Այսօր առավոտ տեղի ունեցածի օրինակով, թերևս, կարելի է հիմնավորել, թե ինչու է ձախողում սպասվում Հայաստանի կառավարությանը նաև այս պաշտոնափոխություններից հետո։ Ուրեմն առավոտյան Փաշինյանը տարածքաին կառավարման նախարարության աշխատողներին է ներկայացնում իր սանիկին՝ Դավիթ Խուդաթյանին ու ասում՝ սա ձեր նոր նախարարն է, բայց մի նայեք, որ ջահել է, քանի որ սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու։ Մեկ-երկու ժամ հետո տեղի է ունենում կառավարության նիստ, Նիկոլը դիմում է այդ «երիտասարդ ու փորձառու» սանիկին ու հարցնում՝ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում մենք խոստացել էինք, որ հոկտեմբերին մանկապարտեզը կբացվի, բացվե՞լ է։ Սանիկը պատասխանում է՝ չէ, խնդիրներ են առաջացել։ Նիկոլը նեղսրտում է, ասում է՝ ես տեսախցիկների առաջ խոստացել եմ, ո՞նց թե չէ, «հիմա կարա՞ հանրապետության ժողովուրդն ասի Նիկոլը սուտասան է։ Կարա»։ Դու տեսախցիկների առաջ հազար հատ բան ես խոստացել ու սուտ է դուրս եկել։ Բայց այդ սանիկը՝ Խուդաթյանը, որին քիչ առաջ ասում էիր երիտասարդ է և փորձառու, եղել է հենց այդ մանկապարտեզի կառուցման պատասխանատուն՝ Արմավիրի մարզպետը։ Այսինքն դա, որ մեկ մարզում մեկ մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նրան նշանակում ես նախարար, որ հիմա էլ ձախողի հանրապետության մասշտաբո՞վ։ Որ մի տարի հետո էլի ջղայնանաս, ընդդիմադիր ելույթ ունենաս, ցույց տաս, որ վատ են աշխատում, խեղճ հարիֆն ինչ անի ու հանե՞ս։ Ի սկզբանե ես ձախողակների նշանակել, հիմա էլ շարունակում ես։
Նիկոլ Փաշիյանը ջղայնանում է, որ՝ ճռիկ-վռիկներ են անում, հանցավորությունը շատացել է, կրակում են աջ ու ձախ, հանում է իր դասընկերոջը ՆԳ նախարարի պաշտոնից, նշանակում է 30 տարեկան մի աղջկա։ Փորձը, բանը մի կողմ դնեմ, այ ընկեր էդ աղջիկն էլ հանցավորության շատացման պատասխանատուներից մեկը չէ՞ր։ Նա եղել է նույն ընկերոջդ՝ ՆԳ նախարարի տեղակալը։ Հիմա դու այդ արդեն սակավ փորձով ձախողածին մի աստիճան բարձրացնում ես, որ ի՞նչ անի, որը չէր արել դասընկերդ։ Եսիմ, ես դասըկերոջդ տեղը լինեի, քեզ կհարցնեի։ Իհարկե՝ ում էլ բերես նախարար, վիճակը չի բարեփոխվելու, ու դա, չզարմանաս, գալիս է քեզնից։ Ինչի գաղտնի՞ք է, որ ժողովրդին գիժ ես սարքել, ներվային, բոլորը բոլորին ատում են, բոլոր արժեքները պղծել եք, ստեղծագործող, պայքարող, իր երկիրը ու հայ լինելը սիրող, քրիստոնեական արժեքներով առաջնորդվող հասարակությունից սարքել եք անարժեք, անհայրենիք, խաբված, նվաստացված, սպառողների հասարակություն, բա ի՞նչ էիր ուզում։ 2018 թվականին որ մեր երկրում եղել է 20 հազար հանցագործություն, 2023-ին 40 հազար, դրա մեջ ՔՊ-ականները որքա՞ն ավանդ ունեն ու հատկապես՝ ՔՊ-ական քաղաքական վերնախավը, հլը հաշվեք, հետաքրքիր վերլուծություն դուրս կգա։
Նոյեմբերի 15-ին Նիկոլն ասում է՝ աջ ու ձախ կրակում են, իբր բան է բացահայտել, նյարդայնանում է, հաջորդ օրը կարդում ենք, որ փողային հարցերի հետ կապված ռազբորկա է եղել Երևանում, կրակոցներ են հնչել, 42 տարեկան մի տղամարդ մահացել է, Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ ստացել է հրազենային վնասվածք։ Նիկոլը խոսում է ռազբորկաներից ու կրակոցներից, իր թիմի անդամը հաջորդ օրը դրանց մեջ է։
ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթում է անում, հետո ասում է, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը քաղաքապետի՝ իշխանության թեկնածուն է, նրան Գյումրիում սիրում են, հարգում են։ Մի քանի օր անց էս թեկնածուի քեռու տղան և Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը ձերբակալվում են ապօրինի թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Հետո մամուլը գրում է, որ էդ ՔՊ-ական պատգամավորին էլ թմրանյութի թեստ ես պարտադրում ու դրական է դուրս գալիս, զանգում էլ են՝ չի հերքում, ի՞նչը հերքի, ո՞նց հերքի։ Քաղաքապետի թեկնածությունից հանում եք, բայց շարունակում է մնալ դեպուտատ։ Ու դարձյալ մամուլը գրում է էլի ՔՊ-ականների մասին, որոնք թեստ են հանձնել թմրանյութի ու դրական է պատասխանը։ Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկությունների որոշումը կայացրել է ՍՄՍ-ով, ալկոհոլի ազդեցության տակ։ Բայց ոնց կարդում ենք՝ իր թիմից ահագին մարդիկ էլ որոշումներ են կայացնում թմրանյութի ազդեցության տակ։ Ու հետո ասում են էս ի՞նչ ա երկրի վիճակը։ Բա ի՞նչ լինի։
Հա, աբսուրդը որն է, պարզվում է՝ սրանից աբսուրդ բան էլ կա․ էն նշածս ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է տալիս, թե՝ կուսակցության անունը չեմ ուզում գցեմ։ Էն թմրանյութ պատրաստող-օգտագործող՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու տղան, որ էլի ՔՊ-ական է, նա էլ դուրս է գալիս ՔՊ-ից, թե՝ բա չեմ ուզում ՔՊ-ի ու հուրքուրի տղու հեղինակությունը գցեմ։ Ձեր կուսակցության հեղինակությունը դրանով չի ընկել միայն, հլը մինչև ձեր՝ նարկոտիկի վրա բռնվելը ՔՊ հեղինակությունը ընկել է թալանով, կոռուպցիայով, հող հանձնելով, սուտ խոստումներով, ժողովրդին խաբելով, հիմարացնելով ու էդ կարգի լիքը բաներով, իսկ այն ինչ կատարվում է, այ էդ ամենից հետո ձեր այդ իբր հեղինակություն ունեցող կուսակցության ու նրա ղեկավարի անպատժելիությունից է։ Եթե ուզում եք մաքրել կուսակցությունը, հլը սաղ թմրամոլներին, հանցագործներին, թալանչիներին, դավաճաններին, ագենտներին, ձախողակներին հանեք կուսակցությունից, տեսնենք տակը քանի հոգի կմնա։
Ու երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այլևս չի հանդուրժելու հանցավորությունը, ճիշտ չի ասում, որովհետև այն պահին, երբ ասաց՝ պետք է այդ ամենին վերջ դրվի, պետք է նույն պահին կալանավորվեր իր ավտոշարասյան էն վարորդը, որը Սոնա Մնացականյանին գցեց ավտոյի տակ ու սպանեց, պետք է Նիկոլին էլ կանչեին հարցաքննության ու պատմեր, բացատրություն տար, թե ինչպես եղավ, որ վրաերթից հետո չպահանջեց կանգնեցնել մեքենան, քշեցին փախան։ Չէ բա սրանց ցինիզմը նայեք, Ալեն Սիմոնյանն ասում է՝ «Բոլորը գիտեն, որ որևիցե մեկը որևիցե մեկին չի գցել մեքենայի տակ»։ Բոլորը, քեզ հետ միասին, ճիշտ հակառակը գիտեն էլ, տեսանյութն էլ համացանցում է նույն օրվանից, վերցրեք նայեք, թե խմել-մոռացել եք։ Թե չէ՝ բա Սոնա Մնացականյանը իրան-իրան զոհվե՞ց։ Հանրապետությունում չի կարող հանցավորությունը նվազել, երբ վարչապետի ավտոն մարդ է գցում ավտոյի տակ ու քշում-փախչում է։ Էդ երկրում չի կարող հանցավորությունը նվազել, երբ պատգամավորիդ եղբայրը օրը ցերեկով մարդու վրա է կրակում, Երևանի կենտրոնում, հետո ինքն է մի քիչ մնում հիվանդանոցում, հետո շատ արագ վերադառնում իր տուն։
Նիկոլի ստեղծած համակարգը հանցավորություն է ծնում։ Մի քանի հազար անգամ ասել է՝ «պետք է այսպես անենք», մի քանի հազար անգամ ասել է՝ «այլևս երբեք այսինչ բանը չի լինելու»։ Բա ինչի՞ չեք արել, բա ինչի՞ է լինում։ Նիկոլն ասում էր՝ այլևս երբեք պետք է մեր զինվորի զոհվելու լուրը չդառնա սոսկ լրահոսի վերագիր, պետք է անենք հետևություններ, որ կանխվեն նման դեպքերը։ Էս տարի արդեն 40 դեպք եղել է։ Մի քանի օր առաջ զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտաբերվեց՝ կախված վիճակում։ 7 ամսվա ծառայող էր, ծնողների միակ որդին էր։ Հիմա 10 հատ էլ Սուրեն Պապիկյան փոխես, բանակում էդ դեպքերը չեն նվազելու, որովհետև քո թիմը ինքը ոչ թե հանցավորություն զսպող է, այլ՝ դրանք ստեղծող։ Պապիկյան Սուրենն ասում է՝ որ պաշտոնյան երեխային ազատում է բանակից, պետք է լյուստրացիայի ենթարկվի։ Լավ է ասում, ճիշտ է ասում, բայց դրա հաջորդ քայլը պետք է լիներ պարզելը, թե ոնց բանակից ազատվեցին Անդրանիկ Քոչարյանի կամ Վահագն Հովակիմյանի որդիները։ Բայց դա չի արող կարգավորել Պապիկյանը, որովհետև դուխ չունի, հնարավորություն չունի, որովհետև կլանային, կոռումպացված կուսակցական համակարգ է։
Մարդու իրավունքների պաշտպանի աչքի առաջ զոհված զինվորների ծնողներին քաշքշում են բերետավորները, ռիսկ չի անում ձայն հանել։ Արդարադատության նոր նախարար ունենք․ Սրբուհի Գալյանի աչքի առաջ ԱԺ ախռանիկները քաշքշում են կին լրագրողին, ձայն չի հանում։ Էդ նախարարը արդարադատության համակարգ կառուցող է՞։ Կրկնում եմ՝ այս իշխանությունը, բոլոր կառույցներով, ու իշխանության ղեկին կանգնածն անձամբ տեղով պրոբլեմ են։
Կարճ ասած՝ ում էլ նշանակես պաշտոնի, ձախողվելու է, պատճառը նշանակվողի ու նշակողի մասնագիտական ու թիմային որակներն են ու վերից վար քանդած համակարգը, որը կար ու հիմա չկա։ Որևէ կադրի նախարար նշանակելով՝ քո առաջին ու գուցե միակ նպատակը ոչ թե ոլորտի զարգացումն է, այլ՝ քո վախերը, քո վերջացած վարկանիշը, քո իշխանության պահպանումը ամեն գնով։ Դու ամենաշատ պաշտոնափոխություն կատարած մարդն ես Հայաստանի պատմության մեջ, բայց ո՛չ կոռուպցիան է վերանում, ո՛չ հանցավորությունը, ո՛չ անվտանգություն կա, ո՛չ մարդկանց վիճակն է լավանում։ Ում էլ նշանակես, քանի պաշտոնի էլ տեղափոխես, ամեն մեկի գրանցած արդյունքը ձախողումն է, որը խոստովանում ես։ Էս ամենի համար, կարծում եմ, պետք է պատասխանատվություն ստանձնել ու հեռանալ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը