Երկու օր առաջ, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձեց հիմնավորել Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմ մտցնելու իր հակահայ (եթե ավելի ծանր բառ չասեմ) քայլը, հիմնավորեց Ալմաթիի հռչակագրով, բացեցի Փաշինյանի՝ 2021 թվականի նախընտրական ծրագիրը՝ տեսնելու, թե ի՞նչ կա Ալմաթիի հռչակագրի մասին։ Միանգամից, առանց նախաբանի, անցնեմ ծրագրին։ Պատերազմից ամիսներ անց տեղի ունեցած ընտրությունների ժամանակ խոստացել է՝ «նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի արդյունավետ գործունեությանը»: Ի՞նչ է արել Նիկոլի Հայաստանը Մինսկի խմբի ձևաչափը գործելու համար, չեմ ասում արդյունավետ գործելու, ուղղակի գործելու համար։ Ոչ մի բան։
Ծրագրում մի ամբողջ գլուխ նվիրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, էդպես էլ գրել է՝ Հանրապետություն․ ընտրվելուց հետո աստիճանաբար ԼՂՀ-ն իր համար դարձավ ուղղակի Ղարաբաղ, էնտեղ ապրողներն էլ՝ էթնիկ հայեր։
Ծրագրում խոստացել էր, որ գլխավոր խնդիրը լինելու է, մեջբերում եմ․ «Աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա․․․ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Նույն մարդը մի քանի անգամ այս տարի հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Իր գրած ծրագրից 180 աստիճան հակառակ բան։ Ծրագրի մեջ գրել ես Արցախի ինքնորոշում, քվեն ստացել-եկել ես իշխանության, ասում ես ես ճանաչում եմ Ադրբեջանի անբաժան մաս։
2021 թվականին գնացել ես մարզեր, երթեր ես արել, մարդկանց զոռով հավաքել-տարել ես միտինգներիդ ու խոստացել ես «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»։ Հիմա ասում ես՝ «Դե եթե բոլորը ինքնորոշվեն, Աշխարհում ոչ մի պետություն չի մնա»։
Խոստացել է, թե․ «Ջանք չենք խնայելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծման համար»: Դուք ուզում եք ասեք էդ սովը, որ հիմա կա Արցախում, ձեր խոստացած արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք է՞։ Բարեկեցիկ կյանք խոստացողը էն օրը մունաթ ա գալիս, թե, այ քեզ բան՝ բադրիջան ցանեք-կերեք։
ՔՊ նախընտրական ծրագրում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»: Այս դրույթը ևս հիմնովին տապալված կարելի է համարել։ Ընտրությունից հետո սաղ ՔՊ-ն սազն առած ասում է՝ բա Ռուսաստանն է անվտանգության երաշխավորը, մենք իսկի մեզ չենք կարողանում պաշտպանել։ Այ քեզ բան, բա Արցախի Պաշտպանության բանակի վերազինման թեման ո՞ւր մնաց, ի՞նչ փոխվեց։ Կամ, դու քո ծրագրում գրել ե՞ս որևէ բան ռուսների՝ մեր երաշխավորը լինելու մասին։
Ու ամենակարևոր դրույթն եմ կարդում՝ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո»: Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններին խոստացել է Շուշիի, Հադրութի վերադարձ։ Խաբար էի՞ք, թէ՞ չէ, արդեն իրեն ընտրածներն էլ մոռացել են, թե ինչեր պետք ա աներ ընտրվելու դեպքում, ու հիմա ինչ է անում ու ասում։ Ասում էր ժողովուրդ, եթե ընտրեք Քոչարյանին, պատերազմ կլինի, ընտրեք ինձ, որ բանակցություններով Շուշին ու Հադրութը հետ բերեմ։ Ես հանձնել եմ, ես էլ կբերեմ։ Ընտրել եք, ո՞ւ։ Շուշի հետ բերողը հիմա բերում է Ալմաթիի հռչակագիր, ասում ա՝ ժողովուրդ, Ստեփանակերտն էլ ա Ադրբեջան, ի՞նչ հետ բերելուց եք խոսում։
Բացել եմ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագիրը՝ հասկանալու համար էդ մարդը Ալմաթիի հռչակագրի մասին գրել ա՞ որևէ տեղ։ Անվտանգությունն եմ կարդում, չկա, Ղարաբաղի մասում չկա, արտաքին հարաբերություններում չկա, լավ ասում եմ մի քիչ էլ կարդամ, կարող ա շշկռվել են, տարել են մշակութային բաժին․ ամբողջ ծրագիրը մինչև վերջ կարդացի, ոչ մի տող չկար Ալմաթիի հռչակագրի մասին։ Բա եթե էդ հռչակագիրը էդքան օրակարգային էր, ինչի՞ ծրագրիդ մեջ չես գրել, որ դրանով ես հարցերը լուծելու, որ մի ձայն էլ չտանեիր։ Հիմա՝ ընտրություններից 3 տարի 2 ամիս անց, ասում ա 2016, թե որ թվականից Արցախը որևէ տեսական ու գործնական հնարավորություն չուներ Ադրբեջանից դուրս գտնվելու․ բա չհասկացանք, էդ իշխանության 5-րդ տարո՞ւմ ջոկեցիր․ բա թե տենց ազնիվ տղա ես, դեմից ասեիր, ծրագրումդ գրեիր, ինչի՞ չես ասել։ Ասեմ ինչի, ժողովուրդ ջան, որովհետև նպատակը իշխանությունը պահելն էր ցանկացած խոստման միջոցով․ սա ընտրվել է, գնացել է բանակցությունների ու էնքան թույլ է եղել, որ միայն մտածել է հանձնելու մասին ու Ալիևի հետ, ըստ երևույթին, բանակցային սեղանի շուրջ մտածել են, թե ինչ պատճառներ բերի, որ ժողովրդին հիմարացնի։ Էն ասել ա՝ դե կասես նախկիններն էին մեղավոր, եկել նույն ձև ասել ա, մի քիչ աշխատել ա էդ ֆոկուսը ու էլ չի աշխատել, հաջորդ հանդիպմանն ասել ա Ալիև, հիմա՞ ինչ ասեմ․ ասել ա՝ կասես Ստամբուլի խարտիա, եկել տեսել ա՝ կուտը չկերան, հաջորդը՝ վարչատարածքային բաժանման մասին օրենք, կուտը չկերան, Մադրիդյան սկզբունքներ՝ էլի նույնը․ հիմա էլ՝ Ալմաթիի հռչակագիր։
Էս «Ապագա կա» ծրագրի հաղթելուց անմիջապես հետո ի՞նչ եղավ․ հլը մինչև Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելը․ առաջին քայլը․ Ադրբեջանը փակեց Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Փակեցին Գորիսից Որոտան տանող ճանապարհը և այլն։ Դա անցավ իրենց։ Նիկոլն ասաց՝ գրունտայինով գնացեք-եկեք, ոչինչ։ Հետո սարքեցին շրջանցիկ ճանապարհ ու հիմա տարին երկու անգամ վերանորոգում են։ Հետո՞ ինչ եղավ․ ավելի վատ բան եղավ, մտան ու գրավեցին ևս 150 քառակուսի կիլոմետր, մի մասը առանց կրակոցի, մի մասը՝ կռիվ տալով։ Շուշի ու Հադրութ հետ բերողները 150 քառակուսի կիլոմետրից չեն կարողանում թշնամուն դուրս հանել, որոշեցին Արցախը նվիրել Ադրբեջանին, որ մեզնից իբր յան տան։ Է՞դ էիք կարողանում անել, դրա համա՞ր վերընտրվեցիք, էդ հանձնել զիջելները տատս էլ կարող էր զիջեր ու հնարավոր է՝ ավելի լավ վիճակ լիներ, քան այն, ինչ դուք եք անում։
Էս՝ 2021 թվականի ՔՊ նաընտրական ծրագրի մասին, ժողովուրդ ջան, դուք լրիվ մոռացել եք, իմ կարծիքով, որովհետև էն ժամանակ ծրագրին ո՞վ էր ձայն տալիս, ասում էիք՝ Նիկոլ ընտրենք պատերազմ չլինի, խաղաղություն լինի։ Հա՛մ ստացաք պատերազմ, հա՛մ կորուստներ, հա՛մ ռեժիմով նվաստացումներ։ Կամ էս մարդիկ իմացել են, որ չեն կարողանալու, բայց գրել են, այսինքն՝ խաբել են, տապալել են, կամ մտածել են թե կկարողանան, բայց էնքան վատն են եղել, ոչ կոմպետետնտ, որ չեն կարողացել, ասինքն՝ խաբել են ու գցում են սրա-նրա վրա։
Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որևէ խոստման, որևէ խոսքի վստահել պետք էր և պետք է։ Սրանք ոչ թե տապալել են իրենց խոստումները, տապալել կլիներ, եթե խոստանային ու չկատարեին, հեռանային, սրանք պարզապես հակառակն են արել, լրիվ հակառակը։ Սա փաստացի նշանակում է, որ լեգիտիմ չեն։ Դու էս ծրագրով ցույց ես տվել սա, բայց դրա փոխարեն տվել ես սա․ դու լեգիտիմ չես։ Էն որ խանութում մի բան ես առնում-տանում տուն ու տեսնում, որ լրիվ ուրիշ բան են տվել, ի՞նչ ես անում․ տանում ու վերադարձնում ես, չէ՞, հո չե՞ս պահում ու հարմարվում։ Հիմա սրանք հերիք չէ՝ ետ չեն վերցնում իրենց տվածը, մի բան էլ թազա բան են ուզում մեզ վրա ծախեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը