Երևանը գիտի, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալուն և Հայաստանի համար ԵԱՏՄ շուկայի փակմանը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանացմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այստեղ լուծումը շատ ակնհայտ է. Եվրամիության հետ շուկաների բացումը կնշանակի Եվրասիական տնտեսական միության հետ շուկաների փակում, այլապես կտուժեն Եվրասիական տնտեսական միության մեր արտադրողները», - նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանի համար «ԵՄ-ի հետ ներմուծման մաքսային դրույքաչափերի զրոյացումն ինքնաբերաբար կնշանակի վերադարձ ԵԱՏՄ-ի հետ մաքսային սակագներին»։
«Մեզ համար ազդակ է, որ ԵՄ-ին անդամակցելու սկիզբը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է, սա միանգամայն ակնհայտ է ցանկացածի համար, ով մի փոքր ծանոթ է այս 2 ինտեգրացիոն ասոցիացիաներին։ Այստեղ նրանք (հայկական կողմը) միանգամայն հստակ գիտեն, որ հետևանքներն այսպիսին են լինելու: Այստեղ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմա ՀՀ-ում ընթացող քննարկումներում պնդում են, թե իբր հնարավոր կլինի ինչ-որ լուծում գտնել, նրանք, մեղմ ասած, մոլորեցնում են հայ ժողովրդին»,- ասել է Օվերչուկը»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը երկար է լինելու և կոչ է արել սպասել այս հարցով Հայաստանի խորհրդարանում լսումների արդյունքներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը