30 03 2021

«Կարճ ասած»․ Ի՞նչ հրահանգ են հիմա կատարում դատախազները՝ ՍԴ որոշումից հետո



 

Մենք ամեն անգամ զարմանում ենք, երբ մի ապօրինություն է տեղի ունենում մեր երկրում․ վայ տեսեք՝ վարչապետն ապօրինի հրահանգներ է տալիս, վայ տեսեք, նախագահը անգործություն արեց, վայ պատգամավորը հիմարություն է դուրս տալիս, դատավորը չի ուզում, բայց անում է, երևի զանգում են, նախարարը իր ընտանիքի աճը երկրի բյուջեի հետ է շփոթում և այլն։ Ժողովուրդ, սրանք մեզ դրդում են պաշտոնապես դադարել զարմանալ մեր երկրում կատարվող որևէ բանի վրա։ Փաշինյանը սիրում է աննախադեպ բառը և ուրեմն ասեմ․ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունենում Հայաստանում․ Աննա Դանիբեկյանը առաջին ու հույս ունեմ՝ միակ դատավորն է, որը գոյություն չունեցող հոդվածով քրեական գործ է վարում։ Չկա նման բան, ամենաբռնատիրական երկրում եթե ինչ-որ մեկին պատժել են ցանկանում, նշում են, թե ում կամքով և ինչի համար։ Սրանք ոչ միայն չեն նշում են, թե ում կամքով, մնում է ենթադրենք, իսկ թե ինչի համար, դա էլ չգիտենք։

Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում այլևս գոյություն չունի 300․1 հոդված։ Հոդված չկա, ուրեմն չի կարող լինել մեղադրանք, ամբաստանյալ, վկա և այլն։ Էսօրվա դատական նիստին Աննա Դանիբեկյանը պետք է դադարեցներ այդ հոդվածով քրեական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի, Արմեն Գևորգյանի նկատմամբ։ Բայց դատավորը կատարեց մի այնպիսի քայլ, որի արդյունքում իր վրա ծիծաղում են բոլորը։ Այնպիսի տպավորություն է, որ նա Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան գտնվեց։ Մարդը երևի մտածեց՝ ես ոնց դադարեցնեմ քրեական հետապնդումը, եթե սա ոչ թե քրեական հետապնդում էր ի սկզբանե, և ըստ երևույթին, այլ քաղաքական։

Դատական նիստը հետաձգվեց, քանզի նախկինում խրորխտ կեցվածքներով դատախազները չէին եկել դատարան։ Գուցե վախեցել էին, բայց ինչի՞ց։ Ամաչե՞լ էին, միգուցե։ Գային ի՞նչ ասեին։ Հենա հաջորդ նիստը դրել են, ապրիլի 2-ին․ կարծում եք՝ այդ օրը կներկայանա՞ն։ Դժվար, էլի կվախենան, կամաչեն, դուխները չի հերիքի, այդ օրը ընդանհրապես երես չեն ունենա, այսօրվա խայտառակությունից հետո։

Նոր միջնորդություն են պատրաստում ու ես ասեմ, թե ինչ միջնորդություն է․ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»։ Սահմանադրական դատարանը երեկ որոշումը հրապարակել է։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն արդեն «կարդացել է ՍԴ որոշումը, տեսել է մեջը ինչ է գրված և հետագայի համար կայացրել է որոշումներ», որը դատախազությունն արդեն պատրաստում է։ Այ դրա համար չեկան, կարող ենք մտածել։ Դատախազությունն ինչ ուզում է՝ թող անի, բայց փաստն այն է, որ այս պահին մեր երկրում հանցագործություն է տեղի ունենում, աչքներիս առաջ։ 4 հոգի, երեքը՝ գեներալ գնդապետ, պաշտպանության նախկին նախարար և գենշտաբի պետ և ՀՀ նախկին նախագահը այս պահին ունեն խափանման միջոց մի հոդվածով, որը չկա։ Այսինքն, կարող են ցանկացած քաղաքացու փողոցից բռնել, նրա վրա դնել գոյություն չունեցող հոդված և խափանման միջոց տալ։ Աբսուրդ է, ժողովուրդ։

Դատախազները, որ չէին եկել, համոզված եմ, ուղիղ եթերով նայում էին, թե ոնց են մենակ թողել Դանիբեկյանին ու նա ոնց է դուրս գալիս իրենց արածի տակից։ Ու ասեմ ձեզ, սա շատ ծանր քրեական մեղադրանք է, որի տակից որևէ դատավոր դուրս չի գա, նա կրելու է պատասխանատվություն այսօրվա իր քայլի համար։ Ու դա նրա համար անակնկալ չի լինելու․ նա արել է բան՝ հստակ իմանալով, որ ապօրինի է։ Մարդկանց ապօրինի թողել է խափանման միջոցի տակ։ Այլապես, եթե Բարձր դատարանտը որոշել է, որ նախագահ Քոչարյանն արդարացված է, ի՞նչ դատ պետք է շարունակի դատավորը, դատավորը ո՞վ է, որ դատ շարունակի, եթե օրենքը գոյություն չունի։ Դատավորն ինքը պետք է հրավիրեր դատական նիստ և կարդար իր՝ արդեն կայացրած որոշումը։ Սա այդպես կլիներ, եթե մենք ապրեինք օրինավոր երկրում, որտեղ դատավորին չեն զանգում, չեն ասում էսպես արա կամ մի արա։ Դանիբեկյանն այսօրվա նիստում կարդաց ոչ թե իր, այլ Փաշինյանի որոշումը։ Ու թե էլ ինչ որոշումներ կկայացնի Նիկոլը, կերևա արդեն ուրբաթ օրվա դատական նիստին։ Սա ծաղր էր արդարադատությանը։

Հիմա ինձ կոնկրետ հարցեր են հետաքրքրում․ առաջին․ Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելու պարագայում ինչ պետք է լինի։ Երկրորդ՝ ԲԴԽ-ն ունի՞ անելիք դատավորին կարգի հրավիրելու հարցում։ Երրորդ․ մարտի 1-ի դեպքերն ունեին երկու կողմ՝ իշխանություն, և ծայրահեղական ղեկավարներով և հրահրիչներով ընդդիմություն։ Հիմա ՍԴ-ն որոշեց, որ իշխանությունն անմեղ է։ Ուրեմն մնաց երկրորդ կողմը՝ Նիկոլը։ Դատախազությունը արդյո՞ք պետք է այդ երկրորդ կողմի մեղադրանքը թարմացնի։

Սահմանադրական դատարանն ապացուցեց, որ նախագահ Քոչարյանը և գեներալները քաղաքական հետապնդման են ենթարկվել։ Դատավորն էլ ասաց՝ այո, ենթարկվել են, հիմա էլ շարունակում ենք ենթարկել։ Ինչո՞ւ են շարունակում․ որովհետև Նիկոլի ծրագրերը դեռ առջևում են, էն ժամանակ էդ մարդիկ կարող էին խանգարել Արցախը հանձնելուն, հիմա էլ կարող են խանգարել թուրքի ճորտը դառնալուն, թուրքերի հետ հարաբերություններ զարգացնելուն։ Նոր բան պետք է մոգոնեն։

ԱԺ իշխանական փոխխոսնակ Լենա Նազարյանն ասում է, որ այլևս չեն խառնվում այս գործին, ու  իրավապահ մարմինները փոխանակ կանչեն, գործ հարուցեն, հասկանան, թե երբ են խառնվել ու ոնց, լուռ են։ Նիկոլն ասում է՝ կկարդամ ՍԴ որոշումը ու ըստ այդմ կորոշեմ ինչ անենք, ու դատախազությունը լուռ է։ Զանգում ենք, ասում են հեսա ճշտենք ու դառնում են անհասանելի։ Ենթադրում եմ, Նիկոլի հետ էին խոսում, կամ Աննա Վարդապետյանի, մտածում են՝ ոնց են սրա տակից դուրս գալու։

Կարճ ասած՝ իշխանությունը, ռեժիմը խուճապի մեջ է․ ինչ էլ որ էս գործով մտածեն, ապօրինություն են վերջում անելու, որովհետև անհնար է օրինական ճանապարհով դատել երկրորդ նախագահին ու գեներալներին։ Ռեժիմն էլ խուճապի մեջ է, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն էլ իր հերթին եկավ բարձրացնելու երկրորդ նախագահի աճող հեղինակությունը և ընդհակառակը՝ պատվիրոատու Նիկոլի դիրքերը ցածրացրին։

Ի վերջո, Սահմանադրական դատարանը փաստեց, որ Նախագահ Քոչարյանը, իր պաշտպանները, աջակիցներն ու թիմակիցները ճիշտ էին, Նիկոլը՝ սխալ։ Ու համոզված եմ՝ մարտի 1-ի գործը կարելու, պատվեր տալու, դատավորին զանգելու, ապօրինությունների փուլը ամբողջ ծավալով բացահայտվելու է։ Դա լինելու է հաստատ։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ