիծ էր, որ ժողովուրդը կարտոֆիլով սնվեր։

Ես այսօր թվերով կներկայացնեմ, թե ինչպես է ապրում Հայաստանը Նիկոլի օրոք, ու ինչպես էր ապրում Քոչարյանի օրոք։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը եղել է անչափահաս, երբ Քոչարյանը եկավ իշխանության, նա 5 տարեկան էր, ու նրա համար կաթը, սոսկան ու փամփերսը առել են 10 տարի նույն գնով։ Էդ կաթիկը, որը քեզ պահելու համար Քոչարյանի ժամանակ առնում էին, պարոն Վահագն, 1 լիտրը 10 տարի շարունակ եղել է 230-270 դրամ։ Հիմա մինչև 500 դրամ է։ Զգա՛ տարբերությունը։

Սրանց թվում է, թե մարդկանց հիշողությունը իրենց իշխանության երկարության չափ է՝ 3 ու կես տարվա, դրա համար էլ մարդկանց խաբում են։ Բայց մարդիկ լավ են հիշում, որ, օրինակ ձեթի գինը 10 տարում տատանվել է ընդամենը 4 դրամով՝ 656-ից դառնալով 660 դրամ։

Նիկոլի օրոք ձեթի գինը 1200-1300 դրամ է։ 4 երեխաների մայրն ասում է՝ պանրի փոխարեն աղ ենք ցանում հացի վրա։ Քոչարյանի ժամանակ պանիրը 10 տարում աճել է ընդամենը 2 դրամով՝ 1400-ը դարձել է 1402 դրամ։ Դե հիմա մտեք խանութ ու 1402 դրամով պանիր գտեք։ 1400-ով չէ, լավ, 2 հազարով գտեք։ 10 տարի կարագը տատանվել է 1600-1770 դրամի սահմաններում։ Հիմա 5 հազար դրամ է։ 2100 դրամով բարձրացնելու եք նվազագույն թոշակը։ 2100 դրամին անում է ընդամենը 400 գրամ կարագ։ 26 հազար դրամ է նվազագույն թոշակը՝ 5 կիլո կարագի գին, Քոչարյանի օրոք թոշակով 14 կիլո միայն կարագ կառներ մարդ։ Խոզի միսը էն ժամանակ 1700-ից իջավ 1620 դրամ։ Նիկոլի վախտ խոզի գինը 4000 դրամ է, ու ի՞նչ է ասում Նիկոլը, ասում է՝ խոզի միսը թա՞նկ ա, սխտոր կերեք։

320-360 դրամ էր բրնձի գինը, հիմա 700 է։

Էս պահին Նիկոլի սրտի օլիգարխի խանութում շաքարավազի գինը 490 դրամ է, Քոչարյանի օրոք գիտե՞ք ինչքան էր, 277 դրամից իջավ 266 դրամ։ Հա, մի բան էլ հարցնեմ, ո՞վ էր Քոչարյանի օրոք Սամվել Ալեքսանյանը։ Հիմա որևէ մեկը կարող է կանգնել ու ասել Ռոբերտ Քոչարյանի օրոք քաղաքականությունն էնպիսին էր, որ մարդը չկարողանար կարտոֆիլից բացի բան ուտե՞լ, օֆշորներում փող պահե՞ն։ Լավ, բա հիմա, որ անգամ կարտոֆիլ չեն կարողանում առնել, ուրեմն դուք ինչքա՞ն եք պահում օֆշորներում։

Քոչարյանի պահած Հայաստանում ուսուցիչը 10 հազար դրամով մտնում էր խանութ ու գնում էր մեկ լիտր կաթ, ձեթ, 1 կգ հավ, կարագ, միս, բրինձ, հնդկաձավար, պանիր, ալյուր, 30 հատ ձու։ Նիկոլի օրոք ուսուցիչը 10 հազար դրամով գնում է ընդամենը 1 կգ հավ, կարագ, 1 լիտր ձեթ ու ձու, բայց՝ 10 հատ։

էն գումարով, որ առաջ գնում էիր մի հատ հավ, գիմա գնում ես ընդամենը մի բուդը:

Ու դուք համեմատում եք Նիկկոլի ու Քոչարյանի պահած Հայաստանը՞։

Թոշակառուին հարցնում ենք՝ խանութի գներից ի՞նչ կասես, ասում է՝ ես ի՞նչ իմանամ, մենակ հաց եմ առնում։ Սա՛ է ձեր պահած երկիրը։ 

Խոստանում էիք, որ աղքատությունը իսպառ կվերացնեք, իսկ հիմա տոները կրճատում եք ու հիմնավորում եք, թե՝ որ ժողովուրդը պարտք չանի։ Գիտեք, որ ձեր օրոք մարդը վարկով է նոր տարին նշում։

Հեսա ջուրը թանկանում է, առաջարկել են դարձնել 220 դրամ։ Քոչարյանի ժամանակ 56 դրամ էր։ Հոսանքի համար 10 տարի վճարել ես 25 դրամ։ Քոչարյանի օրոք գազը 50-59 դրամ է եղել, Նիկոլի օրոք 140 դրամ է, ու բանակցում են, որ չթանկանա։

Սննդամթերքի, ծառայությունների գները և փոխարժեքը 10 տարի առաջ և հիմա

Քոչարյանի օրոք անգամ ուսապարկերի գինն էր ստաբիլ։ Ավելին, ի տարբերություն հիմիկվա, ուսապարկը ծառայում էր որպես ուսապարկ, չէին հասցրել պատգամավորի կարգավիճակի ու ամիսը 1 մլն դրամ չէին վճարում։ Էս ամենը մարդիկ լավ են իմանում, ախար։

Նիկոլի օրոք նախարարների ու մարզպետների աշխատավարձն աճեց 90 տոկոսով, պայմանագրային զինծառայողների բարձրագույն սպայական կազմինը՝ ընդամենը 5 տոկոսով, ուսուցչինը՝ 10 տոկոսով։ Բայց ասում էին սրանք, թե հասարակ ժողովրդի համար մեռնում են։ 

Երեկ կարդում եմ, որ միայն այս տարվա 9 ամիսներին Հայաստանից 34 հազար մարդ դարձել է ՌԴ քաղաքացի։ 34 հազար մարդ։ Այս տարվա 9 ամիսներին 100 հազար մարդ գնացել է երկրից ու չի եկել։ Ում հարցնում ես, վեշերն է կապում, որ գնա երկրից։ Քոչարյանի օրոք էլ են գնացել, բայց երբ երկիրը սկսեց շնչել, հետ եկան, անկախության միակ տարիներն են եղել, որ ներգաղթ ենք ունեցել։

Քանի՞ քաղաքացի է երկիրը լքել 1992-2015 թվականներին

Որովհետև երկիրը երկիր էր։

Երբ Քոչարյանը իշխանությունը հանձնեց ինչքա՞ն էր մեր երկրի պետական պարտքը, 1 միլիարդ 600 մլն դոլար։ Նիկոլի օրոք պարտքը որքա՞ն է։ Երեկ պարզ դարձավ, որ արդեն 9 մլրդ դոլար է։ 1,6 մլրդ և 9 միլիարդ։

Որքան է կազմել Հայաստանի արտաքին պարտքը 2008-2014 թվականներին

Տարին 1 միլիարդով ավելանում է։

Քոչարյանը երբ նախագահ էր դառնում, արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս էր, երբ իշխանությունը հանձնեց, դարձել էր 12 տոկոս: Հիմա գիտե՞ք ինչքան է՝ դառնում է 63 տոկոս։ Դուք պարտք եք վերցնում, որ թոշակ տաք, ուսուցչին աշխատավարձ տաք, որ գնա 400 գրամ կարագ առնի։ Ուշացնում եք թոշակն ու ուսուցչի աշխատավարձը․ երբ Քոչարյանն եկավ իշխանության, էլի ուշացնում էին ու էդ ավանդույթը վերացրեց։ Քոչարյանի օրոք խաղողագործը չէր ասում՝ վարչապետը խոստացավ, որ խաղողը կմթերեն ու խաբեց։

Քոչարյանի ժամանակ Համահայկական հիմնադրամը երկիր էր սարքում, Հայաստան ու Արցախ, դուք սարքածը տվեցիք թշնամուն, ու հիմնադրամին հանգանակած փողերով էլ ձեզ պարգևատրեցիք, թե՝ որ Արցախ չենք թողել, փողերը խի՞ տանք։ Սխալ եմ ասո՞ւմ։ Քոչարյանի ժամանակ լավ էր պահվում թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Փաշինյանի ժամանակ Հայաստանը գոյատևում է, իսկ Արցախը համարյա չկա, 76 տոկոսը տվել եք թուրքերին, մնացած 24 տոկոսի համար էլ ասում եք՝ ռուսներն են երաշխավոր, անգամ մի հատ այց չեք կատարում։

Հլը մի հատ նախարար բռնեք էն վախտվա ու հարցրեք ինչքա՞ն պարգևավճար ես ստացել Քոչարյանի վախտ․ դուք մի տարում 45 մլն դոլար պարգևավճար եք բաժանում։

Քոչարյանի օրոք քա՞նի անգամ ես լսել անարդյունավետ ծախսերի մասին․ 7 մլն դոլար հատկացնում էին, որ 4 դատավոր գործից հանե՞ն, 700 հազար դոլար էր ծախսում, որ գնար Լոս անջելես միտինգ աներ ու ասեր սիրում եմ բոլորի՞դ, հպարտանում ե՞մ կամ գնար ՄԱԿ-ից խոսեր անկապ բաների՞ց։

Զինվորին ցեխաջրի մեջ եք քնեցնում, ու նույն պահին 2 մլն դոլարանոց փարթի եք անում։

Քոչարյանին 11 հատ ավտոշարասյուն էր ուղեկցում ու 6 թիկնապահ էլ կնոջը՞։ Ռազմական անվտանգության սարքեր էր շուրջբոլորը դնո՞ւմ։

Քոչարյանի օրոք հնարավոր է՞ր բարդակ լիներ կառավարությունում։ Պաշտպանության նախարարին հարց տային ում հրամանով ես զորքերդ հետ քաշել, ասեր՝ հանձնաժողով ստեղծի՝ իմացի՞։ Էդ նախարարը ԱԺ-ից հրատապ կգնար իր աշխատասենյակ, դիմում կգրեր ու կգնար թոշակի, պագոններն էլ կպոկեր վրից։ Որ հետո Նիկոլը գար հետ կպցներ։ Նման կադրեր իր օրոք իհարկե կային, օրինակ՝ Արշակ Կարապետյանը, բայց դրանք նախարար չէին դառնում, իսկ հիմա համարյա սաղ էդ կարգի կադրեր են։

Վերջապես, բացեք Քոչարյանի նախընտրական ծրագիրն ու համեմատեք իր արածի հետ, չկա մի բան որ խոստացել է ու չի արել։ Ու դա արել է իր կադրային նորմալ ընտրությամբ, պրոֆեսիոնալ կադրերով։ Բացեք Նիոլի նախընտրական ծրագիրը, նայեք իր թիմը։ Սե՞նց ապագա էր խոստանում։ Բայց էս ա արել։

Հա, ի դեպ, Քոչարյանի ժամանակ Նիկոլ կար, ուղղակի իր գործն էր անում՝ փող էր աշխատում, իշխանությանը չէին թողնում մոտ գնա, դրա համար էր երկիրը երկիր։

Կարճ ասած՝ էդ որ Էդ որ ամբաղ-զամբաղ բերաններդ բացում եք, չեք մտածո՞ւմ, որ մարդիկ կան՝ թիվ գիտեն, որ վիճակագրությունը դեռ չեք հասցրել ջնջել։ Ինչ ցուցանիշ ուզում ես համեմատի, տակ ես տալու։ Մի առաջընթաց բայց ունեք, ինչը գովելի է՝ Նիկոլից մինչև իր ամենավերջին ուսապարկը Քոչարյանի նկարը ծոցաջեբից էն կողմ չեն տանում։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ