30 01 2025

ԱՄՆ նախկին սենատոր Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

ԱՄՆ նախկին սենատոր Մենենդեսը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախկին սենատոր Բոբ Մենենդեսը չորեքշաբթի դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառք, ներառյալ ոսկու ձուլակտորներ ստանալու համար, հայտնում է golosameriki.com-ը: 

Դաշնային դատավոր Սիդնի Սթեյնը պատիժը նշանակել է Մանհեթենի դաշնային դատարանում լսումների ժամանակ։ 71-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: Նախկին սենատորի փաստաբանները դատարանին խնդրել են նրան դատապարտել 2 տարի 3 ամսից ոչ ավելի ազատազրկման՝ պատճառաբանելով տարիքը, պետական ծառայության տարիները, բարեգործական աշխատանքը, նվիրվածությունը ընտանիքին, ֆինանսական ու մասնագիտական վնասը։

Մենենդեսը, երբեմնի հզոր դեմոկրատը, որն ավելի քան 18 տարի ներկայացնում էր Նյու Ջերսի նահանգը Սենատում, 2024 թվականի հուլիսին մեղավոր էր ճանաչվել բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության և խարդախության համար: Նա դարձել է առաջին սենատորը, որըդատապարտվել է որպես օտարերկրյա գործակալ: 

Ըստ դատարանի՝ Մենենդեսը նպաստել է Եգիպտոսին ռազմական օգնության տրամադրմանը, աջակցել Կատարին և միջամտել իր հետ կապված գործարարների վերաբերյալ դատական գործընթացներին՝ այդ ծառայությունների համար ստանալով ոսկու ձուլակտորներ, կանխիկ և Mercedes-Benz մեքենա:

«Մենենդեսը, որը երդվել էր ներկայացնել Միացյալ Նահանգների և Նյու Ջերսի նահանգի շահերը, փոխարենը կաշառքի դիմաց վաճառքի է հանել իր բարձր պաշտոնը», - ասվում է դատական փաստաթղթերում:

Նա Սենատից հեռացել է 2024 թվականի օգոստոսին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ