02 04 2021

«Կարճ ասած»․ Ուղղակի եկեք դուրս գանք փողոց ու ավարտենք էս ծաղրը



 

Վերջին ժամանակներում թեմաները, որոնք մեր երկրում հրատապ քննարկման և լուծման անհրաժեշտություն ունեն, չափազանց շատ են։ Ժողովորդի մի մասի համար ամենաանհրաժեշտը սոցիալ-տնտեսականերնն են, քանի որ իրենց առաջին հերթին իրենց ապրելակերպն է մտահոգում, շատերի համար էլ, սոցիալ-տնտեսականն առաջին տեղում չեն․ ոչ թե նրա համար, որ, ասենք, փողերի մեջ լողում են, այլ ուղղակի հասկանում են, որ եթե սոցիալական այդ թեմաները կարող են ժամանակի ընթացքում լուծում ստանալ, եթե ունենանք նորմալ իշխանություն, ապա անվտանգությունը, սահմանները, արտաքին հարցերը կարող են այնպես խառնել իրար, որ այլևս կարգավորել հնարավոր չլինի, եթե անգամ ամնենաազգային իշխանությունը գա։ 

Պետության կյանքի որ ոլորտը ուզում ես՝ վերցրու, առանց բացառության, խայտառակ վիճակ է։ Եթե ինքս իմ այս հաղորդումը դարձնեմ ամենօրյա ու տևողությունը կրկնապատկեմ, ես միայն մեկ տարի կխոսեմ սրանց ստեղծած խնդիրների մասին՝ առանց կրկնվելու։ Այդքան շատ են։ Բայց այդ բոլորը ու լուծումը կապված է մեկ մարդու հետ։ Նիկոլը որքան մնում է, այնքան դժվար է դառնում խնդիրների լուծումը, իսկ ապագայում կդառնա լրիվ անհնար։

Մեր երկրում կան լիքը հարցեր, բայց այսօր քննարկման երեք հրատապ բաներից երկուսը դատական աբսուրդներն էին։ Մենք արդյո՞ք պետք է ժամանակ ունենայինք աբսուրդ բաներով զբաղվելու համար, այլ անելիք չկա՞ր։ Բայց մեզ փաստի առաջ են կանգնեցրել։

Հետպատերազմական երկրում, երբ վտանգն ամեն քայլի մեր գլխին կախված է, դատական նիստ է տեղի ունենում այն բանի համար, որ վարչապետը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ապօրինի ազատել է աշխատանքից։ Դատարանը որոշում է կայացրել, որոշումը չի կատարվել, ու շարունակվում է էլի ինչոր դատական նիստ։ Սա, այն դատավորն է, որին որոշում կայացնելուց առաջ այցելել էին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանն էլ, դատական նիստի ընթացքում դատավորին ասում է, թե չեղարկեք ձեր որոշոմը, որովհետև չենք կատարելու։

Օրվա մյուս անհեթեթությունը մյուս դատական գործն էր՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին։ Փաստաբանը դատավորին հարց է տալիս՝ մենք այստեղ ի՞նչ գործ ենք քննում, ո՞ր հոդվածով, կարո՞ղ եք ասել։ Դատավորը հարցին չի կարողանում պատասխանել․ ինչո՞ւ, որովհետև չի կարող ասել՝ քննում եմ գործ, որի հիմք հոդվածը չկա։ Եթե չկա, բա ինչի՞ ես մարդկանց բերել- նստացրել էդտեղ, ի՞նչ իրավունքով և լիազորությամբ, պարապ ե՞ք մնացել, թե՝ մենք ենք պարապ ու անգրագետ։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ 300,1 հոդվածը հակասահմանադրական է, դատավորը փոխանակ գործը կարճելուն, նիստերն է հետաձգում, մեկ ժամ ընդմիջում է հայտարարում երկու էջ քսերոքս անելու համար, դատախազները նիստերի դահլիճ գալու փոխարեն ինտեռնետով են հետևում դատական նիստին։ Սա դատական ծաղր է։

Սահմանադրական դատարանի որոշումը կատարելու փոխարեն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է նույն Սահմանադրական դատարան՝ խայտառակ դիմումով։ Գլխավոր դատախազը թույլտվություն է խնդրում, որ այլ մեղադրանք առաջադրի, ինչի իրավունք ՍԴ որոշումը չի տվել։ Ասում է՝ անվավեր է, հակասահմանադրական։ Է՞լ ինչ, կհարցնի ցանկացածը։ Էս մարդը կատարում է սորոսականների ցանկությունը, նրանց պլանը, ովքեր ՍԴ որոշումից հետո շոկի մեջ էին ու պահանջում էին անպայման մեղադրանք փոխել, բայց խափանման միջոցի մեջ պահել Քոչարյանին։ Միմիայն իրենք, այդ սորոսական ապազգային հատվածն էր, որ նման մտքեր էր արտահայտում, ու մեկ էլ գլխավոր դատախազը, այսօր։

Հայաստանն ունի էս պահին լիքը գերիներ, երկրում ունի սահմանադրական տապալված կարգ, ոչ լեգիտիմ իշխանություն, որին մեկ բառով են դիմում՝ դավաճան, քաոս է տիրում պարզապես, դատախազը դրանցով չի զբաղվում, սրանց համար կարևորը որքան հնարավոր է՝ Քոչարյանի գործին կառչած մնալն է, ինչ-որ կերպ այս խայտառակ վիճակը շարունակելն է, ու չգիտես թե ինչու։ Չէ, այնպես չէ, որ չգիտենք, թե ինչու են սորոսական կամակատարները ուզում, որ Քոչարյանը լինի կալանքի տակ, դա գիտենք, որովհետև պլաներ ունեն դեռ, Սյունիք ու Գեղարքունիքը դեռ չեն փոխանցելլ Ադրբեջանին, իսկ խանգարող կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, այ դրա համար պետք է մեկուսացված լինի։ Իսկ դատախազների ջանքերը իրոք չեմ հասկանում։ Ախր դատախազներն էլ հո հայ են, բան չունե՞ն կորցնելու, հայրենի՞ք չունեն, սրտները չի՞ ցավում, որ այս օտարածին մանկլավիկները դրած երկիրը մաս-մաս են անում։

Ասում են՝ կարողա՞ դատախազը փող ա աշխատում․ չեմ ուզում հավատամ, որ կարելի է փողով հայրենիք ծախել, գլխիս մեջ չի տեղավորվում։

Համացանցում հրապարակվել է Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանի շքեղ դղյակի լուսանկարը, որը կառուցել է 43 մլն դրամով, իսկ արժեքը մինչև 1 մլն դոլար է։ Հիմա էս մարդը ապօրինի հարստացման գործերն է քննում ու հայտարարություներով է հանդես գալիս։ Հիմա էս մարդը ունի չէ՞, կորցնելու բան՝ ով գիտի՝ պաշտոնից մինչև ազատություն, պետք է առաջին հերթին իր ունեցվածքը քննվի, չէ՞։ Գուցե դրա համար է կառչել այս գործից։ Մյուս դատախազները՝ գործով ներգրավված, պաշտոնի բարձրացում են ունեցել։ Գուցե անկեղծորեն ուզում են ավարտել, բայց խորն են խրվել ցեխի մեջ։

Դատախազներն էլ ժողովրդի մի մասն են, վերջապես։ Մեր ժողովրդի մեջ կան հատվածներ, որոնք մինչև հիմա չեն ուզում ընդունել, հասկանալ, որ իրենք սխալվել են, մոլորվել են։ Ընդ որում, հենց այն, որ Նիկոլը դեռ որոշ թվով աջակիցներ ունի էս պահին, հենց դա է նաև բացատրությունը, մարդիկ դժվարությամբ են ընդունում իրենց մեղքը, մեղավորությունը։ Հիմա մենք ուզում ենք դատախազներն այդքան հեշտ ընդունե՞ն, այն էլ՝ քաղաքական պատվերի առկայության պարագայում։ Իսկ որ, քաղաքական պատվեր է, կարծում եմ, ոչ ոք այլևս չի կասկածում։

Ստացվում է, որ հենց այս պահին մեր երկրում ամենամեծ անարդարութունը, սրիկայությունը, պատվերը, վախը մի ոլորտում է, որը արդարադատությամբ է զբաղվում։ Հիմա, եթե էս խայտառակությունն է արդարադատության ոլորտում, մենք էլ ի՞նչ ենք սպասում մեր երկրից, կյանքից։ Հայաստանում գոյություն ունի քրեական ենթամշակույթով, գողական բարքերով առաջնորդվող արդարադատություն։

Այս ապօրինությունների, շինծու գործերի կողքին այսօր նաև իրական իրադարձություն կար․ քաղաքացիների սքո երթն էր Եռաբլուր։ Ապրիլյան պատերազմի տարելիցն էր, ու մենք էլի հիշեցինք մեր ցավը։ Այսօր սգացող ծնողների կողքին հանգիստ Եռաբլուր բարձրացան թուրք սիրողները, թուրք ներողները, հողերը ծախածները, ու բարձրացան բոլորի պես հավասար, նույն ծաղիկները ձեռքերին․ մեկի դեմքին ու մտքում վրեժ էր, մյուսին՝ ցավ, մեկելին՝ հանգստություն, որ իր պլաններն աշխատել են։ Ու եթե զոհերի հարազատները չէին խուսափում բարձրախոսից, ներկայացնում էին իրենց զավակների հերոսությունները, իշխանականները փախչում էին միկրոֆոնից, իրենց «քաջությունների» մասին չէին խոսում։ Պաշտպանության նախարարն արդեն երկրորդ անգամ Եռաբլուրում հարց տվողներին ասում է՝ էսօր օրը չէ, տեղը չէ։ Պատերազմում զոհվածների գերեզմանի մոտ եթե պատերազմից խոսելու տեղը չէ, բա ո՞րտեղ է, Վաղարշակ, ռեստորանու՞մ։

Իրավունքի ուժով գենշտաբի պետ աշխատող Արտակ Դավթյանը երեք րոպեանոց հարցազրույց է տալիս ու բառիս բուն իմաստով իրեն խայտառակում է․ մարդն ասում է՝ «Եթե ապրիլյանից դասեր չքաղեինք, 44 օրյա պատերազմը կտևեր 15-20 օր և կկորցնեինք ամբողջ Արցախը»։ Այս միտքը ցնդաբանություն է անգամ սխալված լինելու դեպքում։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը դիտմամբ ընտրում Ճ կլասի ու դրանից էլ դեռ ցածր կլասի պաշտոնյաների։ Ասեմ։ Որովհետև իրեն պետք է, որ իր կադրերը ուղեղի, փորձի իմաստով, մակարդակով լինեն իրեն հավասար, եթե մի քիչ բարձր լինեն, կերևա իր միջակությունը։

Սա՛ է մեր երկրում կատարվում։ ԱԽ քարտուղարը ասում է՝ թուրքերը մեզ թշնամի չեն, ԱԺ փոխխոսնակն ասում է՝ լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի, իշխանական պատգամավորն ասում է՝ Քարվաճառը մերը չէր։ Կարո՞ղ եք հիշել մի ժամանակ, որ էսքան պետականազուրկ լինեն իշխող թիմի անդամները։ Սրանք դաս չեն քաղել ոչ մի արհավիրքից։

Կարճ ասած՝ գնալով անհամատեղելի է դառնում մեր և մեր երկրում իշխող այս խմբակի՝ նույն հողում ապրելը․ դեռ ոչ մի անգամ չի ընդգծվել այս հողում այսքան արժանիների ու անարժանների համատեղ գոյությունը։

Սա ծաղր է, աղետ է, ողբերգություն է, եկեք ավարտենք սա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ