Հայաստանն ու Սփյուռքը փոթորկել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու ելույթը։ Վերջին տարիներին բազմաթիվ ելույթներ ենք լսել Նիկոլ Փաշինյանից, որոնք ամեն մեկը մի ուղղությամբ ուրացում, դավաճանություն ենք համարել․ Արցախի ինքնորոշման նշաձողն իջեցնելու մասին ելույթը որքա՞ն փոթորկեց, կարող էի նույնքանը հանձնել առանց զոհերի, պատերազմը չկանգնեցրի, որ ինձ չասեն դավաճան և այլ ելույթները։ Ելույթից ելույթ ժողովրդի վերաբերմունքը փոխվում էր, բողոքի ակցիաներին փոխարինում էին պարզապես նրանից աճող դժգոհությունը, աջակիցների շարքերի մաշումը, և հանրության գլխավոր արձագանքը դառնում էր այն, որ՝ «Նիկոլն ա, էլի, նրանից ամեն ինչ սպասելի է»։ Նիկոլ Փաշինյանը, որ կասկածի տակ էր դրել Արևմտյան Հայաստանը, Արցախը, մեր սահմանները, մեր արժեքները, օրերս էլ կասկածի տակ դրեց Հայոց ցեղապսնությունը։
Հաճախ եմ լսում տարբեր մարդկանցից, որ ասում են՝ Հայաստանում հաստատված է թուրքական իշխանություն։ Վերջերս ակցիայի ժամանակ նախկին վարչապետներից մեկն ասում էր՝ սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Հայաստանում։ Չենք կարող վերջնականորեն ասել, որ Նիկոլը թուրքերի պատրաստած-ներդրած գործիչ է կամ գործակալ է կամ հենց թուրքական իշխանության ներկայացուցիչ է, բայց որ մեր երկրում կայացվող բազմաթիվ խոսույթները ու հետո որոշումներ ձեռնտու են միմիայն թուրքերին, ակնհայտ է։
Երբ որևէ երկրում իշխանության են գալիս, այն ծրագրեը կամ էն, ինչ իր գլխում կա, հո միանգամից չի՞ իրականացնում։ Ոչ, իհարկե, սովորեցնելով, քայլ առ քայլ, կառավարման ժամկետի ընթացքում է արվում։ Պատկերացրեք մի պահ, որ իրոք, Հայաստանի ղեկավար է ընտրվել ծպտված թուրք, կամ թուրքերի կողմից ներդրված մարդ։ Աներևակայելի բան չէ, զարմանալու էլ չէ, պատմության մեջ կան այդպիսի օրինակներ։ Հիմա իրավիճակը պատկերացնում ենք, որ հասկանանք, իսկ ի՞նչ կլիներ եթե այդպես լիներ։ Հայաստանի վերաբերյալ իր, կամ իրեն ուղորդողը իր ծրագրերը հո մի որոշամբ ու կտրուկ չէ՞ր լուծելու, չէ՞։ Կսահմաներ հերթականություն, գիծ, պլան։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, Հայաստանի բոլոր անվանի գործիչներին, հերոսներին, գեներալներին հանրությունից կմեկուսացներ կամ կվարկաբեկեր։ Թեկուզ որ որևէ գեներալի, հերոսի կոչով որևէ մեկը զենք չվերցներ, օրինակ։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հետևողական քայլերով իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին կհանձնե՞ր Արցախը, հետո դե երևի բոլորին կհամոզեր, որ վերջ, այդ էջը փակված է, մոռացե՛ք, Մինսկի խումբ-բան, սաղ լուծարել կտար, կարգելեր որ արտաբերեն Արցախ բառը ու հա, ամենակարևորը, կհամոզեր, որ այդ Արցախ, պայքար բանը այդ բոլորը ռուսի սարքածն էր, որ մեզ իր ազդեցության տակ պահեր։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, ամեն ինչ կաներ Հայաստանը մեկուսացնելու, դաշնակիցներից զրկելու, զինվելուց զրկելու համար։ Պատկերացնու՞մ եք, որքան ջանք պետք կլիներ գործադրել, որ բերեր, հասցներ էն վիճակին, որ փողը մուծեինք՝ զենք չտային, զենք առնեինք՝ որևէ երկիր չթողներ իր տարածքով բերենք։ Մենք միշտ մեծ ազդեցություն ենք ունեցել այլ երկրներում, նաև մեր մեծաքանակ ու ազդեցիկ Սփյուռքի մեր հայրենակիցներով։ Շատ շատերը հարուստ են, ազդեցիկ, կապերով, տաղանդով, հայտնի են և այլ։ Բոլորս գիտենք, տեղյակ ենք, հպարտանում ենք։ Հիմա, իսկ ի՞նչ կաներ Հայաստանի մի ղեկավար, եթե լիներ թուրք․ հետևողականորեն կկտրեր կապերը այդ ազդեցիկ հայրենակիցների հետ․ քիչ-քիչ կկտրեր, չէ՞, սփյուռքահայերի ոտքը ստեղից, կհիասթափեցներ մայր հայրենիքից, այդպե՞ս չէ՞, դա չի եղե՞լ մեր հարևան Թուրքիայի երազանքը։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, ժողովրդին կճնշեր հարկերով, տուրքերով, տուգանքներով, որպեսզի լինեին ճմշման ու հսկողության տակ, որ հանկարծ չթպրտան, չհարստանան, սկսեն մի քիչ էլ մտածել այլ ավելի արժեքավոր բաների մասին, քան միայն կենցաղն է։
Ի՞նչ կաներ Հայաստանի ղեկավարը, եթե լիներ թուրք․ իհարկե, առաջին հերթին, կկատարեր այն, ինչի մասին խոսում են բոլոր թուրքական իշխանությունները, արդեն 100 տարուց ավելի․ կասկածի տակ կդներ և մի օր կուրանար Հայոց ցեղասպանության փաստը և արդարության հաստատման ազգային ձգտումը։ Հետևողական, քայլ առ քայլ, հայտարարելով, թե պետք է լայն քննություն լինի՝ հասկանալու համար իրականում ինչ էր դա, հետո կասեր, որ հավասարաչափ մեղավոր են թե՛ հայերը, թե՛ թուրքերը, թե՛ էն կողքի մողքի ազգերը, օրինակ՝ ռուսները, որ թշնամացրել են երկու բարեկամ ժողովուրդներին։ Դա է միշտ եղել մեր հարևանի ձգտումը, դա են միշտ իրենք փորձել քարոզել մեր ազգին՝ հույս ունենալով, որ դե մի օր կմոռանան, կանցնի։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ թուրք, հաջորդ քայլով կասեր մոռանանք խնդիրները, քանդենք սահմանները ապրենք բարեկամների պես, նրանք գան մեր երկրում ապրեն, մենք գնանք իրենց երկրում ապրենք։ Ի միջի այլոց, այդ նույն խոսույթներով են կերակրել նախորդ դարի սկզբին հայերին արևմտյան Հայաստանում ու դե չակերտներում «բարեկամանալը» տեսել ենք։
Հայաստանի ղեկավարի ազգանունն ավարտվում է յանով, բայց մեր երկրում հերթականությամբ կատարվում է այն, ինչ թուրքերի, ադրբեջանցիների սրտով է։ Այս ամենը միանգամից չի արվել, չէ՞, էս ամենը, արվել ու արվում է հերթով, քայլ առ քայլ․ սկզբում դիմադրել եք, որոշներդ ասել եք ավելի լավ ա սենց, քան նախկինները հետ գան․, հիմարագույն թեզ, բայց որը աշխատեցրել են, ի դեպ էլի թուրք ադրբեջանցիների հետ համատեղ․ բացեք կարդացեք հարևան երկրների խոսույթը մեր ներքաղաքականի մասին, նրանք սարսափում են այստեղի իշխանափոխության հեռանկարներից։ Ռոբերտ Քոչարյանը մինչ հիմա համարվում է համար մեկ խոչընդոտող ՀՀ ղեկավարը իրենց ցանկալի պլանների մասով։
Հունվարի 24-ին Շվեյցարիայում տեղի հայ համայնքի մի 10-15 ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կասկածի տակ է դրել Հայոց Ցեղասպանությունը՝ ասելով՝ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»: Նախ թվականների մասին աբսուրդի մասին։ Հայերը մինչև 1950 թվականն էլ Ցեղասպանության մասին հա՛մ խոսել են, հա՛մ էլ վրիժառուները գործել են։ Բայց 1939 թվականին Հայոց ցեղասպանություն արտահայտությունը չի եղել, որովհետև ՄԱԿ-ը 1946 թվականից է այդ եզրույթը ճանաչել որպես հանցագործություն մարդկության դեմ։ Հիմա կասեք, դե անգրագետ է, երևի, նոր պետք ա ծանոթանա պատմությանը։ Լավ ելի, եկեք այդքան միամիտ չլինենք, հերիք է։
Հրեաների Հոլոքոստը տեղի է ունեցել 1933 թվականից, երբ Հիտլերը իշխանության գալով սկսել է նրանց դեմ ծրագրերը, օրենքները, համեկնտրոնացման ճամբարները, գետտոները, կոտորածները տեղի են ունեցել 1941-45թթ․, բայց Հոլոքոստ տերմինը տարածվել է 1950 թվականից։ Բայց դա չի նշանակում, որ մինչև այդ Հրեաների ցեղասպանության մասին չի խոսվել։ Նիկոլի մյուս ասելիքն էն ա, որ ինչ-որ մեկը, նկատի ունի ըստ էության ռուսը, մեզ գլխի է գցել, որ ընկալենք, որ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այսինքն, մեզ համոզում է, որ դե տենց բան չի եղել, ռուսն է կողքից եկել, մեզ բաներ սովորացրել, որ եսիմ ինչ․․․։ Ու այստեղ է, որ հիմա դեռ կասկածի տակ է դնում, ասում է՝ պետք է հասկանանք եղել է, թե չի եղել։ Տասնամյակներ Թուրքիան ասել է՝ եկեք ուսումնասիրեն պատմաբանները, հասկանան՝ եղել է ցեղասպանություն, թե առաջին համաշխարհայինի տարիներին եղել են մի քանի սև կետեր։ Իսկ Հայաստանի իշխանությունը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման ժամանակ, պատասխանել է Էրդողանի նամակին, որ դա պատմաբանների քննարկելու բանը չէ․ դա պատմական փաստ է։ ՀՀ իշխանությունները մտածել են, որ թուրքական իշխանությունը, ի վերջո, մի օր ճանաչելու է իր պատմության այդ ամենադատապարտելի էջը։ Բայց որ Հայաստանի իշխանությունն է ուրանալու, ոչ մեկի մտքով չի անցել, դաժե թուրքերի։ Չկա ցեղասպանության ենթարված ժողովուրդ, որի ղեկավարն ուրանա այդ ոճիրը․ դա անում են կատարողները։ Իսկ շատ դեպքերում կատարողներն էլ չեն ժխտում, ստիպված։
Նիկոլ Փաշինյանը ելույթն ունեցել է Շվեյցարիայում․ մի երկրում, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, կասկածի տակ առնելը քրեորեն հետապնդեի արարք է։ Այդ ամենին հնարավոր է եղել, կատարելով մեծաքանակ ու շատ դժվար աշխատանք, պետության, Սփյուռքի կողմից։ Հիշեցնեմ, 2007 թվականին Շվեյցարիայի դատարանը պայմանական ազատազրկման էր դատապարտել և տուգանել էր Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանության ուրացման համար: 15 տարի անց նույն Շվեյցարայում փերինչեքություն է անում ՀՀ ղեկավար Նիկոլը։ Էն ժամանակ մի փորձագետ կար Վլադիմիր Վարդանյան անունով, ասում էր, որ Փերինչեքի գործը առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում։ Հիմա էդ տղան ԱԺ ՔՊ խմբակցության անդամ է, իր ղեկավարը անում է նույն փերինչեքությունը և ի՞նչ, նորմա՞լ է, Վլադիմիր։
Հայաստանում Նիկոլն ունի աջակիցներ, որոնք ասում են՝ Շուշին մերը չէր, Արցախը մերը չէր․ վստահաբար՝ Սփյուռքում էլ կան նիկոլականներ, ու որոնք էլ հենց գնում են նրա հետ հանդիպելու։ Ու լավ է, որ նրանց թիվը մատերի վրա հաշվելու է, այլապես Շվեյցարիայում ապրող 4500 հայից 10 հոգու չէր հանդիպի։ Բայց հարցն այն է, որ Շվեյցարիայի հայ համայնքի ճնշող մեծամասնությունը հենց Ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են, ու հենց նրանց ներկայությամբ է ուրացել Ցեղասպանությունը, իրենց պապերի հիշատակն անարգել է։ Փաշինյանի ուրացումը տեղի է ունեցել ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ։ Այդ կինը, որ 1995 թվականից ԱԳՆ համակարգում է, սովորել է Փարիզում, ուր ևս Ցեղասպանության ժխտումը քրեականացված է, դեսպան է եղել, նախարարի օգնական է եղել, այն երկրում, ուր հավատարմագրված է, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է, իր ներկայությամբ կասկածի տակ են առնում ու լռու՞մ է։ Ախար, ո՞նց էլի, տիկին դեսպան։ Միայն չասե՛ք, թե ԱԳ նախրարն էլ է պատմաբան, ախար։
Գեներալների ներկայությամբ վարկաբեկում է բանակը, ձայն չեն հանում, դատախազի ներկայությամբ հանցանք է գործում, դեսպանների ներկայությամբ ոտնատակ է տալիս արտաքին քաղաքականությունը, պատգամավորների ներկայությամբ ժխտում է Արցախը, Սփյուռքի ներկայությամբ կասկածի տակ է դնում Սփյուռքը, ասում են Նիկոլն ա, էլի․ չկա մեկը, որ ասի չեմ աշխատում էս մարդու հետ։ Հետևից հայհոյում են ու համարում բավարարված։ Եթե վաղը Նիկոլը գովաբանի պեդոֆիլիան, էլի կասեն Նիկոլն ա, էլի։ Իրենց բարձր աշխատավարձե՞րն է այս լռության, հանցակցության գինը։
Սա Ցեղասպանության զոհերի հիշատակի անարգում է, մեր երկրի ջանքերը ջուրը նետել է, սա վիրավորանք է բոլոր այն երկրների, միջազգային կառույցների հասցեին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բանաձևեր ընդունել։ Հիմա Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը, որ վատամարդ են եղել Թուրքիայի հետ, հարաբերութուն են փչացրել ու ճանաչել, բայց դա չեն արել քեզ համար, այլ՝ ճշմարտության համար, տեսնում են, որ Հայաստանի ղեկավարն ինքը ուրանում է Ցեղասպանությունը, քեզ որպես պետության ղեկավար, մեզ որպես պետություն ու ժողովուրդ, ազգ, ո՞նց պետք է ընդունեն, ո՞նց պետք է անհրաժեշության դեպքում ձեռք մեկնեն։ Նույնն էլ, Արցախի հետ տեղի ունեցավ, երբ մենք ձեռքներս քաշեցինք, վրայից, տարան ու մեկը չեղավ որ աջակցի։ Բա ի՞նչ էինք ուզում, ուզում էինք ուրիշը գար մեր հայրենակիցներին պաշտպաներ, երբ մենք ուրանում էինք, պետության անունից։
Կարճ ասած՝ Հետաքրքիր է, այս նկարում, որ ծաղիկներ է խոնարհում, ի՞նչի մասին է մտածում, արդյո՞ք սա ավելի շուտ ծաղրի մասին չէ, քան հարգանքի տուրք մատուցելու։ Փաշինյանի արածը մեր ինքնության դեմ գնալ է։ Փաշինյանը մեր երկիրը վարի է տալիս բոլոր տեսանկյուններից, հնարավոր ամեն ինչով։ Ցավոք, մեր երկիրը գրավված է ներսից։ Մեր երկրում այսօր գերակայում են մեր թշնամի երկրների ցանկությունները, որոնք և կատարվում են։ Կատարվում է ամենը, ինչ կերազեր ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Դեռ հարցեր մնացի՞ն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը