Շատերս ենք ասում, որ հունիսի 20-ին մենք ընտրություն ենք կատարելու ընդհանրապես պետություն ունենալ-չունենալու միջև։ Կախված նրանից, թե որ ուժն է ընտրվում, կարող ենք հասկանալ մեր գլխին գալիքը՝ Հայաստանը մնո՞ւմ է մեզ, թե՞ հանձնում ենք մեր թշնամիներին ու հակառակորդներին։ Թե ինչ է ասում ու անում Նիկոլ Փաշինյանը՝ նորություն չէ, արդեն գիտենք, արդեն կարող են իրենք ծրագիր էլ չտպել, գիտենք ինչ Հայաստան են բերելու, տեսել ենք և տեսածից ելնելով՝ շարունակությունն ենք կանխատեսում․ Նիկոլի վերընտրվելու դեպքում ստացվում է՝ Սյունիքի կեսը Ադրբեջան է, Գեղարքունիքի կեսը՝ Սևանա լճի ամենամաքուր՝ Շորժայի ափով Ադրբեջան է, Տավուշի կեսը Ոսկեպարով ու այլ գյուղերով, Ադրբեջան է, Վայոց ձորը՝ Ջերմուկի լեռներով, Ադրբեջան է։ Իսկ ինչ մնաց տակը, դրանով բացենք սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, թուրքական ներդրումները բերենք ու ապրենք այդ տրամաբանությամբ, եթե դա ապրել է համարվում։ Եթե որևէ մեկը կասի, թե Նիկոլի վերընտրվելու պարագայում այդպես չի լինելու, ուրեմն նա առնվազն անհեռատես է։
Էն գյուղացին, որ ամեն օր դժգոհում է ապրանքի իրացումից, պետք է իմանա, որ ա՛յս հեռանկարն է իր առաջ․ նա Նիկոլի Հայաստանում հողը մշակելու է ադրբեջանցի հողատիրոջ մոտ, էն կոշկակարը, կարի արտադրամասում աշխատողը, որ Նիկոլ է ընտրում, թող պատրաստվի յառլիկի վրա գրելու պատրաստված է Թուրքիայում․ էս հաղորդումը իմ փոխարեն վարողը սկսելու է թուրքական ողջույնով։ Սա՛ է լինելու։ Արժանապատիվները լքելու են երկիրը, լքելու փող չունեցող արժանապատիվները խառնվելու են նիկոլական զանգվածին ու շարունակելու են ապրել համատարած ամոթի մեջ։ Դա Նիկոլի նվիրած Հայաստանի շարունակությունն է։
Եթե որևէ մեկը կարծում է, թե ես չափազանցնում եմ, ուրեմն նա չի կարողանում վերլուծել, գիտակցել ու հասկանալ, թե մենք ինչի միջով ենք անցել այս երեք տարին, հատկապես՝ վերջին տարին ու ինչ է կատարվում մեր երկրում։
Ու չնայեք, թե ինչ է գրված Նիկոլի ծրագրում․ երեք տարի առաջվա ծրագրում ոչինչ չկար այն մասին, որ Նիկոլ հայտարարելու է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, իսկ երեկ հայտարարեց։ Էդ ծրագրում ոչինչ չկար այն մասին, թե որ լեռի վրա ձյուն է դրել, պետք է տանք Ադրբեջանին, երկու օր առաջ հայտարարեց։ Գրված չէր, որ Նիկոլը հայտարարելու է՝ Շուռնուխից սկսած՝ Ադրբեջան է։ Հենց երեկ Հանրային հեռուստաընկերությունը, Նիկոլի Հ1-ը քարոզ էր անում, որ Տիգրանաշենը Ադրբեջան է, լրագրողը հայկական ցուցանակի տակ կանգնել ու նշում էր, որ առաջ սա ադրբեջանական էր ու գյուղում ադրբեջանցիներ էին։ Հ1-ը իրենց բաժինն արդեն տվել է։ Նիկոլի Այդ ծրագրում գրված չէր, որ աղքատությունը կհասցնեն 40 տոկոսի, որ պաշտոնյաները պարգևավճար են ստանալու։
Մենք գիտենք, թե ինչ է մեզ առաջարկելու իշխանությունը, լավ հասկանում ենք, տեսել ենք ու այդ մասին Նիկոլը հայտարարում է իր կիսախելագար ելույթներում։
Եվս 3 տարի եթե նույն տեմպերով գնանք, ևս երեք տարի եթե ամեն տարի 15 տոկոսով աղքատությունը մեծանա, 15 տոկոսով գործազրկությունը մեծանա, 10 տոկոսով ներդրումները փախչեն, միջինը 6 տոկոսով գնաճ լինի, ո՞ւր կհասնենք երեք տարի հետո։ Դու՝ ինձ նայող հեռուստադիտող, տես դու ինչ վիճակում ես հասել երեք տարում ու իմացիր, որ հաջորդ երեք տարում քո էդ վիճակը խորանալու է։ Գյուղում հողի մշակ ես՝ թարկելու ես գործդ, պետական հիմնարկներում ես աշխատում, կրճատվելու է, մասնավորում ես աշխատում, բիզնեսդ փակվելու է, օտարերկրյա կապիտալով ընկերությունում ես աշխատում, արտագաղթելու է բիզնեսը։ Անկայուն երկիրը մի հատ ճահիճ է, որտեղ միայն գորտերի ձայնն է լսվում։ Նիկոլի ընտրվելու դեպքում հե՛նց դա է լինելու, իսկ 2 տարի հետո մենք էլի ընտրությունների առաջ ենք կանգնելու, բայց արդեն կատարյալ սովահար ժողովրդով, կեսն ընկած Հայաստանով։ Մեր աչքի առաջ ունենք զուր կորցրած երեք տարի։ Ամենակարևորը վստահությունն է, որը այդ մարդու պարագայում լիովին բացակայում է։
Ի դեպ, նա արդեն ընկալել է, ընդունում է, որ դավաճան է ու հենց դրա համար էլ ելույթներում կասկած է հայտնում՝ լավ, բա որ ես դավաճան եմ, ինչի՞ են ինձ հետ մարդիկ հանդիպման գալիս։ Դո՛ւք մտածեք, ժողովուրդ, թե ինչու եք գնում։ Չնայած Նիկոլի հավաքներին մարդկանց թիվը ինձ լիովին բավարարում է՝ նրանք քիչ են և՝ զոռով միտինգի քշված։
Եվ ուրեմն, ես մերժում եմ Նիկոլի ծրագիրը, ես մերժում եմ Նիկոլի թիմը, Նիկոլի կառավարությունը ու ես ընտրում եմ արժանապատիվ ու ապահով Հայաստանը։ «365 օր․ ապագան սկսվում է հիմա»․ այսպես է կոչվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ծրագիրը, որի շնորհանդեսը մայիսի 29-ին էր։ Առաջիկայում կանդրադառնամ այդ ծրագրին մանրամասնորեն, բայց ասեմ, որ չկա մեր առջև ծառացած մի կենսական խնդիր, որը ծրագրում չկա և լուծումը առաջարկված չէ։
Նրանք խոստանում են հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, ոչ թե էժան շուստրիություն, ինչպես այսօր է։ Նրանք ոչ թե մարդամեկի նման ասում են՝ մենք հպարտանում ենք մեր պարտությամբ, այլ ասում են՝ մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձևավորել տարածաշրջանային նոր օրակարգ։ Նրանք խոստանում են անվտանգ Հայաստան։ Նրանք խոստանում են անհապաղ ձեռնամուխ լինել 44 օրյա պատերազմում գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների և անհետ կորածների տվյալների հստակեցմանը: Ստեղծելու են վիրավորների վերականգնման նոր և լիարժեք պայմաններ ու դա անելու են էն շենքում, որտեղ այսօր ձեր միջոցներով կյանքն է վայելում Նիկոլը, Արարատ Միրզոյանը։ Բոլոր փախստականներին ապահովելու են բնակարաններով և կյանքի արժանապատիվ պայմաններով: Բոլոր ու բոլոր ոլորտների վերաբերյալ կան դրույթներ, այլ որակի երկիր սարքելու դրույթներ։
Ամենակարևորներից է մթնոլորտը։
Հաղթահարելու ենք ներազգային պառակտվածությունը՝ երկրում վերականգնելով համերաշխության և երկխոսության կենսական մթնոլորտը։ Բոլորս մեր օրինակներով գիտենք՝ բարեկամների, հարազատների մեջ անգամ սև ու սպիտակի ենք բաժանվել, բոլորս էլ ունենք բարեկամներ, որոնց հետ չենք շփվում, դա մեզ ջլատում է։ Չի կարող ներսում, ընտանիքներում ունենանք պառակտվածություն, բայց երկրում դա չլինի։ Դա շտկելու ենք։ Տնտեսապես խոստանում են Հայաստանը դարձնել ապրելու երկիր։ Ձեզանից ամեն մեկը, ամեն ընտանիք կարող է իր աշխատանքով ապրել ապահով, առավոտ չզարթնել ու մտածել հացի մասին։ Երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց բնակարանային ու այլ խնդիրները լուծել, ու ընդհանրապես ընտանիք կազմելու ցնկություն կունենան, ոչ թե կապրեն անկանխատեսելի երկրում, որտեղ չգիտես՝ մեկ օր հետո ինչ կարող է լինել։ Ամենակարևորներից եմ համարում համաչափ զարգացումը, որ այսքան խորը ու մեծ չլինի տարբերությունը մեր երկրի տարբեր անկյունների։
Այս ծրագրում չկա պոպուլիզմ, այստեղ կոնկրետ լուծումներ են։ Այս ծրագրում չկա մի կետ, որը գրված է ամբոխին դուր գալու համար։ Սա ուժեղ ու անվտանգ պետության մասին է։
Հայաստանի բրենդը չի լինելու հեղաշրջումը, պարտությունն ու գիժ ղեկավարությունը։ Հայաստանի բրենդը լինելու է աշխատող ու բարեկեցիկ քաղաքացին, մարտունակ բանակը, աշխատող պետությունը, սեփական բարձր արտադրանքը, կրթված քաղաքացին։
Կարճ ասած՝ ո՞վ և ի՞նչն է ինձ վստահություն տալիս․ Դաշնակցությունը վառ է պահում հայրենասիրությունը, Սփյուռքում հային հայ է պահում, Սյունիքը Հայաստանի վահանն է թշնամու դեմ, իր մարմնով պահում է Հայաստանը։ Նրանք միացել են Ռոբերտ Քոչարյանին, մարդու, որի ուժն ու հզորությունը, ամրությունը որևէ կասկած չեն թողնում, որ հաղթահարելու ենք խնդիրները։ Եվ իհարկե՝ հիշում ենք 1998-2008 թվականները․ չի եղել երկրորդ նախագահի խոստում, որը մնա անկատար։ 365 օր՝ ամեն օր աշխատանք ու ամեն օր կզգանք այդ փոփոխությունը։
Անձամբ վստահում եմ և հպարտ եմ, որ աջակցում եմ հենց ա՛յս դաշինքին։ Ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում ու հստակ որոշել եմ ում եմ ընտրում։ Իսկ դո՞ւ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը