«Անպայման հայտարարագիր կներկայացնեմ, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե ինչպես եմ ձեռք բերել բնակարանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր թանկարժեք բնակարանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին: Նա վստահեցնում է, որ որևէ զարմանալի բան չկա ոչ գործարքում, ոչ էլ իր բնակարան ձեռք բերելու մեջ:
Նշենք, որ Hetq.am կայքը հետաքննական հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն ձեռք է բերել 168 000 ԱՄՆ դոլարով:
Սուրեն Պապիկյանը, սակայն, առաջին բնակարանը չէ, որ ձեռք է բերել հեղափոխությունից հետո և արդեն պաշտոնավարման շրջանում։ Մինչ Պապիկյանի` նոր հայտարարագիր ներկայացնելը, հիշենք, թե նա ինչ է պաշտոնապես հայտարարագրել մինչ այս:
Այսպես, Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է 1 300 000 դրամ և 1400 ԱՄՆ դոլար: Նա հայտարարագրել է նաև NISSAN TEANA մակնիշի ավտոմքենա, անշարժ գույք չի հայտարարագրել:
2019 թվականի հայտարարագրում արդեն տեսնում ենք, որ Սուրեն Պապիկյանին պատկանում է միանգամից երեք հողամաս Լոռիում, որոնք սակայն նշված է, որ ձեռք է բերել 2003 թվականին: Բացի այդ, Սուրեն Պապիկյանը 2019 թվականին Երևանի Արաբկիր թաղամասում (ըստ մամուլի հրապարակումների՝ Երազ թաղամասում) ձեռք է բերում 26,762,300 դրամ արժողությամբ բնակարան: Այդ տարում Պապիկյանը նաև երկու բանկից վարկեր է վերցնում՝ համապատասխանաբար 18,733,610 և 1,850,000 դրամ:
2020 թվականին Սուրեն Պապիկյանը ևս երկու վարկ է վերցնում ընդհանուր մոտ 20 միլիոն դրամ արժողությամբ:
2021-ին ըստ պաշտոնական հայտարարագրի՝ բանկերին ունեցած Պապիկյանի ընդհանուր վարկային պարտավորությունները կազմում են 23 միլիոն դրամ, այսինքն գրեթե կեսը մեկ տարվա ընթացքում Պապիկյանը վճարում է:
Դե իսկ, 2022-ին Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում արդեն երկրորդ բնակարանը նորակառույց շենքում, գործարքի գինը կազմել է 69 միլիոն դրամ:
Մոտ հինգ տարվա մեջ Սուրեն Պապիկյանը ձեռք է բերում երկրորդ բնակարանը նորակառույց շենքերում:
Կրկին պաշտոնական հայտարարագրով՝ Պապիկյանի 2021-ի եկամուտները կազմել են 23 միլիոն դրամ:
Անդրադառնալով Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասաց․ «Նոր ընտանիք է, լավ է, թող գնեն»։ Հետաքրքիր է, բոլո՞ր նորակազմ ընտանիքներին է տրված 4 տարում երկու բնակարան գնելու հնարավորություն, որոնցից մեկը՝ կես միլիոն դոլարանոց։
Ի դեպ, ուշագրավ է, որ Պաշտպանության նախարարի գնած երկրորդ տան արժեքը չի համապատասխանում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի ծրագրին, քանի որ շեմը մինչև 55 մլն դրամն է։ Այսինքն, Պապիկյանը այդ վարը պետք է փակի իր մաքուր զուտ եկամտից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը