Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ ասել եմ քանիցս, ապրում է դժոխքում․ նա որևէ տեղ գնալու համար ստիպված է լաբիրինթոսով անցնել։ Նրա հետ միասին տառապում են, սակայն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, թիմ կոչված խաժամուժը, այո, ժողովուրդը նաև, մենք՝ լրագրողներս։ Նա Մոսկվա է գնում, և վաղ առավոտից ԱԱԾ-ն ու ոստիկանությունը իրենք են փողոցներ փակել, հազարներով լցվել են պողոտայի ամբողջ երկայնքով, որ կարողանա գնալ, թե չէ՝ արգելվելու էր ելքը երկրից։ Մոսկվայում նրան դիմավորում են ակցիաներով, պաստառներով, հայհոյանքներով։ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում և էդ մարդիկ էլ բարձրաձայնում են՝ մենք ժողովուրդն ենք, ու դու մեզ չես ներկայացնում։
Փաշինյանի Մոսկվա այցի հետ կապված ուշագրավ զարգացումներ եղան։ Կառավարությունը հերթական անգամ ապացուցեց, որ սուտ խոսելու թարկը չի տվել։ Արդեն պարզ է, ինչ էլ ստորագրի Փաշինյանը չի ունենալու իրավական որևէ ուժ, լեգիտիմություն, որովհետև նա չի ներկայացնում ժողովրդին այլևս։ Բայց, դա էլ մի կողմ, այս «նեղ-մաջալին» դարձյալ սուտ է, որ ասում են։ Նիկոլն ասում է, որ քննարկելու երկու թեմա կա․ գերիների, անհետ կորածների, դիերի հարցն ու տնտեսական ուղիների ապաշրջափակումը։ Մարդիկ ասում են՝ ահա, թողեք թող գնա բանակցի, մեր էրեխեքի համար է գնում։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվելու է ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանն առնչվող հարցերը։ Ի՜նչ գերի, ինչ բան։ Նիկոլի խոսնակն էլ հայտարարում է, թե զուտ տնտեսական հարցեր են քննարկելու, այն է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հետո ավելացնում, թե իհարկե, առանց գերիների հարցի, տնտեսական օրակարգն արդյունավետ չէ։ Բայց գերիների հարցն էլ օրակարգում չկա։ Ստացվում է աջաբսանդալ։ Սկի չեն էլ քննարկել, թե ինչ են քննարկելու։ Բա խիստ գաղտնիության պայմաններում ԱԱԾ տնօրենները մի քանի անգամ ինչի՞ են հանդիպել։
Ուզում եմ հասկանալ՝ գերիների հարցը ինչո՞ւ է կապվում տնտեսական թեմաների, կոմունիկացիաների հետ։ Ինչո՞ւ եք էդ համաձայնագրի բոլոր կետերը քննարկում ու լուծում, բայց գերիներինը՝ ոչ։ Գնում ես քննարկելու այն կետերը, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, բա որոնք մերն են, չես քննարկելու։ Նիկոլի խոսնակն ասում է, թե Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Դա լկտի սուտ է, քանի որ եթե քննարկում եք Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ տալու հարց, դա արդեն տարածքային հարց է։ Հայրենիքի, փրկության շարժումը բացատրություն էր պահանջել ԱԳ նախարարից, ԱԱԾ տնօրենից ու ԳՇ պետից։ Վերջին երկուսի՝ հանդիպումից հրաժարվելը արդեն նշանակում է, որ խուսափում են և դա էլ նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։
Հարցն այն է, որ մենք Նիկոլից ամեն օր սպասում ենք մի նոր վատ բանի՝ կլինի նոյեմբերի 9, հւնվարի 11, թե այլ օր, նա այլևս անընդունակ է շեղել անհաջողությունների անիվը։ Ու հիմա նա գնում է ճաշելու․ հասկանո՞ւմ եք, մի մարդու հետ, որին հանձնել է Հայաստանի, Արցախի հողերը, որ զոհեր, վիրավորներ, փախստականներ է պատճառել մեզ։ Այն մարդը, որը նույն քո ասելով, ահաբեկիչներ է վարձել ու ֆոսֆորային արկեր ուղարկել քաղաքացիական բնակչության վրա, գնալու ես հետը ճաշի նստես, ու քննարկես Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու հարց։ Ստացվում է՝ ինչ ծրագրել էիք, արեցիք, հիմա էլ նստելու եք մի կտոր հալալ հաց կիսեք։ Խելագարվելու բան է։ Մարդ մեկի հետ մի կենցաղային վեճ է ունենում, սկզբունքային վեճ է ունենում, որն իր համար կարևոր է, հրաժարվում է այլևս մյուսի հետ սեղան նստել․ սա մեր եղբայրների դիերը դեռ չստացած, գնում է հետը կերուխումի։
Իրավիճակը բոլորս ենք լավ հասկանում, ու մեզ սխալ է թվում, թե «Իմ քայլի» մեծամասնությունը ընդամենը անմեղսունակների խմբակ են․ նրանք էլ են հասկանում ու արդեն ապացուցել են քանիցս, որ այս ամենը ծրագրված գործողություն էր, իրենք էլ էն գլխից մասնակից են։ Մենք տեսանք, որ ևս մեկ իմքայլական, ցավոք՝ ընդամնեը հինգ, թե՝ վեցերորդը դուրս եկավ այդ խմբակցությունից՝ Սոֆիա Հովսեփյանը, ու թիմակիցները հարձակվեցին հոշոտելու։ Մենք տեսանք, թե ինչպես ընդամենը մեկ ժամում Նիկոլի խմբակցությունն ինքն իրեն փչացրեց։
Փաշինյանի աղետալի կադրային քաղաքականության մասին խոսում ենք դեռ 2018 թվականի մայիսից․ այն ժամանակվանից, երբ առաջին նշանակումներն արեց։ Իսկ երբ խորհրդարան մտցրեց քայլարածների 88 հոգանց անդեմ ցուցակը, արդեն հասկանալի էր, որ Հայաստանը ապագա չունի։ Էսօր այդ մասին բացեիբաց հայտարարում են իրենք՝ իմքայլականները։ Շաբաթ օրը նրանք բանավիճում էին, թե իրենցից որ մեկն է Նիկոլին ավելի լավ ուսապարկ աշխատում։ Նրանք պնդում էին, որ իրենք եղել են ոչ ոք և էս կյանքում ինչ-որ բանի՝ ուսապարկի մակարդակի գոնե հասել են Նիկոլի շնորհիվ։ ՔՊ կուսակցության ներկայացուցիչը ճիշտ հարց է տալիս․ ասում է՝ չլիներ «Իմ քայլի» ցուցակը, չլիներ Նիկոլը, քանի՞սն էին լինելու պատգամավորի ընտրողները։ Երևի թե ոչ ոք չէր լինելու։ Նիկոլը, իսկ ավելի ճիշտ՝ նրա ստերը չլինեին, էդ թիմի բոլոր պատգամավորները՝ առաձին վերցրած կամ խմբակային չէին հաղթահարի մեկ տոկոսը։ Ո՞ւմ էր ժողովուրդը ձայն տալու՝ միանգամից ԱԳ փոխնախարարի պոստին ծլած Ռուբինյանի՞ն, բեղավոր Քոչարյան Անդոնի՞ն, Եկատերինի՞ն, Շիշ բռնողի՞ն, թե՞ Նիկոլի խոսնակ աշխատած էն պատանուն․ ո՞ր մեկին էին ձայն տալու։ Իրենք էլ են դա հասկանում։ Խոստովանում են՝ առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ տեղում ուսապարկը, նոր երրրդից սկսած ինչ-որ անուններ։ Ո՛չ, հարգելիներս, երրորդ տեղում ռուպրն է, չորրրդում ձեռքին փաթաթած էն ձևական բինտը, 5-րդում էն էժանագին մայկան, որով զինվոր էր ներկայանում, վեցում սելֆիի ձողը։ Իրականում կարող ենք ասել, որ Նիկոլի պատգամավոր են աշխատում հավասարաչափ հենց այդ առարկաները։
Իմքայլական պատգամավորը, որը, վստահաբար, Նիկոլի ուսապարկից հետո է, ասում է՝ նրանք «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով են պատգամավոր, հիմա ո՞ւմ և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր։ Մի անհամեստ հարց՝ ժողովուրդը ձեզ ի՞նչ մանդատ է տվել ու ինչի համար է տվել։ Ինչո՞ւ էիք խաբում հանրությանը, ինչո՞ւ էիք ասում, թե գալիս եք, որ լավ ապրենք։ Եթե դու ասեիք, որ Սյունիքի մարզից գյուղեր եք տալու թշնամուն, Սյունքիում առաջին տեղը կբռնեի՞ք։ Եթե ասեիք, որ 5 հազար հոգի զոհվելու է, կգայի՞ն ձեր հետևից։ Եթե Գավառում ոչ թե ներդրողների 1 մլրդ դոլարանոց ցուցակ ցույց տայիք, այ ասեիք, որ ներդրումները փախչելու են, կգայի՞ն ձեր հետևից։ Եթե դուք ասեիք, որ էդ մանդատից ամենաշատը ադրբեջանցիներն են օգտվելու, ձեզ կքվեարկեի՞ն։ Եթե մարդկանց ասեիք՝ մանդատ տվեք, որ ձեզ ստորացնենք, արժանապատվությունից զրկենք, մանդատ կտայի՞ն։ Եթե իմանային, որ ադրբեջանցու ստրուկների են բերելու իշխանության, հրապարակ կգայի՞ն ձեզ համար։ Բա էն ժամանակ ասեիք, որ Շուրնուխից սկսած Ադբեջանն է, ասեիք, որ Որոտանի բնակիչները ձեր կարծիքով անօրինական են ապրել Ադրբեջանի տարածքում։ Բա ասեիք, որ Արցախը Ադրբեջան է և վերջ, իսկ Շուշին հանձնելու եք։ Բա ասեիք, տեսնեմ քանի՞ հոգի ձեզ ձայն կտար։ Ձեզ քարերով կլարեին հրապարակներից, ոչ թե ձայն կտային։
Գոնե մի անգամ հանդիպեք ձեր ընտրողների հետ․ թող Սյունեցի պատգամավորը, որ հազիվ մի քանի հոգու, էն էլ՝ իր մերձավորներից ու ընտանիքից, բերում է Նիկոլի հետ հանդիպման, կամ էլ էն մեծ-մեծ խոսացող, Սերժի վախտվա գայիշնիկ պատգամավորը միտինգ հրավիրեն Սյունիքում ու իրենց ընտրողին բացատրություններ տան։ Բա գնացեք մարդկանց հարցերին պատասխանեք, բա ինչու՞ եք պախկվում հարյուրավոր ոստիկանների մեջքի հետևում։ Մարդկանց խաբել եք ու առել քվեն, ու հիմա ասում եք՝ մեզ են ձեն տվե՞լ։ Այդ ուսապարկը ավելի օգտակար է, գոնե ինչ-որ բանի դեռ կծառայի․ իսկ որպես ի՞նչ են օգտագործում Նիկոլի դեպուտատներին, պետք եկած տեղը՝ կոճակ սեղմող, հայհոյող, թիմակցի տան վրա գնացող․ վախկոտներ։
Ասում եք՝ մենք տեղյակ չէինք, որ Նիկոլը կապիտուլյացիայի է գնում, տեղյակ չէիք, որ Արծրունը սուտ է ասում ամեն օր․ բա որովհետև դուք իր համար ընդամենը ուսապարկ եք եղել, իսկ ուսապարկին տեղյակ չեն պահում, թե մեջը ինչ են դնելու։
Էս մարդիկ՝ Նիկոլի թիմը, հիմա խոստովանում է՝ եթե Նիկոլը չլիներ, մենք չէինք լինի, կմնայինք զրո։ Նրանք սխալ չեն ասում, ուղղակի նրանք ասում են այն, ինչը մենք ասել ենք վաղուց։ Փաստացի, Փաշինյանն ասում է, որ իրեն մտածող, կարծիք ունեցող, խելացի պատգամավոր պետք չի եղել, ընտրել է մարդկանց, որոնք չեն տարբերվի ուսապարկից։ Դա հենց կոչվում է պոլի փետի սկզբունք։ Ցավոք, պետք է ընդգծեմ, որ ընդդիմության պայքարը, փաստրեն, անշունչ առարկաների դեմ է։
Անկեղծ ասած՝ ինձ թվում է, որ վաղուց ու շատ մարդիկ պետք է դուրս եկած լինեին էդ դավաճանական թիմից։ Պարզվեց՝ 88-ի մեջ 10 հոգի էլ չկա։ Մանդատը վայր դնողների նկատմամբ անմարդկային գրոհ է, ֆեյքերին քսի են տվել, դեռևս դուրս չեկածներին են հարվածում։ Հուսանք՝ կդիմանան, վախկոտներից, վախենալ պետք չէ։
Կարճ ասած՝ ժողովուրդ, այս ամենից պետք է դու վիրավորված լինեիր առաջին հերթին, բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել այդ ճամպրուկների պահեստին։ Իսկ եթե անկեղծորեն վիրավորվել ես, ուրեմն մի շարունակիր տանից հետևել, թե ինչպես են հա՛մ իրենց ծաղրում, հա՛մ քեզ։
Ի դեպ, եթե «Իմ քայլը» Նիկոլի ուսապարկն է, բա ու՞մ ուսապարկն է Նիկոլը, երևի Ալիևի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը