«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում առավել մեծ ուշադրության արժանացավ ծրագրի սոցիալական բաղադրիչը, որի համաձայն՝ նախատեսվում է աղքատության կրճատում 10 տոկոսային կետով:
Բախտի բերմամբ թե պատահմամբ, գրեթե նույն օրերին՝ նոյեմբերի 30-ին, Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2017թթ. ժամանակահատվածում: Այս զեկույցի ժամանակագրական ծածկույթը, ըստ էության, հանդիսանում է նախորդ իշխանության ղեկավարման ժամանակահատվածը, և լավ առիթ է այս ուղղությամբ արձանագրված հաջողություններն ամփոփելու համար: Այս մասին գրում է 168․am-ը։
2017թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 25.7%՝ այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից ամեն չորրորդն ամսական 41612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել։ Համեմատելով նույն ցուցանիշը 2010 թվականի ցուցանիշի հետ, պետք է փաստենք, որ համաձայն հրապարակված տվյալների՝ 2010-2017 թվականներին Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 10.1 տոկոսային կետով: Ընդ որում, միայն 3.7 տոկոսային կետով նվազումն ապահովվել է վերջին մեկ տարում, որի հիմնական գործոնը եղել է արձանագրված 7 տոկոսից ավելի տնտեսական աճը:
2017թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է 766 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 316 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 42 հազար մարդ: Աղքատության մակարդակի նվազմանը զուգահեռ՝ զգալի նվազել է նաև ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ 2017 թվականի արդյունքներով կազմելով 1.4 տոկոս:
Այսպիսով, ամփոփելով նախորդ տարիների ցուցանիշները, պետք է փաստենք, որ նախորդ իշխանություններն աղքատության մակարդակի 10 տոկոսային կետով նվազում ապահովել են վերջին 7 տարիների ընթացքում: Փաշինյանի իշխանությունը դեռևս խոստանում է նույն արդյունքն ապահովել 5 տարում, որը, ի դեպ, նրանց կողմից բնորոշվում է՝ որպես աննախադեպ արդյունք: Սակայն այն, ինչ խոստանում է գալիք իշխանությունը, նախկին՝ Հանրապետական (ՀՀԿ) իշխանության կողմից արդեն իսկ արձանագրված արդյունք և փաստ է: Իհարկե, մեծ է ցանկությունը՝ Փաշինյանի թիմի կողմից հրապարակված այս խոստումն իրականացված տեսնել, սակայն պետք է փաստենք, որ այն դեռևս ընդամենը հերթական նախընտրական խոստում է, որի իրականացման համար շատ ջանք պետք է թափել։ Կիրականանա՞ նրա այդ խոստումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը