27 03 2021

Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական. Արթուր Վանեցյան. Hraparak.am

Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական. Արթուր Վանեցյան. Hraparak.am

«Հրապարակ»ը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՍԴ որոշման մասին զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Հրապարակ- Պարո՛ն Վանեցյան, ՍԴ երեկվա որոշումը սառը ցնցուղ էր շատերի համար։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ առաջիկա քաղաքական պրոցեսների համար։

Արթուր Վանեցյան- Այդ որոշումը ես համարում եմ տրամաբանական արդյունք և պետության համար շատ կարևոր հանգրվան՝ առաջին հերթին իրավունքի տեսակետից: Քաղաքական պրոցեսներն այս դեպքում երկրորդական են: Շատ կարևոր է, որ երկրում գործում են ինստիտուտներ, որոնք արձանագրում են իրավունքի գերակայությունը՝ անկախ տվյալ պահի քաղաքական իշխանության ցանկությունից: Տխրահռչակ 300.1 հոդվածն ինձ համար շատ վաղուց էր հակասահմանադրական:

 Հրապարակ- Պարո՛ն Վանեցյան, կա տարածված տեսակետ, որ հենց այս թեման էր Ձեր հրաժարականի և հայտնի «Կանգ առ»-ի  հիմքում: Սրա՞ մասին էիք դուք ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալիս զգուշացնում գործող իշխանությանը։

 Արթուր Վանեցյան- Համարենք, որ դա «Կանգ առ»-ի կարևոր  կետերից մեկն էր: Այո՛, ես երբեք չեմ թաքցրել իմ տեսակետը թե՛ այս գործի, թե՛ ՍԴ-ի վրա ամիսներ տևող անթույլատրելի ճնշումների վերաբերյալ: Մենք այդ ժամանակը պետք է օգտագործեինք հասարակական համերաշխու­թյան վերականգնման և պատերազմից խուսափելու համար: ՍԴ-ի երեկվա որոշումն անձնապես ինձ համար ունի կարևոր նշանակություն․ իմ թիմակիցների, ինձ վստահող մարդկանց համար սա ևս մեկ ապացույց է, որ ես ժամանակին ճիշտ էի:

 Սա կարևոր է  դեռևս իշխանության մեջ գտնվողների համար, որ իմ զգուշացումների հիմքում բացառապես պետության շահն էր: Ստացվում է, որ հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մենք ունեցանք ներքին թշնամանք, լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ, անթույլատրելի լարվածություն ՀԱՊԿ-ում, բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի անկում և այլն:

 Հրապարակ- Դուք ասացիք, որ սա «Կանգ առ»-ի կարևոր,  բայց միակ թեման չէր։ Իսկ որո՞նք են մյուսները, կասե՞ք…

 Արթուր Վանեցյան- Իհարկե, կասեմ: «Կանգ առ»-ը թեև տեխնիկապես ուղղված էր մեկ հոգու, բայց ահազանգ էր՝ ողջ հասարակությանը, և դրա շատ կետեր ունեն նույն սրությունը: Այնպես որ, ես դրա մասին անպայման խոսելու եմ և՝ շուտով:

 Հրապարակ- Վերջին հարցը. ի՞նչ պետք է հետևի ՍԴ որոշմանը։

 Արթուր Վանեցյան- Հրաժարականներ․․․քաղաքական և իրավապահ համակարգից, ինչպես նաև մարդկային ներողամտության հայցում առնվազն այս հայտնի գործով հետապնդվողներից:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ