2020 թվականի ապրիլին՝ կորոնավիրուսի ժամանակ, Երևանի պարետ նշանակված Տիգրան Ավինյանն այսպիսի որոշում էր կայացրել Նիկոլի հետ միասին․ մարդ ու կին եթե մեքենայով գնում են, պետք է դիմակ կրեն։ Ոստիկանը էդպիսի մի ամուսինների կանգնեցրել տուգանում էր։ Ամուսինն ասում է՝ նա իմ կինն է, էս գիշեր եթե իմ կողքը քնել ա առանց դիմակ, իրավունք չունի՞ կողքս առանց դիմակի նստի։ Ոստիկանը խնդում ա, բայց դե ասում ա՝ Ավինյանն է որոշում կայացրել։ Աբսո՞ւրդ էր, այո, բայց դե պաշտոնյան էդ որոշումն էր կայացրել։ Երեխու ձեռքին որ մատիտ ես տալիս, երբեք չես իմանա, չէ՞, թե ինչ է պատրաստվում նկարել և 99 տոկոսի դեպքում նկարելուց հետո էլ չես իմանում ինչ է նկարել։ Դա սրանց կայացրած որոշումների տրամաբանությունն է։ Ուղղակի եթե տարիներ առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել կամ մեկ-երկու տարի առաջ էր եղել, ՔՊ-ից էսքան դժգոհություն, նրանց նկատմամբ էսքան անվստահություն նաև այսքան ատելություն չկար, դրա համար էլի հլը կատարում էին էդ որոշումները, հիմա ըմբոստանում են։
Մեզ տևական ժամանակ թե՛ քաղաքապետարանից, թե՛ կառավարությունից, թե՛ ԱԺ ամբիոնից վստահեցնում էին, թե՝ ոչ մեկ չի դժգոհում տրանսպորտի թանկացման դեմ, ընդդիմադիրներն են բողոքում, տրանսպորտը չի թանկանում, մի բան էլ էժանանում է, եթե շատ երթևեկեք։ ԱԺ վերջին քառօրյայում ՔՊ-ական պատգամավորուհին իր ընտանիքի անդամներին որպես ժողովուրդ ներկայացնելով, ասում էր՝ ժողովուրդը չի բողոքում, շատ գոհ են։ Հասկացան, որ ինքնախաբեության մեջ են ու իրենց նախապես հայտարարած մինչև 300 դրամը դարձնում են 150 դրամ։ 150 դրամը նորմալ գի՞ն է։ Բնականաբար՝ ոչ։ Ալեն Սիմոնյանը 2015 թվին, երբ դեռ Ալեն Սիմոնյան չէր, իսկ տրանսպորտի գինը դարձել էր 150 դրամ, ասում էր՝ մեր երկիրն ունի հացի խնդիր, իսկ 50 դրամը մեկ հացի կեսն է․ ամեն ուղևորից, ամեն քաղաքացուց ինչի՞ են կես հաց վերցնում։ Ու շարունակում էր՝ որ գնան թանկարժեք գործուղումների, որ իրենց թանկանոց պադավատներով ման գան։ Հիմա Ալենը ԱԺ նախագահ է, հացի գինը վաղուց 100 դրամ չէ, թանկացել է, ու տրանսպորտն էլ թանկացնում են ոչ թե կես, այլ մեկ թանկացված հացի գնի չափ։ Հիմա էլ նա է թանկարժեք մեքենայով ու ամենագնացներով վառում պետական բենզինը, այսօր էլ հայտարարվեց, որ ՔՊ-ականների հետ գնալու է Լյուքսեմբուրգը տեսնելու՝ այ էդ ժողովրդի հաշվին։ Ճակատագրի հեգնանք է լրիվ։
Փաշինյանի քաղաքապետը երեկ հայտարարեց, որ տրանսպորտի գինը կսահմանեն 150 դրամ։ Հիմա հարց՝ ինչպե՞ս էիք մտածել, հաշվարկել, որ տրանսպորտը պետք է լինի 300 և ինչպես եք հաշվարկել, որ կարող է լինել և 150 դրամ։ Կրկնակի ավել էիք թանկացրել, ո՞ւր էին գնալու էդ փողերը, ո՞ւմ գրպանները։ Եվ եթե տրանսպորտի գինը 300-ից կարող է իջնել միանգամից 150 դրամ, ինչո՞ւ չի կարող մնալ և 100 դրամով։ Եթե տրանսպորտի գնի 100 դրամի պարագայում Երևանի քաղաքապետը կարողանում է իրեն թույլ տալ բիզնես դասով թռիչքներ, 1,5 մլն դոլարանոց ամանորյա շոուներ, 6 մլն դոլարանոց մեկ համերգ, ուրեմն քաղաքը փող ունի տրանսպորտը չթանկացնելու համար։ Էն ժամանակ Գազելներ էին, 100 դրամ էր տրանսպորտի գինը, ու ասում էիք՝ գազելները գերշահույթ են ստանում․ հիմա բերել եք էկոավտոբուսներ, որոնք գազելից անգամներով քիչ են ծախսում, գազելից եռակի շատ մարդ են տեղափոխում, ուրեմն, կարծում եմ, գերշահույթ եք ապահովում, ու կարող եք իջեցնել գինը 100 դրամից։
Ընդամենը հունվարի 27-ին Ավինյանն ասում էր՝ չեն կարող ոչ մի միլիմետր զիջել, հետադիմություն անել, ընդիմությունն է ժողովրդին բորբոքում․ մեկ օր անց պարզվեց, որ լսում են ժողովրդի ձայնը, կրկնակի կզիջեն։ Հիմա ինչ-որ աբսուրդ էլի առաջարկ են անում՝ եթե ապարատը 50 դրամանոց չի ընդունում, ուրեմն պետք է երկու տոմս առնեք, հետադարձի տոմսը, վճարեք 300 դրամ։ Իսկ ի՞նչ անել, եթե հետադարձ չես կատարում։ Լինում են, չէ՞, նման բաներ։ Օրինակ ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որ էս առաջարկն անում է, հնարավոր է, չէ՞ մի տեղ գնա ավտոբուսով և ավտոբուսով հետ չգա, ինչո՞ւ է պարտադրում անպայման գնել նաև հետադարձի տոմս։ Կամ դա ի՞նչ կապ ունի, դուք, հլը բացատրեք, էդ ո՞նց եք կառավարում, որ հնարավոր չէ 100 դրամով մարդկանց տեղաշարժը ապահովել, բայց հնարավոր է 6 մլն դոլարանոց համերգ անել կամ 20 հազար դոլարանոց մեկ տոմս առնել Ավինյանի համար։ Բա եթե փողը չի հերիքում, չի հավաքվում, ճեղքվածք է, է մի՛ գնացեք էդ գործուղումները, էդ աշխատավարձերը մի՛ ստացեք, էդ պարգևավճարները մի՛ ստացեք, էդ տիեզերական շքեղության սալյուտներն էլ մի՛ խփեք, թողեք թող տրանսպորտի գինը մնա նույնը, թողեք գույքահարկերը չավելանան, ձեր վրա տնտեսեք։ Ես, օրինակ, շատ եմ ուզում շրջագայել տարին մի քանի անգամ, 5 աստղանի հյուրանոցներում եմ ուզում մնալ, բիզնե սդասի տեղով թռչեմ, բայց նայում եմ որքանի է հերիքում իմ եկամուտը, այդքանով եմ անում։ Հիմա դուք հերիք չէ հարկատուի փողերով եք անում, մի բան էլ էդ նույն հարկատուին ասում եք, չէ է, քիչ ես մուծվում, շատ մուծվիր, որ ավտոբուս նստես։ Իսկ հարկատուին հարցրե՞լ եք, նա պատրա՞ստ է վճարել քո կայֆերի համար՝ առաջնահերթ, հետո էլ որ չհերիքի, էլի վճարի, որ ավտոբուս նստի։
Տրանսպորտի գինը թողնեմ քաղաքացիներին, իրենք բոլորիցս լավ են հասկանում իրենց համար ինչն է առաջնահերթ, ինչը երրորդական, ինչն է օգուտ ու վնաս։ Հիմա ուզում եմ հարցնել՝ ժողովուրդ ջան, մենք հո տեսնում ենք, որ այս իշխանությունը կառավարելու պրոբլեմ է՝ ոտքից գլուխ, սխալ որոշումների մասնագետ է։ Իսկ քա՞նի էս կարգի սխալ որոշումներ են կայացրել, որոք չեն չեղարկել, որոնք վաղն են չեղարկվելու։ Աբսուրդային չէ՞ էս համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը։ Արդյո՞ք պետք չէ բողոքի ալիքով պարտադրել նաև այս որոշումից նահանջ։ Հայտարարագրում մեկ նահանջ քայլ արեցին՝ ժողովրդին ազատելով էլեկտրոնային ստորագրության վճարից, ևս մեկ քայլ նահանջ արեցին՝ խոստանալով չհարկել մինչև 300 հազար դրամը․ հասկացան իրենց որոշման ահեթեթությունը, նահանջեցին։ Բայց ե՞րբ են հասկանալու, որ անհեթեթ է հայտարարագրման համակարգն այս ձևով ընդհանրապես։ Ե՞րբ են հասկանալու, որ աբսուրդ որոշում է գույքահարկը 2026 թվականից բազմապատկելը։ Ե՞րբ են հսկանալու, որ սխալվել են ու չեղարկեն աղբահանությունը ըստ քառակուսի մետրի հաշվարկելու որոշումը։ Բայց չէ՞ որ դուք հարյուրավոր որոշումներ եք կայացրել մեկը մյուսից քննադատելի, մերժելի։ Ե՞րբ եք հասկանալու, որ սահմանագծման ու սահմանազատման որոշումը ևս կայացրել եք սխալ։ Դրանից ե՞րբ եք նահանջելու։ Թե՞ տրասպորտի հարցում կա ճնշում, սահմանազատման հարցում չկա։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի թանկացումից խոսելիս, ասում էր՝ էդ ավել 100 դրամը պետություն ունենալու գինն է, չե՞ք ուզում պետություն ունենաք։ Ավելի անհեթեթ բան, դժվար է հորինել։ Այսինքն, որ ինքն իր քպական դիլետանտներով չեն կարողանում կառավարեն, կազմակերպեն, հաշվեն և լուծումներ գտնեն, գիտեն մենակ մի բան, փողը պակասում ա՝ քերենք ժողովրդից, ու ժողովուրդը դա հասկանալով չի ընդունում, ուրեմն պետություն չի ուզու՞մ։ Արա, հլը դուք դադարեցրեք ձեր կայֆերը բյուջեի հաշվին, դադարեցրեք ձեր դառմոյեդ բարեկամներին աշխատավարձեր ու պարգևներ դուրս գրելը, ձեր ոստիկան, ախրանիկ, դատախազների ու մնացած ձեր իշխանության պահելու փողեր շռայլելը, տեսնեմ էդ ինչի՞ն չէր հերիքում հավաքագրված հարկերն ու տուրքերը։
Այս իշխանությունը սահմանում է ինչ-որ թանկացման վերին շեմ, առանց հաշվարկի։ Չկար, օրինակ հաշվարկ, թե ինչու պետք է տրանսպորտը դառնա 300 դրամ։ Մի հատ եռակի գին են կրակում․ ժողովուրդը եթե բողոքեց, սկսում են հետը բանակցել, բազար անել։ Եթե զիջեք, իրենց համար ավելի լավ, կթողնեն էդ գումարը ու ձեզ կքերթեն, ոնց որ, օրինակ, սպանդանոցների պարագայում են գյուղացիներին քերթում։ Կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին, չբողոքեցիք՝ մնաց ուժի մեջ։ Արցախի նշաձողը իջեցնելու մասին էր խոսում, չստացավ հակազդեցություն, էնքան իջեցրեց, որ հանձնեց թշնամուն։ Սրանք առևտրականի քաղաքականություն են անում ժողովրդի հետ։ Բայց հարցն այն է, որ դրսի բանակցություններում էլ սրա հետ են առևտուր անում ու ինքն է ճնշվողի, զիջողի դերում։ Ալիևը սահմանել է իր ամենաբարձր պլանկան, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը։ Ու քանի որ Նիկոլի կողմից չկա դիմադրություն, նա շեմը չի իջեցնում, ու հերթով ստանում է մեր գյուղերը, մեր սահմանները, ու հիմա էլ խոսում են այսպես կոչված փախստականների վերադարձի մասին։ Արտաքին քաղաքականության հարցում ինչի՞ մենք մնացինք առանց գործընկերների, դաշնակիցների․ որովհետև սրանք էդ հարցում էլ էնպես են իրենց պահել, որ բոյկոտվել են, ինչպես տրանսպորտի 300 դրամ գինը։ Սա ոնց ուզում էր «գցել» ժողովրդին, էնպես էլ միջազգային գործընկերներին է ուզեցել։ Ու եթե մեր ժողովուրդը միամտաբար տարիներ շարունակ ենթարկվեց, դրսերում իրենից խորամանկները կան, գեղցի շուստրիությունը հասկացան։ Եվ մի տարբերությունն էլ այն է, որ եթե տրանսպորտի հարցում, հայտարարագրի հարցում, երբ ուզես կարող ես չեղարկել որոշումները, ճնշման տակ, արտաքին քաղաքական հարցերում, երկրի անվտանգության, Արցախի հարցում արած հիմարությունները ողբերգական արդյունք ունեցան։
Մի քանի անգամ անդրադարձել եմ խնդրին, որ մեր երկրում Նիկոլ Փաշինյանի օրոք բողոքի ակցիաների արդյունքում հարց չեն լուծվել, թեկուզ մանր կենցաղային հարց․ սակայն այս ընթացքում լիքը բաներ են փոխվել․ հիմա բողոքի ցույցերի, բոյկոտի միջոցով հնարավոր է հարց լուծելը, ինչո՞ւ։ Դա գալիս է իշխանության լեգիտիմության արդեն ծայրահեղ դեֆիցիտից․ երբ իշխանությունը չունի լեգիտիմություն, չունի հանրային վստահություն, հենարան, ստիպված դնում է «զադնի»։ Ինչ որոշում ուզում է կայացնել, ժողովուրդն անվստահություն ունի դրանց իրավացիության վրա։ Լեգիտիմություն չունեցող, հանրային վստահություն չունեցող իշխանության ցանկացած փոփոխություն կամ բարեփոխում անգամ ընդունվելու է սվիններով։ Այդ չստացված ու չընդունված բարեփոխումների մասին օրինակներով կխոսենք հաջորդ թողարկմանը։
Կարճ ասած՝ ՔՊ-ական կառավարությունն ընդունում է, որ տրանսպորտի թանկացման որոշումը սխալ էր․ երեկ ՔՊ-ական պաշտոնյան ընդունեց, որ ամենաաղմկահարույց ու թանկարժեք զենքի գնումը սխալ էր, բանակին որևէ օգուտ չի տվել։ Դուք հազար անգամ փաստել եք, որ մեր երկրի շահերից բխող որոշում կայացնել չեք կարողանում, կառավարել չեք կարողանում։ Էլի եմ ասել, անգամ ամենից լավ բանը ցանկանաք անել, մտածեք, հայտարարեք, միևնույն է՝ չեք կարողանալու, խելքի, փորձի, կայացածության հարց է։ Դե միքիչ էլ, երևի, պետք է հայրենասեր լինեիք, ոչ թե հակառակը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը