16 02 2023

«Կարճ ասած»․ Նիկոլն անտուն է թողնում իր ընտրողներին



 

Ոստիկանը կացարանից քաշքշելով, բերման ենթարկելով վտարում է ընտանիքներին ու իրենց գործողության դեմ բողոքող կանանց հատ-հատ մոտենում ասում է՝ կանացիությունդ մի կորցրու, քեզ հայ կնոջ նման պահի, հայեցիությունդ մոռացել ես։ Ինքը հայ տղամարդն է, տնից վտարում է կնոջը՝ մանկահասակ երեխաները թևի տակ դրած ու ասում է՝ քեզ հայ կնոջ նման պահի։ Ծիծաղելի է։ Ինչպես նաև ծիծաղելի էր, երբ մյուս ոստիկանը քաշքշում է կնոջը, մանական սայլակն հանում-գցում է դուրս, բայց պնդում է, որ իր հետ «դուք»-ով խոսեն։ Հարգանք է պահանջում, հայ տղամարդ ոստիկանը։

Այսօր շատ տխուր ու ցավալի պատկեր գրանցվեց։ Վաղ առավոտյան ահազանգ ստացանք, որ ոստիկանությունը մտել է ՊՆ նախկին շենք, վտարում է բնակիչներին, տղամարդկանց բերման է ենթարկում, կանանց, երեխաներին հանում-գցում է դուրս։ Այդ մարդիկ տեղահան են արվում արդեն երկրորդ անգամ, նախորդ անգամ տեղահան արվեցին էլի այս իշխանության պատճառով իրենց հողերից, տներից։

Բանն այն է, որ ՊՆ նախկին շենքում ապաստան են գտել 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում անտուն մնացած մարդիկ, սահմանապահների ընտանիքներ, զոհերի հարազատներ, թշնամուն հանձնած տարածքներից վտարված քաղաքացիներ, որոնց պետությունը տնով չի ապահովել։ Նրանց թողել են առանց ծածկի ու չեն հետաքրքրվել, թե այդ 150-200 ընտանիքները ինչ են անելու։ Քաղաքացիներն իրենք չօգտագործվող տարածքը հարմարեցրել են, վարկ են վերցրել, դուռ-պատուհան փոխել, որ հնարավոր լինի ապրել։ Կառավարության որոշմամբ երբ 70-ից ավելի զորամասեր, ՊՆ շենքեր վաճառվեցին, դրանց թվում էր նաև հենց այդ շենքը։ Հանձնել են ՊԵԿ-ին, Ռուստամ Բադասյանն էլ դիմել է ոստիկանություն, որ ազատեն տարածքը անօրինական ապրող ինչ-որ քաղաքացիներից։ Լավ, հասկացանք անօրինական էր, բայց ինչպե՞ս է ստացվել և ինչո՞ւ են քաղաքացիներն ապրում այդ շենքում․ որովհետև ապրելու ուրիշ տեղ չունեն։ Ինչո՞ւ չունեն․ որովհետև իրենց տունը Բադասյանի ղեկավար Փաշինյանը հանձնել է թշնամուն, բայց փոխհատուցում չի տվել։ Այս իշխանությունը երևի աշխարհի միակ իշխանությունն է, որ իր քաղաքացիներին տեղահան է արել իրենց հողերից ու հանձնել է թշնամուն։ Բայց դրա դիմաց փոխհատուցում չի տվել, ու հիմա էլ վտարում է այն խղճուկ կացարաններից, որ իրենք են հարմարեցրել՝ այն հույսով որ իրենց հարցին կանդրադառնան, լուծում կտան։

Մի քանի ծնող ասացին, որ իրենց որդիները զոհվել են պատերազմում։ Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ պատերազմում զոհվածի ընտանիքը տուն չունի։ Պատերազմում կորցրել են զավակին, կառավարությունը պարտավոր է անել այնպես, որ այդ մարդիկ, որոնք վշտի մեջ են, գոնե իրենց սգի հետ, մի հատ էլ տան խնդիր չունենան։ Ու քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ դուք ինչո՞ւ եք 100 միլիոնավոր դրամներ ուղարկում երկրաշարժից տունը կորցրած թուրքերին օգնելու, բայց մեզ հանում եք անգամ ժամանակավոր անօրինական տնից, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ե՛ս տուն չունեմ, երբ դու խոստումներ ես տվել, ո՞ւր են գնացել պետության փողերը, ում գրպաններն են, վերցրած միլիարդավոր դոլարների վարկերն ինչ եք արել, ու՞մ ու ինչի՞ վրա եք ծախսել ավելի կարևոր քան տեղահանվածներին բնակարանով ապահովելը։

Չէ, բայց իսկականից․ այդ ի՞նչ ավելի կարևոր ծախսեր եք անում, որ տարին 1-2 միլիարդ դոլարի միայն պարք եք վերցնում, սաղ հարկերը գերհավաքում եք, բայց զորամաս չեք սարքում, սահման չեք կահավորում, զոհվածի ծնողին որ առանց տուն եք թողել, տուն չեք սարքում տալիս, բա ի՞նչ եք արել էդ փողերը, ի՞նչ ավելի կարևոր բան եք արել, որ չգիտենք։

«Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել» նախադասությունը շատ անկյունաքարային է։ Ու դա արդեն 4 տարի է՝ ամենօրյա կտրվածքով օգտագործում են։ Ինչի՞ համար են մարդիկ մասնակցել էդ հեղափոխություն կոչվածին։ Ունեին տուն, տեղ, ապրուստ, սեփականություն, որոշեցին փոխել իշխանությանը, հնից հոգնել էին, համ էլ ուզում էին ավելի լավ ապրել։ Հիշում ե՞ք․ Ինչ էլ լինի, Սերժից վատ չի լինի։ Դե հլը հիմա ասեք։ Ես կողմ եմ՝ ժողովուրդը պետք է միշտ պահանջներ ներկայացնի ու հասնի դրանց։ Բայց իշխանափոխություն անելով՝ բերել են էնպիսի տեսակի մարդկանց, որ հիմա շատ ավելի վատ են ապրում, հետն էլ կորցրել են տունը, հողը, տան անդամին, ու հազիվ մի տեղ գտած՝ ապրում էին, էդտեղից էլ վտարում են։ Ով խոսում էր, ասում էր Նիկոլ ենք ընտրել, մենք գիտեինք մեզանից մեկն ա, բայց մեզ վտարում են։ Էսօր ևս Նիկոլը առաջին հերթին վատություն արեց հենց իրեն ընտրողներին։ Մինչ այս ինչ լինում էր, չէին մեղադրում գլխավոր մեղավորին։ Հողերը հանձնեց, տնից զրկվածները ասացին նախկիններն են մեղավոր, բիզնեսը կորցրեցին, ասացին դե խեղճ հարիֆն ի՞նչ անի, թոշակը չի բարձրացվում, ասացին, դե բա թալանել էն, գները թանկանում էին, ասացին սաղ աշխարհումա  տենց․ ամեն օր մի որոշմամբ, մի սխալ քայլով ժողովրդի գրպանին, ընտանիքին խփում էր իշխանությունը, իրենք մեղադրում էին ում ասես․ բայց այսօր, երբ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի որոշման արդյունքում ու իր հրամանով տնից վտարում են, արդեն սկսել են հասկանալ, որ էլ արդարացնելու տեղ չկա, արդեն ուղիղ ասում են՝ նախկինում ավելի լավ էր, Նիկոլից հիասթափվեցինք։

Այո, իրենք հիասթափվեցին, որովհետև արդեն էնքան շատ են վատություն տեսել Նիկոլից, որ մտածում են՝ անհնար է այսքան զուգադիպություն ու անհնար է ամեն ինչում մեղավոր լինեն ուրիշները։ Խոսքս վերաբերում է ՀՀ քաղաքացիների մեծ մասին։ Աշնանը տեսանք ինչ ակցիաներ էին, խաղող արտադրող գյուղացիները բողոքում էին, որ էժան է մթերվում, չեն մթերում, ասում էին մեզ կառավարությունը չի օգնում, բայց մի քաղաքականացրեք․ եկան-հանդիպեցին Քերոբյանին, թիվ 1 ստախոսի մեդալ տվեցին, նա էլ խոստացավ հարցը կարգավորել։ Արդյունքում միևնույն է՝ շատ էժանով մթերեցին, փողը մինչև հիմա չեն տվել, Քերոբյանին եկել են ասեն էս ի՞նչ արիք մեր գլխին, ասում է՝ ինչո՞ւ եք ինձ դիմում, դիմեք դատարան։ Հիմա գյուղացին, որ բողոքում էր ու եղանակից բռնած ամեն ինչին մեղադրում, բացի ամեն ինչի մեղավորից, հասկանում է, որ էս կառավարությունը իրեն թույլ չի տալու մարդավարի ապրել։

Էս պահին մարդիկ սահման են պահում, բայց իրենց ընտանիքներին հանում-գցում են դուրս, ու նա, որ կանգնած է էս պահին պոստերում, տեսնում է էս ամենն ու հարցնում՝ ո՞ւմ համար եմ անում, որ ՔՊ-ն հանգիստ պարգևավճար ստանա՞ ու ծախսի ապահովության մե՞ջ։ Սահման է պահում, որ Ալենը, Արարատը, աներձագ Հրաչը, Մելքոնյան Գագոն, Գուգոն, Գրզոն իրենց համար թազա դղյակներ սարքեն, իսկ իր ընտանիքին հերիք չէ ոչինչ չեն անում, մի հատ էլ եղած ապօրինի կացարանից հանում շպրտում են դուրս։

Տնից վտարվող բնակչուհին հարց է տալիս, ասում է՝ Նիկոլը կարա՞ իր ընտանիքով էս ճքճքան ցրտին մի գիշեր դուրսը քնի։ Ինչի՞ պետք է դրսում մնա, իսկ ի՞նչ է եղել որ․ պատերազ է տանուլ տվե՞լ՝ էդ հեչ, Ղարաբաղ է հանձնե՞լ՝ դե լավ ի՞նչ եղել որ, ի՞նչ ասել, սուտ է դուրս եկե՞լ․ է բա տնաշեններ, զաթո նախկիններից չի, էն ատելի ժամանակները անցել են, էն որ կարողանում էիք գնալ Քոբուլեթի ու քմծիծաղով ադրբեջանցիներին նայեիք, որովհետև պատերազմում հաղթած ազգից էիք, էն որ Արցախ էիք գնում, համով հաց ուտում, մաքուր օդ շնչում ու հպարտությունից արբած վերադառնում, որովհետև վերջին 600 տարվա մեջ հայկական պատմական հող ավելացրած ժամանակակիցներ էիք․ բա դա կյանք է՞ր, որ ապրում էիք։ Իսկ Նիկոլը, արխային, նա այս գիշեր Մյունխենում է շրջագայելու՝ ի միջի այլոց՝ հենց ձեր փողերով։ Մինչև 2018 թվականը ժողովուրդը Փաշինյանի ու իր նմանների համար էն սանդուղքն էր, որ պետք է վրայով քայլեր-բարձրանար ու հասներ իշխանության։ Դրանից հետո մինչև 2021 թվականի ընտրությունները ժողովուրդը իր համար ընտրազանգված էր, որ պետք է խաբելով ձայն փախցներ․ իսկ ընտրություններից հետո նա արդեն կատարելագործել է վերընտրվելու մեխանիզմները, ու այլևս ժողովուրդն իրեն պետք չէ։ Հիմա նա արդեն սեփականաշնորհել է պետական բոլոր մարմինները, իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը, դատականը, ԿԸՀ-ն, բուհերը իրենն է, ամեն ամեն ինչ իրենն է ու արդեն ժողովրդից վախենալու, քաշվելու պատճառ չունի։ Ինքը ստեղծել է թիմ, որին կապում են փողը, պաշտոնը, վախը ու վայելում են։ Ապացույցնե՞ր։ Էդ որ դուք ապրելու տեղ անգամ չունեք, բայց ՔՊ-ական, նախկինում սիգարետ կրակող պաշտոնյաները արագ հարստանում են ու մի օր առանց պաշտոնի չեն մնում, դա էլ ձեզ ապացույց։

Կարճ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ ավելի շատ բողոքում էին քաղաքական ուժերը, գործիչները, մարդիկ, որոնք մտածում էին Հայաստանի ու Արցախի ճակատագրով, ու նրանց Փաշինյանը համարում էր էլիտաների պայքար, ապա վերջին շրջանում շատ ավելի շատ են հենց սոցիալական վիճակի համար բողոքողները ու մարդիկ, որոնք հենց Փաշինյանի երբեմնի երկրպագուներն են։

Այս վիճակը շարունակվելու է այնքան, քանի դեռ բոլոր նրանք, ովքեր փողոց են փակել, բերել են իշխանության, նույն մարդիկ դարձյալ նույն ճանապարհով չհեռացնեն իրենց բերածներին։ Քանի Նիկոլի իշխանությունը կա, դուք կորցնելու եք ամենօրյա ռեժիմով։ Կորցնելու եք այնպես, ինչպես կորցրել են հարյուր հազարավոր մարդիկ, այլ տարբերակ չկա։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ