Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն է հանձնելու 4359 դիմորդ. Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
ԳԹԿ-ից հայտնում են, որ քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Երևանի քննական կենտրոնները թ.թ. 135, 155, 168, 20, 166, 6 հիմնական և 189, 190, 170 ավագ դպրոցներում են:
Դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո, քննության մեկնարկը՝ 11.30-ին:
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ։
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երկու փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը, քննությունները կհանձնեն հունիս-հուլիսին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը