30 01 2025

Սրանք պարզապես թվեր չեն․ Պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը

Սրանք պարզապես թվեր չեն․ Պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը

 

Այսօրվա քաոսային փուլում, երբ ամեն օրը նոր ծանր խնդիրներ ու նոր անորոշություն է բերում, մեր տեսադաշտից դուրս են մնում խնդիրներ, որոնք սովորական պայմաններում խոր անհանգստության պատճառ կդառնային։

Այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց մահվան չորս դեպք է տեղի ունեցել։ Միայն մեկ ամսում՝ չորս ընդհատված կյանք. 1 դատապարտյալի և 1 կալանավորված անձի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ, ընդ որում մեկը՝ հացադուլի հետևանքով, 1 դատապարտյալ և 1 կալանավորված անձ ինքնասպանություն են գործել։ Ինչպես տեսնում ենք, մահացածներից երկուսի գործով դեռ նույնիսկ առկա չէ վերջնական դատական ակտ։

Վերջին երկու տարիներին պատկերը հետևյալն էր՝ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել է մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն, 2024թ. մահերի թիվը 12-ն է։ 12 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 7-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ։

Աճել են նաև ինքնավնասման դեպքերը։ 2024թ. ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ, 2023թ-ին ինքնավնասման դիմածների թիվը 155-ն էր: Ընդ որում, ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել անգամ է դիմել ինքնավնասման, ինչի հետևանքով 2024թ-ին ինքնավնասումների թիվը 626 է, իսկ 2023թ-ին՝ 472:

2025 թ-ին հունվարին ՔԿՀ-ներում արձանագրվել է 15 անձի կողմից կատարված ինքնավնասման 17 դեպք։

Միայն այս տարվա հունվարին ՔԿՀ-ում պահվող 18 անձ հացադուլ է հայտարարել։

Սրանք պարզապես թվեր չեն. այս թվերը արդարադատության և քրեակատարողական համակարգում խնդիրների արտացոլանքն են։ Խնդիրները շատ են և բազմաշերտ՝ սկսած կենցաղային պայմաններից, բժշկական օգնության և դեղամիջոցների անբավարությունից, հացադուլավորների նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողությունից, իրավունքների ոտնահարումից մինչև ձգձգվող արդարադատություն։ Շարքը կարելի է շատ երկար շարունակել, սակայն իրականում խնդիրը շատ ավելի խորքային է և համակարգային։ Պետական մարմինները սահմանափակում են մարդու ազատությունը, հաճախ՝ մինչև նրա մեղքն ապացուցելը, վերցնում են այդ մարդու կյանքն իրենց պատասխանատվության տակ ու, փաստորեն, պահում են նրան կյանքի համար ոչ պիտանի պայմաններում

Սրանք պարզապես թվեր չեն. սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների անկարողության պրոյեկտումն են փակ համակարգի վրա։

Սրանք պարզապես թվեր չեն. թվերի հետևում մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրեր են։

 

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ