2018 թվականին, հեղաշրջում արած և այդ հովերով ապրող երկրում, այսպես ասած՝ ափալ-թափալ լույս տեղավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Գուցե հեղինակը մտածում էր, որ այդ ժամանակ բարձր պոպուլյարությունը թույլ կտար հազարավոր օրինակներ վաճառել, փող աշխատել։ Գուցե հեղինակը չէր մտածում, հրատարակիչն էր նպատակադրվել մի բան էլ դրա վրա բռնել։ Գիրքն իրոք վաճառվեց, բայց Փաշինյանի ամբողջ գրքից մեջբերվեց ու հասարակության հիշողությունների մեջ մնաց ընդամենը մեկ հատված՝ Արցախի հողերը թշնամուն հանձնելու և խաղաղ ապրելու մասին։ 2,5 տարի հետո, պարզվեց, որ հենց դա էր հեղինակի երազանքը, որը ժամանակին ձևակերպել էր իր գրքում։
Կարճ ժամանակ անց՝ 2018թ․ հոկտեմբերին Մոսկվայում, ռուսերեն լեզվով, ապա Երևանում՝ հայերենով լույս տեսավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը։ Ռուսաստանում այն դարձավ բավականին հայտնի, իսկ Հայաստանում՝ ամենավաճառվող գիրքը։ Ռոբերտ Քոչարյանի գիրքը հողեր հանձնելու մասին չէր, ինչպես Նիկոլի գիրքը։ Այդ հողերը ազատագրելու մասին էր, դժվարությունների գնով պահելու ու զարգացնելու մասին էր։ Այն մասին էր, թե ինչպես չճանաչված փոքրիկ երկրին հաջողվեց պատերազմում հաղթել թվով ու ռազմական հզորությամբ տասնյակ անգամ գերազանցող հակառակորդին։ Բայց միայն պատերազմի մասին չէր, նաև այն մասին էր, թե ինչպես կարելի էր ճիշտ կառավարելով՝ 6 անգամ աճեցնել երկրի ՀՆԱ-ն, հարաբերություններ հաստատել ու զարգացնել տարբեր երկրների հետ, ընկերների, ընտանիքում դրվածքների, արժեքների մասին։
Եթե Նիկոլ Փաշինյանի գիրքը լույս տեսավ իր, այսպես ասած՝ ժողովրդականության գագաթնակետում, Ռոբերտ Քոչարւյանի գիրքը՝ հակառակը, այն ժամանակ, երբ ամեն ինչ արվում էր նրա անունը սևացնելու համար, երբ նա բանտում էր։ Պատկերացրեցիք, չէ՞, ժամանակը։ Ու էն ժամանակ, երբ Ռուսաստանում էդ գիրքը թռցնում էին, թռցնում ու ձեռքից ձեռք էին տալիս Հայաստանում ևս, այստեղ նաև գրաքննության շրջան էր։ Պաշտոնյաները իրենք վախենում էին գրախանութ մտնել ու գնել, փող էին տալիս, որ գիրքը գնեն, բայց հանկարծ չբերեն գործի տեղը, այլ դնեն մեքենայի մեջ կամ տանեն տուն։ Վախենում էին։ Մի անգամ ակցիա անողներն քաղաքապետին ցանկություն հայտնեցին նվիրել և տեսախցիկների առաջ մեկնած՝ գիրք-նվերը քաղաքապետն ձեռքը չվերցրեց՝ մտածելով որ կընկնի նիկոլական ղալմաղալի մեջ։ Ոչ բոլոր գրախանութներն էին համաձայնում վաճառել գիրքը, վաճառող ոչ բոլորն էին դնում առաջին շարքերում։ Բայց մեկ է՝ ամենապահանջված գիրքն էր։
Մեկ օր էլ պարզվեց՝ արգելված է գրքի գովազդը։ Այո, արգելված էր։ Երևանի քաղաքապետարանը երեք անգամ մերժեց գրքի գովազդի թույլտվություն տրամադրել։ Ասում էին, թե ինչ-որ չափանիշների չի համապատասխանում։ Ենթատեքստը հասկանալի էր՝ եթե մենք թույլ տանք Ռոբերտ Քոչարյանի գիրքը հայտնվի մայրաքաղաքի գովազդային վահանակներում, պատկերացնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանը դա տեսնելով՝ ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկներ։ Բայց այդ օրերին և հիմա, ի միայլոց, Երևանի գովազդային վահանակները լցված էին տարատեսակ աղբով, բառիս բուն իմաստով։ Այդ վահանակներում տեղ կար անգամ Նիկոլ Փաշինյանի՝ ախմախ ձեռագրի համար՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Այս մի տողի համար բազմամիլիոնանոց գումար բյուջեից դուրս գրվեց, այս հիմար ու դատարկագույն վերնագիրը տեղադրելու համար։ Սրա համար տեղ կար, գովազդային վահանակներում լիքը տեղ կար ինչ-որ անկապ ժպիտներ հավաքելու համար։ Բյուջե ա էլի, փողերը ուտենք-գնա, հետն էլ՝ Քոչարյանի գրքին տեղ չի մնա։
Հերոսներին վարկաբեկելու ժամանակներն էին, սևացնելու ժամանակներ էին։ Նիկոլին պետք էր, որ Ռոբերտ Քոչարյանը հանրության գիտակցության մեջ մտնի որպես սահմանադրական կարգ տապալող, մարտի 1 անող և այլն և այլն։ էդ հիմա է, որ ապացույց չունեցան, քրգործը քանդվեց, դարձավ պատուհաս, ու մեղադրվողների տեղերը փոխվեցին։ Շատ արագ Նիկոլին սկսեցին գոռալ սահմանադրական կարգ տապալող, հիմա, արդեն, մարդասպան ու դավաճան։ Բայց էն ժամանակ պաշտոնի եկած թրքսեր գործակալական ցանցին պետք էր, որ Քոչարյանը համարվեր սահմանադրական կարգ տապալող, գեներալները՝ Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Միքայել Հարությունյանը, նույնպես համարվեին հանցագործներ, մյուս գեներալները՝ տուշոնկա գողացողներ։ Սասուն Միքայելյանը՝ ազատամարտի՜կը, ասում էր, որ Ռադիոտուն ջարդելը ավելի կարևոր էր, քան Արցախը ազատագրելը, Արարատ Միրզոյանն ասում էր, թե քաղաքացու օրը ավելի կարևոր էր, քան Սահմանադրության օրն ու մյուս տոները, ՔՊ վարչության անդամն ասում էր, որ հերոսներին պետք է փնտրենք ոչ պատերազմի դաշտում, հերիք է հայրենասիրությունը կարևորեք։ Ու այդպես էլ եղավ։ Մեր ժամանակի հերոսը դարձավ չայի խոտ փաթեթավորողը, իսկ սահմանին կանգնած զինվորը՝ հանցագործ հրամանատարի հրաման կատարող։ Այո՛, այդպիսի ժամանակներ էին, ու դրանք մեր ազգի զգոնությունը բթացրին։ Բոլորին թվում էր, թե ուրախ են ապրելու այսուհետ, ճոխ ու անվտանգ, որովհետև Նիկոլը փրկիչ է, լիֆտում սաղ պայմանավորվել է, մեկնդմիշտ խաղաղություն է բերելու, Ալիևին ու Էրդողանին կզցնելու է, Պուտինին՝ էլ չասենք։ Ֆեյքերն էլ ամեն օր գրում էին, որ չէ, արդեն կզցրել է։
Հիմա այն մասին, թե ինչի համար եմ սա պատմում։
Դատարանը այսօր պարտավորեցրել է Երևանի վարչական շրջաններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի համար տրամադրել գովազդի թույլտվություն, ավելի ճիշտ՝ այս երկու տարին, որ թույլտվություն չի տվել, ոչ իրավաչափ է եղել, սխալ է եղել, անհիմն։ Ուզում եմ ասել, ի՞նչ կլիներ, եթե թույլտվությունը տրվեր հենց դիմելու ժամանակ, ինչպես օրենքն էր պահանջում։ Այն ժամանակ արգելվեց, ու հենց Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդի փոխարեն դրվեց Նիկոլ Փաշինյանի խզբզանքը, թե՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Հետո հայ հողի մի մասը դարձավ Ալիևի օջախը, ժողովրդի մի մասն էլ դարձան անհետ կորած, գերի, վիրավոր ու զոհված։ Որովհետև ուղեղները բթացված էր։ Իմ կարծիքով, ինչքան շատ մարդ կարդար Ռոբերտ Քոչարյանի գիրքը, էնքան շատ մարդ չէր կորցնի ադեկվատությունը այդ համընդհանուր կուրության ժամանակ։ Կհասկանար հայրենիքի արժեքը, Արցախի արժեքը, երկիրը շենացնելու, տնտեսական առաջընթացի արժեքը, լավը վատը կտարբերեր իրարից։ Կիմանային ինչ է նշանակում լինել իրապես ուժեղ ղեկավար, կհամեմատեին Նիկոլի կառավարման ձևի ու ոճի հետ, կհասկանային, որ սա տանում է մեզ կոլափսի ու գուցե զգոն կլինեին, մի օր էլ ոտքի կանգնեին, թույլ չէին տա այս ամենը հասներ էս օրին։ Էն ժամանակ բթացրել էին մեր զգոնությունը, ու սա՛ պետք է լիներ։
Հեղափոխությունից ի վեր ամեն ինչում փիար կար, պատերազմն էլ էր փիար, պատերազմից հետո էլ փիար էին անգամ խեղճ գերիներով։ Պատկերացնո՞ւմ եք ստորության աստիճանը, Նիկոլը, Արայիկ Հարությունյանը մատը մատին չեն խփել գերիների վերադարձի համար, այդ ուղղությամբ աշխատել են Ռուսաստանն ու մեր ճանաչված իրավաբանները, որոնց մի մասը սև էր կոչվում իշխանության սխալները ցույց տալու համար։ Իշխանությունը թաքնվել էր, թեմայից խուսափում էր, ասում էր՝ Ռուսաստանին դիմել ենք, Պուտինին ենք դիմել։ Բայց հենց գերիների մի մասին բերեցին, անմիջապես սկսեցին իրենք իրենց գովազդ անել։ Պատանդները առաջին հերթին պատանդ էին Նիկոլի պատճառով և իրականում՝ պատանդ էին նրա ապիկար իշխանության ձեռքին։ Բայց այսօր գովազդվում են։ Գովազդ է սրանց համար նաև համազգային սգո երթը։ Դա հասկացել են զոհերի հարազատներից շատերը և պահանջում են նրանից երթին չմասնակցել, ոտքը Եռաբլուր չդնել։
Կարճ ասած՝ մենք այսօր հնձում ենք այն, ինչ ցանել ենք։ Ցանել ենք պոպուլիզմ, հնձում ենք սա՝ մեր հայրենիքի մեկ երրորդը էլ մերը չէ։ Նիկոլը խոսում էր բնակչության թվի ավելացման մասին, 5 հազար հոգի պատերազմը կերավ, 3 հազար հոգու կորոնավիրուսը կերավ, շատերն էլ մտածում են սահմանները բացվելու պարագայում արտագաղթի մասին։ Նիկոլը տնտեսական հեղափոխությունից էր խոսում, այսօր համահայկական հանգանակություններով են թոշակ տալիս։ Վա՞ղը ինչ է լինելու։ Հեղափոխության փչած փուչիկները պայթում են, շատ աղմկոտ ու շատ արագ, որովհետև դատարկ էին, այն էն Նիկոլի խզբզանքի պես։ Մնում են արժեքները։ Տեսանք, թե ինչն էր, որն էր մնայուն արժեքը։ Մնացել է, ժողովուրդ, հեռացնեք ևս մեկ պայթած փուչիկի ու հասկանանք՝ ո՞նց ենք այս ամենի տակից դուրս գալու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը