Այսօր աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ։ Աշխատող մարդու համար թերևս ամենակարևորն է, որ լինի բավարարված իր աշխատանքով, եթե հնարավոր է հաճույք ստանա իր գործից։ Ամբողջ տարին աշխատելուց հետո հարմար օր է, որ վերլուծի՝ լավ, իմ աշխատանքն ինչ արդյունք ունի, իմ աշխատանքը բավարարո՞ւմ է ինձ ու նրանց, ում վրա էդ աշխատանքն անդրադառնում է։ Իրոք շատ կարևոր է, կարծում եմ, որ հասկանաս՝ քո աշխատանքը ում վրա ինչպես է ազդեցություն թողնում։ Պարզ օրինակ․ արտադրում ես լամպչկա, բայց երբ սպառողը գնում է դա ու նույն օրը այրվում է, քեզ սկսում է հայհոյել, ուրեմն քո աշխատանքը իր վրա բացասաբար է անդրադարձել, խաբվել է և այլն։
Հայաստանը հիմա գտնվում է աղետալի վատ վիճակում, Հայաստանը էսքան վատ վիճակ չեմ տեսել, բայց նաև չեմ էլ կարդացել, որ եղած լինի իմ, սերնդակիցներից առաջ։ Մեր այսօրվա վիճակն էն մասին է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարել, վատ են կատարել։ Հայաստանի անմենաձախողված իշխանությունը այսօրվա իշխանությունն է, ՔՊ-ականներն են։ Դա ընդունում են երևի բոլորը։ Իրենք էլ են ընդունում, ի միջի այլոց։ Նիկոլն ինքը դա ընդունում է, ուղղակի ասում է իմ ձախողման մեղավորը ես չեմ, ժամանակին էսպես, կրթությունը էսպես, Ղարաբաղը, թշնամու հողերը գրավել էինք, նախկինները, ռուսները, հնդիկները և այլն։
Ինչո՞ւ իշխանությունը ձախողվեց, ինչի՞ պատճառով․ ձեզանից շատերը համոզված են, որ դավաճանության պատճառով, մի մասը կասի՝ որովհետև գործակալ են, մյուս մասը կասի՝ դրսի կոնտրոլի տակ են կամ անբաշար են և այլն։ Հնչած կարծիքները իհարկե ունեն ապրելու իրավունք։ 2018-ին կային մարդիկ, որ ասում էին՝ չի կարելի սրանց իշխանություն տալ, հո խաղ չենք անում՝ երկիր ա։ Ժողովուրդը ոտքի չէր ելել Նիկոլին և էսօրվա իշխանության մեջ գտնվող որևէ մեկին իշխանություն բերելու համար։ Ժողովուրդը ոտքի էր ելել նախկին իշխանությանը հեռացնելու համար, որովհետև շատերը և գլխավորապես՝ Նիկոլը ասում էին՝ լավ չեն աշխատում։ Ու ժողովուրդը համաձայն էր։ Հիշո՞ւմ եք, խոսք կար, որ՝ ով էլ գա ավելի լավ կլինի։ Ի՞նչ էին ասում մարդիկ, ասում էին՝ զինվորը սահմանը պահում է, անվտանգությունն ապահովված է, իշխանություն էլ զբաղված է թալանով, բյուջեն թալանում են, հարկ չեն մուծում, փողերը ճամպրուկներով տանում են Բաղրամյան 26։ Նիկոլն ասաց հենց ես լինեմ, էլ չեն տանի նախագահական, բյուջեն կեռապատկվի, 10 մլն դրսի հայերը ներդրումները կվերցնեն կգան, մե հրաշք։ Անցել է 6 տարի, ու աշխատանքի փոխարեն տեսել ենք ելույթներ աշխատելու մասին, տեսել ենք խոստումներ, կենացներ։ Լսել ենք բալոնների, տենիկայի, լիֆտերի, սամալյոտի, բամբակի, շաքարի, հայկական ավտոմքենայի և այլ գործարանների մասին, որոնք սաղ սուտ են դուրս եկել։ Որովհետև որպես վարչապետ, քո աշխատանքը չես կատարել, միայն խոսել ես, կենացներ ասել։
2018 թվականին խոստանում էիր 5 տարում աղքատությունը իջեցնել ամենացածր մակարդակի, 6 տարի անց խոսում ես շուրջ 25 տոկոս աղքատության մասին, այնինչ քեզնից առաջ ավելի քիչ էր։ Սա քո տապալումն է։ Ու հիմա ասում ես՝ մարդն աղքատ է, որովհետև անգրագետ է, կրթությունը չի ստացել, սխալ էր կրությունը և այլն։ Սերժի վախտ ասում էիր մարդը աղքատ է, որովհետև թալանում են, քո վախտ ավելի աղքատ է, ասում ես՝ որովհետև անգրագետ է, չի կարում աշխատի։ Բայց մի րոպե, 2018 թվականին չէիր ասում դուք հարուստ չեք, որովհետև կրթություն չունեք, ասում էիր դուք խելացի, աշխատասեր ժողովուրդ ենք, ուղղակի ձեզ թալանում են։ Հիմա ավելի աղքատ են, ուրեմն դու ավելի շատ ե՞ս թալանում։ Իսկ կարող ա՞ հիմա ճամպրուկների փոխարեն ֆուռերով են փողեր մուծվում։ Որովհետև քեզ ընտրած ժողովրդի վիճակը ծայրահեղ վատ է, բայց դու ինքդ, որ կրթություն չունես, ԱԺ-ում ու կառավարության տարբեր սենյակներում լիքը ՔՊ-ականներ, որ կրթություն չունեն, ձեզ լավ էլ դզել եք, բա էդ ո՞նց ա, կասի քեզ իշխանության բերած միջին վիճակագրական քաղաքացին։
Լավ, տնտեսության ուղղությամբ չես աշխատել ի շահ ընդհանուրի, ձեզ համար ես աշխատել, իսկ ի՞նչ ես արել մյուս ոլորտներում, օրինակ՝ դիվանագիտության մեջ։ Ասում էիք՝ քանի որ իշխանությունները կոռումպացված են, լեգիտիմ չեն, դրա համար էլ միջազգային ճնշումների տակ են, ղարաբաղյան հարցում փոխզիջումների են գնում։ Բա ի՞նչ իրավունք ունեք փոխզիջումներից խոսելու, երբ Ադրբեջանը չի ասել ինչ է փոխզիջելու։ Մենք նոր ենք, լեգիտիմ և այլն։ Արտաքին քաղաքականության մեջ ձեր առաջին քայլը ո՞րն էր, հիշում ե՞ք։ Մատ թափ տվեցիք աշխարհի վրա, թե՛ սաղդ պարտավոր եք հաշվի նստել մեր հեղափոխության հետ՝մոտավորապես վախեցնելով, թե եթե իրենց խելոք չպահեն, իրենց երկրներում էլ հեղափոխություն կանեք։ Հետո Զոհրաբ Մնացականյանին դրեցիք արտաքին գործերի նախարար, ասացիք լավ դիվանագետ է, չնայած նախկին է, ու Նիկոլը, որ ոչ մի կրթություն չուներ, դիվանագետին թելադրեց արտաքին քաղաքականությունը ինչ անի, նա էլ խելոք-խելոք արեց ու ունեցան ձախողումներ իրար հետևից։ Լրիվ անկախ Արցախի միջազգայնորեն ճանաչումը, Ցեղասպանության հարցը, պրավալ տվեցին, ոչ մի դաշնակից ձեռք չբերեցին, եղածների հետ էլ հակառակորդ դարձան։ Հը՞, լա՞վ եք աշխատել։ Նիկոլը որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որը մեր երկրի քաղզքացի էր, հետ կանչեց, տարավ դատարան, ՆԱՏՕ-ի հակառակ կառույցի հեղինակությունը միջազգայնորեն պախարակեց։ Ու էս խայտառակ պայմաններում արտգործնախարարը, Պաշտպանության նախարարը ծպտուն չհանեցին, մնացին հետը, հը՞, լավ աշխատեցի՞ն։
Գնաց Արցախ, գոռաց Հայաստան է և վերջ, հուլիսյան մարտերը սարքեց նոր Սարդարապատ, սադրեց, բերեց պատերազմ, հանձնեց ու էդ ամենից հետո շարունակեց նույն տեմպով։ Նիկոլի աշխատանքի արդյունքը գիտե՞ք որն է մեր երկրի համար․ այն, որ հիմա ազգովի, Նիկոլն էլ հետներս, կերազենք, որ լինենք 2018 թվականի էն վիճակում, երբ Նիկոլին հանձնվեց իշխանությունը։ Ժողովուրդը հիմա կերազի, որ արտաքին կապերով, սահմաներով, անվտանգությամբ, սոցիալական վիճակով, բանակով լինի գոնե 2018-ի մակարդակում։ Իրոք որ, կերազենք։
Այսօր ակցիա էին անում 2023 թվականի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղի զորանոցում զոհված զինծառայողների հարազատները․ շուրջ տարիուկես է՝ գործը տեղից չի շարժվում, Նիկոլը առաջին օրը ինչ վարկած ասել է, դա են քննում։ Ծնողները չեն հավատում, թե աֆիցերը բենզինը լցրեց վառարանի մեջ ու 15 զինվոր զոհվեց։ Ծնողները բողոքում են, որ զինվորը քնում է զինվորի համար հակացուցված պայմաններում, ու դա Սուրեն Պապիկյանի չաշխատանքի արդյունքն է։ Էն, որ բանակում ունենք մի տարում 80-ից ավելի զոհ ենք ունենում ոչ մարտական պայմաններում, Պապիկյանի շնորհքն է։
Էս սխալներն ու էս ձախողումները ձեր չաշխատելու արդյունքն են։ Այսինքն աշխատել եք, բայց ձեր աշխատելու արդյունքում Ադրբեջանը հայտնվել է երջանկության մեջ, 7-րդ երկնքում սավառնում է։ Դու չես կարող բանակը քանդել, հողը հանձնել ու ասել տես ես հողը հանձնել եմ, Ադրբեջանի երազանքներն իրականացրել եմ, բայց մայրաքաղաքում թազա ավտոբուսներ եմ բերել։ Ջհանդամը բերեիր, ինձ իմ հողն է պետք։ Ինձ պետք է իմ անվտանգությունը, իմ սահմաններն ու բանակը, էն 80-ականների զենքը, կոնսերվայի բանկեքը, որ էնքան պինդ էին տեղադրված, որ 30 տարի չէին խախտվում, մեր հովիվն ու իր հոտը չէր գողանում թուրքը։ Ալիևն էսօր ասում է՝ Հայաստանի հետ բանակցություներն ընթանում են Ադրբեջանի կազմած փաստաթղթերի հիման վրա։ Հենց սա էն մասին է, որ դու աշխատում ես, այո, բայց թուրքերի օգտին է քո արած աշխատանքը, ոչ մեր։
Կարճ ասած՝ երեկ ազգային ժողովում լիքը ՔՊ-ականեր իրար հերթ չտալով կոկորդն ու ընդհանրապես՝ մարմնի մի շարք մասեր պատռում էին՝ էլ թիկնապահ, էլ մուտիլովչիկ լրագրողի դաստիարակություն, նախկին բարքեր և այլն։ Վերցնենք սովորական, հին, 80-ականների քարե կշեռք, մի նժարին դնենք ՀՀ առաջաջին երեք նախագահների ժամանակների բոլոր սխալները, թերությունները, բոլոր բացասական երևույթները, որ նկատել եք, 1991-2018 թվականների ընթացքում եղած բոլոր բացասականը։ Մյուս նժարի վրա դրեք Նիկոլի 6 տարիների ունեցած բոլոր բացասականներից ընդամենը 2-ը՝ հայրենիքի հանձնումը և Եռաբլուրը, մյուսները չեմ ասում, իրենց հղփացած պաշտոնյաներին չեմ ասում, թալանը չեմ ասում, ժամ առ ժամ հարստանալը չեմ ասում, անվտանգության հերն անիծելը չեմ ասում, գրպանային ոստիկանությունը ու դատական համակարգը․․․ մենակ հողերի հանձնումը ու զոհերը․ ո՞ր նժարը ավելի ծանր կգա ու անվերականգնելի։ Դուք ինչ էլ ասեք, ոնց էլ քննադատեք, մեկ է՝ դրանից իրականությունը չի փոխվում, որ դուք հողատու եք։
Դա, այո, ձեր աշխատանքի արդյունքն է, որի համար հարևան պետությունը ձեզ մեդալ էլ կտա։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը