16 09 2021

«Կարճ ասած»․ Թշվառների մերկացումը՝ ԱԺ ամբիոնում



 

Ազգային ժողովի երեկվա հարցուպատասխանը կարելի է ասել երկար տարիների ընդմիջումից հետո իսկապես դիտարժան էր։ Սա այն նիստն էր, որի ժամանակ  ընդդիմությունը կարողացավ ամբողջությամբ մերկացնել կառավարություն կոչվածին։ Խոստովանենք, մենք այսպիսի խղճուկ նախարարական կաբինետ չենք ունեցել երբեք։ Ինչպես Փաշինյանն է սիրում ասել, աննախադեպ է։ Սա համեմատելու չէ և ոչ մի կառավարության հետ, նույնիսկ ամենից քննադատված։ Ստեր ԱԺ ամբիոնից, խղճուկ հայտարարություններ, հանրությանը անորոշության մղում ու ամենակարևորը՝ անտեղյակություն, պատասխանի բացակայություն։

Փաշինյանին հարցնում են՝ դուք նախապես գիտեի՞ք, որ պատերազմ է լինելու, պատասխանում է, որ ոչ։ Ասում է՝ համապատասխան ինստիտուտները ինձ մինչև ամսի 25-ը զեկուցել են, որ պատերազմի վերսկսումը անհավանական է։ Բայց պատերազմից հետո էլ ասում էր՝ «Արցախի դեմ պատերազմը մեզ համար չսկսվեց անսպասելի: Մենք գիտեինք և սպասում էինք: Հարցը միայն այն էր, թե որ ժամին և որտեղից թշնամին կհարձակվի»: Մարդը ֆռացնում էր։

Փաշինյանին հարցնում են՝ դու ասում էիր էնպիսի կոմպրոմատ ունեմ, որ հենց ասեմ՝ Ադրբեջանը ներսից կքայքայվի, ինչի՞ չես հայտնում։ Փաշինյանը ընկավ սար ու ձոր ու մոտավորապես ասաց, որ ստել է՝ տեղեկատվական պատերազմ է մղել։ Սա շատ կարևոր հարց էր, որովհետև Փաշինյանի ասելով, նա կարող էր քանդել Ադրբեջանը ներսից, բայց չարեց, փոխարենը քանդեց Հայաստանը։

Ասում են՝ ինչո՞ւ ես բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ տվել Ադրբեջանին, ասում է՝ նման բան չեմ ասել։  Այնինչ 2020 թվականի դեկտեմբերին հայտարարում էր, թե բանավոր ըմբռնում է եղել որոշ տարածքների ճշգրտման վերաբերյալ։

Հարցնում են՝ դուք գիտակցո՞ւմ եք, որ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կալանավորում է իրանցի բեռնատարների վարորդներին, նալոգ է հավաքում ճանապարհին, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ասում է, թե վստահ չէ, որ ձերբակալվածներ կան։ Ընդ որում, Ադրբեջանն ինքը հաստատել էր, որ ձերբակալել է։ Հասել ենք այն օրին, որ իրանցի վարորդներն են արդեն Հայաստանում բողոքի ցույց անում։ Ալեն Սիմոնյանը հանդիպում է Իրանի դեսպանին, ասում է՝ մեր առևտրային ներուժը ողջ ծավալով չի իրականացվում։ Ծաղր է սա․ Իրանը բեռ է ուղարկում, քեզ մոտ տուգանում են, վարորդներին կալանավորում են, փոխվարչապետն ասում է՝ տեղյակ չեմ, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ մի պստլիկ ճանապարհի համար ինչի եք աղմուկ անում, Ալեն Սիմոնյանն էլ ասում է՝ մեր կապերը թույլ են։ Փաշինյանի մտքերն էլ է զավեշտալի, ասում է՝ մենք չէինք պայմանավորվել, որ այդ ճանապարհով պետք է անցնեն իրանցիներ։ Պատկերացնում եք, չէ՞, պետք է Նիկոլն ու Ալիևը պայմանավորվեն, նոր Հայաստանով անցնեն իրանական բեռնատարներ։

Սա՛ է սրանց մտածողությունը։ Ասում են՝ ամեն ինչ անելու ենք, որ Արցախից ու Հայաստանից  տարածքներ չտանք․ չեն երաշխավորում, չեն խոստանում, ուղղակի ասում են, որ կփորձեն։ Պատգամավորը Նիկոլին հարցնում է՝ երաշխավորո՞ւմ եք, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս մեր Սահմանադրությունը չէք խախտի, ասում են՝ բանավոր չենք կարող պատասխանել, գրավոր դիմեք։ Այսինքն վստահ չեն՝ կխախտե՞ն Սահմանադրություն, թե ոչ, գնում են մտածեն՝ ոնց պատասխանեն, որ հետո գան, կարողանան ֆռռացնել։ Պատգամավորը կառավարությանը հարցնում ՝ ի՞նչ եք անում խաղողի մթերման հարցով, մարդիկ բողոքի ցույց են անում, պատասխանում է՝ այո, հարցը պետք է լուծվի․ բա ի՞նչ էիր անում 3 տարի, այ ընկեր։ Պատգամավորը հարցնում է, թե ինչո՞ւ եք պետպատվերով բուժսպասարկումը սառեցրել, պատասախան չունեն, ասում են՝ քաղաքացիների առողջության մասին ենք մտածում։ Փաշինյանին հարց են տալիս, թե ո՞ր օրենքով, սահմանադրության ո՞ր հոդվածով եք շարժվել՝ Սյունիքի մարզի մի շարք շրջաններ Ադրբեջանին հանձնելիս։ Ասում է՝ որ պատերազմ չլիներ։ Հարցնում են գազի գինը ի՞նչ է լինում, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասում է՝ հույս ունեմ՝ չի թանկանա, անակնկալ չի լինի։ Ե՛ս պետք է հույսը ունենամ, ե՛ս, ՀՀ քաղաքացիս, բայց դու պետք է բանակցես նորմալ, մարդավարի, ոչ թե հույս ունենաս։

Հարցնում են՝ գերիներին բերելո՞ւ եք, թե՞ ևս մի քանի ամիս պետք է ձեզ ներեն, պատասխանը չկա։ Հարցնում են՝ ինչի՞ Ալիևին չես արձագանքում, երբ քեզ նվաստացնում է, ասում է՝ որ խաղաղությանը չխոչընդոտեմ․ ի՞նչ խաղաղություն, ա՛րա։

Հարցնում են՝ ո՞ւր են գնացել Համահայկական հիմնարդամի փողերը, դրանք կոնկրետ նպատակի համար էին հանգանակվել, Փաշինյանը պատասխանում է՝ ուղղվել են պետության անհրաժեշտ կարիքների բավարարմանը։ Օրինակ՝ պետության անհրաժեշտ կարիք է համարվել Ալեն Սիմոնյանին պետպատվերով բուժելը, աներձագ Հրաչին աշխատավարձ տալը, Նիկոլի ախռանան ավելացնելը, դիպուկահարներ վարձելը, ՔՊ-ականներին գործի տեղավորելը ու հավելավճար և պարգևավճար տալը, դրա՞ վրա եք ծախսել։

Գիտե՞ք, մինչ Նիկոլ Փաշինյանի ԱԺ մտնելը բոլոր սեղաններից հավաքել էին ջրի շշերը, ալկոգելերը, երևի գիտեին, որ էդ պատասխանները, որ հնչեցնում են, շշահարումների արժանի են։

Ի՜նչ խոսք, ամենահետաքրքիրը Քրիստինե Վարդանյանինն էր, նա ցույց տվեց քարվաճառցի աղջկա գրառումը․ սեփական տունն ու դպրոցը թշնամուն հանձնելուց և փախստական դառնալուց առաջ գրատախտակին գրել էր․ «Անիծվեք դուք՝ թուրք շներ և հայ դավաճաններ։ Չեք մարսելու»։ Այո, մենք պետք է խոստանանք, որ չեն մարսելու, ո՛չ թուրք շները, ո՛չ կապիտուլյանտ դավաճանները։

Ամբողջ հարցուպատասխանից միակ կարևոր բանը, որ իմացանք, այն էր, որ Հայաստանի ղեկավարությունն այս պահին ինչ-որ գործարքի մեջ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ի՞նչ են քննարկում, ի՞նչ կարող է անել հանուն սեփական շահերի, էլ ի՞նչ են հանձնելու․ վստահ եմ՝ շուտով ամեն ինչ ջրի երես դուրս կգա։

Կարճ ասած՝ այս ողբալի իրականությունը, որ մենք տեսանք ԱԺ ամբիոնից, մեր եռամյա սխալների պատկերն է։ Հարցուպատասխանը ցույց տվեց՝ ինչքան մեղկ վիճակի մեջ է կառավարությունը, ուրեմն՝ նաև երկիրը։ Ամեն օր, բառացիորեն ամեն օր մենք ամաչում ենք, երբ սրանք բեմ են դուրս գալիս, քոմենթ են անում, ստատուս են գրում, գործուղումների են գնում կամ ամոթի պատճառով չեն գնում։ Սա սարսափելի է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ