Եվ այսպես, Սահմանադարական դատարանը որոշեց, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին, հակասահմանադրական է և այսուհետ` անվավեր։ Վաղը դատական նիստ է նշանակված, ու Աննա Դանիբեկյանը պետք է կարճի գործը։ Այլ տարբերակ ուղակի չկա, քանի որ այդ հոդվածը այլևս գոյություն չունի։ Բայց շեշտեմ, որ այդ գործով անցնողներն արդարացվում են և ոչ միայն նրա համար որ հոդվածն է վերանում, այլև ու հատկապես, քանի որ այդ հոդվածը լինելով էն գլխից պրոբլեմատիկ, դրանով բերել-կարել էին այդ նախկին բարձրաստիճան գործիչների վրա։ Այսինքն, խնդիրը չի եղել ինչ-որ հանցագործություն բացահայտել, այլ ուղակի գործ լինի, որով հնարավոր լինի Քոչարյանին մեկուսացնել, գեներալներին էլ հեռու պահել բանակից։
Շուրջ 3 տարի է՝ մեր երկրի իրավական, տնտեսական, քաղաքական կյանքը կանգ է առել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման կարված գործի պատճառով, բոլորս էս գործի գերին ենք դարձել, էլ չասեմ՝ իշխանությունն ու մեղադրվողները առաջին հերթին ու պարզվում է, որ գործն էլ, հոդվածն էլ հակասահմանադրական են։ Սակայն, մյուս կողմից էլ, էսօ՛ր պարզ չդարձավ դրա ապօրինի լինելը։ Էդ մասին հայտարարում էին վաղուց՝ միջազգային փորձագետները, հեղինականվոր փաստաբանները դա էին ասում, Հայաստանյան փաստաբանական էլիտան դա էր ասում, դա էին ասում բոլոր խելքը գլխին դատավորները, հրապարակային, թե ոչ։
Այսինքն՝ բոլորը, ու առաջինը հենց իշխանությունները գիտեին, որ գործը հակասահմանադրական է, մեղադրանքը շինծու է։ Թե ինչու էր գործը բացվել, այդ մասին էլ վաղուց ասել եմ, սա Շուշին հանձնելու համար գործ էր։ Մեղադրանքով ծանրաբեռնեցին արցախյան պատերազմում դերակատար գործիչներին, այն ազատագրած անձանց, շեղեցին ուշադրությունը և հանձնեցին հողերը։ Ու էդ ամբողջ ընթացքում հանրության ուշադրությունը շեղում էին, թե՝ մարտի 1 ենք բացահայտում, կերակրում էին օդով, ստերով, վախերով, անգամ տնտեսական կյանքն էր կանգ առել էս գործի պատճառով։
Ու ի՞նչ, սահմանադրական դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին ու գեներալներին։ ՍԴ որոշումը սառը ցնցուխ էր շատերի համար։ Նիկոլական իրավաբաններն ու սորոսական գործիչները լրիվ բացեցին իրենց դեմքը, կոչ էին անում փոխել մեղադրանքը, չէին հաշտվում այս ամենի մեջ, ինֆարկտ էին ստանում, անգամ ասում են՝ որոշների համար շտապօգնություն են կանչել։ Փոխանակ մարդիկ ուրախանային, որ հաղթել է արդարությունը ու Սահմանադրական դատարանը գոնե երեք տարի անց ասել է, որ անմեղ մարդկանց եք դատում, նրանք մատ էին թափ տալիս ուսապարկերի պահեստի վրա, թե՝ այ ազգային ժողով, սա չէ՞ ձեր բերած Սահմանադրական դատարանը, բա էն անդամներին ինչի՞ փոխեցինք, ինչի՞ մեր կադրերը բերեցինք, բա մենք ամեն ինչ արեցինք, որ Քոչարյանը նստի։ Մարդիկ բաց տեքստով ասում են՝ բա իրենց ընտրել էիք ՍԴ անդամ, որ Քոչարյանին փակեն, ի՞նչ օրենք, ի՞նչ սահմանադրություն։ Սահմանադրությունը ընդհանրապես ո՞ւմ ա պետք։ Բա շուտ արեք, մեղադրանք փոխեք։ Բոլորն են խաղաքարտերը բացել, առաջ էլի գոնե դերասանություն էին անում, էլի ասում էին իրավական երկիր, արդարություն, արդարադատություն, ֆլան-ֆստան։ Այս որոշումը, ի վերջո, ցույց տվեց, թե ովքեր են մղկտում ՍԴ որոշման համար և ովքեր էին ուզում ինչ գնով էլ լինի կալանավորված տեսնել Քոչարյանին։
Այդ ընթացքում իմ երկրի նախկին նախագահը, փաստորեն, շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ, 537 օր 65 տարեկան մարդը գտնվել է սահմանափակումների տակ և պարտադրված՝ ամեն երեքշաբթի եկել-կանգնել է դատարանի առաջ այն հոդվածով, որը Սահմանադրությանը հակասող էր դեռ էն գլխից։ ՀԱՊԿ-ում խայտառակ ենք եղել՝ Յուրի Խաչատուրովին հանցագործ անվանելով, Խաչատուրովին անգամ թույլ չէին տալիս գնալ ծնողների գերեզմանին։ Միքայել Հարությունյանը չկարողացավ գալ Հայաստան և օգտակար լինել արցախյան պատերազմում։ Ի վերջո, սահմանադրական դատարանի վրա վայրենի հարձակումը հիշում ենք՝ սկսզբում գրչի պատմությունը, մինչև Այո-ի քարոզարշավ, որը բերեց համավարակի տարածմանը։ Սա վայրենի ցեղախմբի հարցձակում էր։ Նիկոլը դատարանի կազմը փոխեց և որքան կարողացավ, իր սրտի ուզած մարդկանցով լցրեց։ Բայց ուշագրավը հենց դա է, որ որոշումը հակասահմանադրական համարեցին ՍԴ բոլոր դատավորները։ Էն կարգի հակասահմանադրական էր, որ անգամ Նիկոլի՝ հենց էդ նպատակով նշանակված կադրերը հակառակն ասացին։ Իրականում նրանք չուզեցան մասնակցել Փաշինյանի ու Սասունի՝ 2018-ին կարված ջուր գործին։
Հիմա հարց՝ էս ամենի համար ո՞վ պետք է պատասխան տա ու երբ։ ՀՔԾ-ն՝ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ, կարել է հակասահմանադրական գործ, քննիչները սարքել են գործը, դատախազները՝ Արթուր Դավթյանի գլխավորությամբ, պաշտպանել են մեղադրանքը։ Դատավորները մեկը մյուսի հետևից կալանք էին տալիս ու թողնում անփոփոխ։ Էն դատավորները, որոնք կալանքը մերժում էին, նրանց նկատմամբ քրգործեր էին հարուցվում, վերաննիչ դատարանի դատավորն անգամ չէր էլ լսում պաշտպանական կողմին, վճռաբեկը բեկանում էր վերաքննիչի ակտը ու էլի կալանավորում Քոչարյանին։ Հիշեցնեմ, խոսքը անկախ Հայաստանի և անկախ Արցախի նախկին նախագահի մասին է, ոչ թե Էրդողանի, կամ Ալիևի։ Պատկերացնու՞մ եք ինչքան ջանքեր են դրվել որ հաղթած նախագահին պահեն կալանքի տակ, որ ի՞նչ, ցավոք արդեն բոլորս գիտենք, թե ինչի համար էր այդ ամենը։ Այսինքն, բոլոր օղակները խրված են եղել այս ապօրինի գործում։ Շվեյցարիան հրաժարվել էր աշխատել մեր կառավարության հետ՝ ասելով, թե գործը քաղաքական է, ինտերպոլը հրաժարվել էր նույն պատճառով։ Կրկնում եմ, սա գլխացավանք էր բոլորի համար էլ։ Բայց պետք է սրա համար պատասխան տրվի։ Հիմա սկսելու է արդեն գործից թռնելու փուլը՝ ես մեղավոր չեմ, ինձ զանգել էին, ինձ գործ էին խոստացել, իմ պաշտոնն էին բարձրացրել, ինձ ծեծում էին, ինձ աթոռից էին կապել, ինձ աթոռից էին գցում։ Այս վնգստոցը հիմա ենք լսելու։ Բայց պետք է տալ պատասխանը, ի վերջո։ Դատախազ Բաղդասարյան, բա իրավաբան եք, չէի՞ք տեսնում, որ հակասահմանադրական հոդվածով գործ եք պաշտպանում, բա տեսա՞ք, որ Շուշին ազատագրելու համար էիք դատում։ Ասում էր «Բաղդասարյնը չի օգտագործվում, Բաղդասարյանը օգտագործում ա»․ հիմա ո՞վ ու՞մ օգտագործեց։
Պետք է կոնկրետ մարդիկ հրաժարական տան՝ Նիկոլը, որ հրահանգներ էր տալիս դատավորներին, ՀՔԾ պետը, գլխավոր դատախազը։ Պետք է հրաժարականներին հաջորդի ներողությունը ու անպայման՝ փոխհատուցումը։ Բայց գիտե՞ք ինչ, ցավն այն է, որ այս որոշումը եղավ շատ ուշացած, եղավ պետականության քայքայմանը զուգընթաց ու անհնար եղավ կանխել հայրենիքը թուրքին զիջելը։
Բայց երևում է, որ սա դեռ վերջը չէ․ Նիկոլը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել՝ ասելով՝ «Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»։ Նիկոլ Փաշինյանը սրանով բացեիբաց հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումները կայացրել է ինքը։ Եթե սա իրավական պետություն է, վարչապետն ո՞վ է, որ որոշում կայացնի քննվող քրեական գործով։ Ի՞նչ է նշանակում՝ «կայացնենք որոշումներ»։ Դու ի՞նչ գործ ունես քրեական գործով որոշում կայացնելու հետ։ Դատախազությունը, որ հակասահմանադրական մեղադրանքը կրծքով պաշտպանում էր, անտարբեր է նաև Փաշինյանի ա՞յս հայտարարությանը։ Փաշինյանն ասում է, որ կլինի հասարակ համատիրության հարց, թե դատարանի ամենակարևոր վճիռ, որոշում կայացնողն ինքն է, ինքն է որոշում ում վրա գործ հարուցեն, ում նստացնեն, երբ պատերազմ լինի, քանի հոգի զոհվեն, ինչ տարածքներ տան։ Հիմա նա շարունակում է ասե՞լ, թելադրե՞լ։
Ի վերջո, պետք է հասկանալ մեկ բան՝ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե մեկնաբանելու համար է, այլ՝ պարզապես կատարելու։ Չկա որևէ ուժ, որևէ դատարան, որևէ պաշտոնյա, որը կարող է ազդել Բարձր դատարանի կայացրած որոշման վրա։ Դա ձեր համար սեփական բուդկա չէ։
Կարճ ասած՝ մարտի 26-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը մեր պետության ողբերգությունն էր։ Եթե սա լիներ մեկ տարի առաջ, մենք էսօր էս վիճակում չէինք լինի, ավելին ասեմ, եթե դատախազները, քննիչները սա հասկանային, իրենց ապօրինությունները հասկանային երկու տարի առաջ, չգնային այդ քայլին, այսօր չէինք ունենա կիսահայաստան։
Այս գործի իրավական արդյունքն այն եղավ, որ եթե մեր երկրում կային թեկուզ մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ, որ համարում էին մեղավոր, նրանց աչքերն էլ բացվեց։ Երկրորդ նախագահն արդարացվեց։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը