Առավոտյան Եռաբլուրում թանկարժեք ավտոմեքենաների շքերթ էր․ Եռաբլուր էին գալիս Փաշինյանը, իր ԱԺ նախագահը, իր պաշտպանության նախարարը, իր ԱԽ քարտուղարը, գենշտաբի պետը, թիմը։ Սովորություն են արել առավոտ 8-ին գալը, որ չհանդիպեն քաղաքացիներին։ Ամեն մի պաշտոնյանի ուղեկցում էր մի քանի ավտոմեքենա և թիկնապահների գունդ։ Առաջ բանակի օրը տանկերի, զենքերի շքերթ էր, հիմա՝ թիկնապահների ու ամենագնացների։ Եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց ապաշնորհության պատճառով զոհվածներին։ Հարգանքի տուրք չեմ էլ համարում։ Ի դեպ, էկրանի այս՝ լայն ժպիտը նկարահանվել է Եռաբլուրում։
Բանակի կազմավորման 33-րդ տարին է։ Այս օրը փորձենք հասկանալ՝ ի՞նչ դաս ենք քաղել մեր վերջին տարիների պատմությունից ու պարտությունից։ Ի տարբերություն այլ երկրների, որոնք բանակ են ամեն տարի զարգացնում, այսօր էնպիսի երկրներ են բանակի վրա սկսել բյուջեից հսկայական գումարներ հատկացնել, որոնք պատերազմ չեն տեսել հարյուրամյակներ, իսկ մեզ մոտ 30 տարվա ամուր բանակը ջախջախեցին, այն դեպքում, երբ ապրում ենք ամենախառը տարածաշրջաններից մեկում։ Ի՞նչ քայլեր է արվել, որ պատերազմից հետո տեսքի բերվի մեր բանակը։ Ուղերձներ՝ ինչքան ուզեք․ իրականության մասին խոսենք։
Գենշտաբի պետ Էդվարդ Ասրյանը, օրինակ, բանակի օրը այցելել էր Եռաբլուր ու ասում էր էսօր բանակի խնդիրների մասին խոսելու օր չէ, ուղերձներ կարամ հղեմ։ Բա որ բանակի օրը բանակից խոսելու օր չէ, բա ինչի՞ց խոսես․ Տրնդեզից խոսի։ Ասում է՝ թողեք շնորհավորեմ, այլ հարցեր մի տվեք։ Շնորհավորանքներ չենք ուզում, մաղթանքները, կենացները ձեզ պահեք, 5 հազար զոհ եք դուք տվել, ի՞նչն եք շնորհավորում։ Էդվարդ Ասրյանին հիշեցնում են, որ երեք տարի առաջ, երբ թշնամին գրավեց Ջերմուկից բազմաթիվ հատվածներ, ասում էր նրանց առել ենք շրջափակման մեջ, կսովածանան, հետ կգնան։ Երեք տարի հետո հարց են տալիս, թե ինչ եղան էդ սովածները, պատախանում է՝ «Այդ հարցին այսօր չեմ պատասխանում: Երբ կգա այդ օրը, սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք»: Էդվարդ Ասրյանը, կրկնում եմ, ԶՈՒ ԳՇ պետն է։ Պատերազմի ժամանակ նա գնդապետ էր։ Պատերազմում պարտվելուց մեկ շաբաթ առաջ Նիկոլը նրան շնորհում է գեներալ-մայորի ուսադիրներ․ մեզ խաբում էին, թե հաղթում ենք, բայց իրենք գիտեին, որ խայտառակ պարտություն են կրում, որ էնքան զոհ ունեն, որ թաքցնում են «Սպայկայի» ֆուռերում, դիահերձարանի նկուղներում, դա իմանալով գեներալի պագոններ էր բաժանում, նրանք էլ ստանում էին, էնպես չէ, թե մեկը հրաժարվել ա։ 2022 թվականի հուլիսի 14-ին գեներալ Էդվարդ Ասրյանը նշնակվում է ԳՇ պետ․ երկու ամիս անց թշամին հարձակվում է Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ։ Ջերմուկում 8.5 կմ լայնության ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ խորանում է։ Ասրյանն ասուլիս է տալիս, ասում են՝ ինչո՞ւ չեք դրանց հետ շպրտում, ասում է՝ թշնամին շրջափակման մեջ է, կսովածանան հետ կգնան։ 3 տարի շարունակվում է էդ հազարավոր հեկտարների օկուպացիան։ Ջերմուկի հողերը հանձնելու մեկամյակի առիթով սա 2023թ․ ստանում է արդեն գեներալ լեյտենանտի կորչում։ Էսօր ասում է՝ «Հակառակորդը մնում է ՀՀ տարածքում, մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք»։ Այսինքն՝ իր առջև դրված է խնդիր, որ հակառակորդը շարունակի մնալ ՀՀ տարածքում։ Նա գենշտաբի պետ է, այն էլ՝ Արցախից։ 2022թ․ սեպտեմբերին Ասրյանն ասում է՝ թշնամին կսովածանա կգնա, 2023 թվականի հունվարի 28-ին էս մարդը էլի գնում է Եռաբլուր, հարցնում են ի՞նչ եղավ, պատասխանում է՝ էսօր էդ օրը չէ, որ խոսեմ։ Ապրիլին գնացել է Եռաբլուր, նույնը հարցրել են, նույնը պատասխանել է։ Սեպտեմբերին գնացել է Եռաբուր, հարցրել են ինչ եղավ թշնամին, ասել է՝ էսօր էդ օրը չէ, որ պատասխանեմ։ 2024 թվականին էլի մի քանի անգամ գնացել է Եռաբլուր, նույն հարցը, նույն պատասխանը։ 2025 թվականն է․ էլի գենշտաբի պետը հանձնող Ասրյանն է, էլի հարցնում են ի՞նչ եղան շրջափակման մեջ հայտնված թուրքերը, էլի ասում է՝ էսօր օրը չէ։ 3 տարի դու չես ասում՝ էդ թուրքը սովածացել ա, թե դու տուլիկ ես ճամփել, կշտացել ա։
Տարին տարվա վրա էս մարդու պատասխանները չեն փոխվում, բայց շատանում են ուսադիրների վրա աստղերը։ Թուրքը մեր հողի մեջ, սա գեներալ լեյտենանտի կոչում է ստանում։ «Կարակուլի» գլխարկն էլ դրել է՝ ման է գալիս։ Ուզում ես՝ արջի մորթուց գլխարկ դիր, մեկ ա՝ դու էն գենշտաբի պետն ես, որ 200 քառակուսի կիլոմետր թողել է օկուպացնեն Հայաստանից, իսկ Արցախը վերցնեն ամբողջությամբ։ Դու էն գենշտաբի պետն ես, որ ասում էր թշնամուն չենք կրակի, գերի չենք վերցնի, կթողնենք սովածանա-գնա։ Դու էն գենշտաբի պետն ես, որ ասում էր՝ կարող ա՞ ուզում եք զենք վերցնեմ գնամ սահման։ Էնքան հպարտ է ասում «թշնամին շարունակում է մնալ մեր սուվերեն տարածքի վրա», ոնց որ մի 10 հատ տանկ ա գրավել առավոտ գիշերով։ Ադրբեջանի գենշտաբի պետը, որ մտել է մեր տարածք, խաբա՞ր եք, նա էսքան իրեն լավ է զգում, որքան գեներալ Ասրյանը։
Էն որ գենշտաբի պետը էդ մարդն է ու էդ պատասխաններն է տալիս, դա հենց վկայություն է, որ դուք ոչ մի դաս չեք քաղել։ ՔՊ-ական պատգամավորն էլ կամերաների առաջ ասում է՝ հըն, դուք ի՞նչ եք ուզում թշնամուն բրդե՞նք։ Չէ, թող թշնամին քեզ բրդի։ Միքայելյան Սասունը մարդկանց է գցում հետևը, գալիս են Եռաբլուր ու սկսում են բրդբրդել լրագրողներին։ Դու հայկական բանակի առաջին նվաստացողներից մեկն ես քո՝ «հեղափոխությունը Արցախից կարևոր էր» խոսքով, մենք թույլ ենք, պետք է զիջենք խոսքով․ հրող էիր՝ թշնամուն հրեիր։ Թե բա՝ «Վազգեն Սարգսյանի գործը շարունակողն եմ»․ ամոթ չէ՞, ինչի նա ե՞րբ էր հանձնում, որ դու էլ շարունակում ես իր գործը։
Գենշտաբի պետ, Սասուն Միքայելյան, Անդրանիկ Քոչարյան, ուրիշ ՔՊ-ականներ ու պաշտոնյաներ, Եռաբլուր գնալիս դուք մեկ բան պետք է անեք՝ մի բուռ հող ուտեք, ու ինչ լինի՝ լինի։ Բայց Եռաբլրի հողից չէ, ափսոս է։ ճամփի մյուս կողմի հողից։ Ասում են, թե տղերքի շիրիմները, որ մնացին Արցախում, թուրքերը պղծել են։ Ժողովուրդ ջան, թշնամին իրենց չի հաղթել։ Իրենք կռվել են, ազատագրել ու զոհվել՝ չիմանալով էդ տարածքների նկատմամբ Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածությունների մասին։ Իրենք են հաղթել ու հպարտ իրենց տեղն են զբաղեցնում, շիրիմները էստեղ են պղծվում, նման մարդկանց այցերով։ Զինվորը զոհվել ա, որ իր ծնողը էսօր հպարտ ապրի, ոչ մեկ քարշ չտա, պահած հողն էլ չհանձնի։
Պատերազմից քաղած գլխավոր դասերից մեկը պետք է լիներ բանակը վերականգնելը, կորցրած միլիարդավոր դոլարների զենքերի փոխարեն կրկնակի գնելը։ Պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ մենք օդը պաշտպանելու համար «Սու30» ենք գնել, բայց ուրիշ բան՝ ճիշտ գնում ենք արել, թե չէ։ Ու թեման փոխում է, թե՝ դա ուրիշ քննարկման հարց է։ Ոչ։ Ինչի՞ է ուրիշ։ Դուք գերթանկարժեք զենքեր եք գնել, առանց հրթիռների, որոնք բացարձակապես չեք օգտագործել, ի՞նչն է ուրիշ թեմա։ Մարդ եք բռնում, ասում եք պատերազմի ժամանակ զենքը թողել-փախել է, սխալ հրաման է տվել և այլն, դուք պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դոլարներ քամուն եք տվել, ասում եք այլ թեմա է՞։ Սու 30, այո, ընդունում եք, որ սխալ եք արել, բայց մյուս բաները ճիշտ ե՞ք արել, թե՞ հասկանում եք, որ ամեն ինչ սխալ եք արել, բայց ասում եք՝ այլ թեմա է։
Փաշինյանն ու իր ՔՊ-ն իրենց պարտությունների, հանձնումների համար մեղավոր են նշանակում նախկիններից, ռուսներից, ժողովրդից բացի նաև բանակին, ասում են՝ բանակը թույլ էր, իզուր ենք էդքան գովել, սրբադասել և այլն։ Բանակը, դիվանագիտությունը, հասարակությունը աբողջություն են։ Երբ նախկինում ասում էինք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, դա նաև էդ ամբողջությունն էր մարուտունակ։ Երբ այդ երեքը կուռ են, թշնամին չի հարձակվում, որովհետև շանս չունի։ 2020 թվականին, հետո նաև Սև լիճը գրավելու ժամանակ, հետո՝ ջերմուկյան դեպքերի ժամանակ ի՞նչ վիճակ էր տիրում․ հասարակությունը պառակտել էին, սև ու սպիտակ, պատերին ծեփել, ասֆալտին փռել և այլն, դիվանագիտությունը կռախի մեջ էր, պրավալ էին տվել բանակցությունները, Ալիևն արդեն կոմպրոմատներ էր հրապարակում, բանակը մնացել էր առանց թիկունքի ու պետք է պայքարեր իշխանության սխալները մաքրելու համար։ Ինչո՞ւ էր այն ժամանակ մեր վիճակը ուժեղ, որովհետև բանակն էլ էր ամուր, դիվանագիտությունն էլ և ինչ-որ առումով նաև հանրությունը։ Հիմա ի՞նչ է կատարվում, թշամին առաջ է գալիս առանց հարձակվելու, բանակը չի կրակում, որ պատերազմ չլինի, քանի որ Նիկոլի դիվանագիտությունը չի կարող կանխել, և Նիկոլի դիվանագիտությունն էլ անընդհատ զիջում է, որովհետև իրենց պահած բանակը էն վիճակում չէ, որ պահի գրոհները։ Ինչպես որ բանակն է նահանջում, որ պատերազմ չլինի, այնպես էլ դիվանագիտությունն է հանձնում, որ պատերազմ չլինի։ Իսկ հանրությունը շարունակում է մնալ պառակտված։
Կարճ ասած՝ շատ է խոսվում՝ զենք առանք-չառանք, բանակ ունենք-չունենք, սրանից կառնենք, նրանից կբերենք, կվերականգնենք․․․ Այ ես ձեր ցավը տանեմ, այ էս ղեկավարությամբ ուզում եք ՆԱՏՕ-ի բոլոր զորամիավորումները բեր կանգնեցրու, հա՛մ կպարտվեն՝ առաջին իսկ մարտերի ժամանակ, համ էլ, շատ արագ վարի կտան, մի բան էլ անուն կդնեն թե՝ սաղ ՆԱՏՕ-ի զորքերը փափկասուն էին, ղզիկ էին ու առհասարակ պարտությունը իրենց գլխներում ա։ Մեզ զենքը չի պետք, խելքը գլխին ու հայ ղեկավար է պետք․ մնացածը, հավատացեք, շատ արագ կարվի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը