09 07 2024

«Կարճ ասած»․ ՔՊ-ականների ծառի հովի, դղյակների և ապագայի բանտերի մասին



 

Մի ֆոտոշոփի մասնագետի եմ ճանաչում․ էնքան կատարյալ է անում էդ գործը, որ բոլորին համոզում է։ Փայլուն մոնտաժ էր արել, իրեն խցկել Ֆրանսիայի նախագահի նստավայր Ելիսեյան պալատի կարևոր հյուրերի մեջ, իբր իրեն ընդունել է Սարկոզին, Սպիտակ տուն էլ էր այցելել լուսանկարներով, Կորեայի նախագահի նստավայր Կապույտ տուն, Կրեմլ, կարողացել էր համոզել, որ որ երկիր գնացել է՝ եղել է նախագահի հյուրը, չնայած որ գնացած միակ տեղը Քոբուլեթին էր։ Այսպես ասած՝ պալիտ եղավ, երբ փայլուն ֆոտոշոփի արդյունքում իրեն խցկել էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի մեջ։

Նորիկին հիշեցի, երբ աչքովս ընկավ ՔՊ-ականների լուսանկարը՝ մի ծառի տակ, և հայտարարությունը, թե գնացել են Կիրանց, խոսել ժողովրդի հետ, և պարզել, որ ժղովուրդը շատ գոհ է, ոչ մի բանի խնդիր չունի, շատ ուրախ է։ Անկեղծորեն՝ ես ոչ էլ իմացա՝ իրականում գնացել են, թե Նորիկին տվել են մոնտաժ անի․ գիտենք, թե ինչ ստի վարպետ իշխանության հետ գործ ունենք։ Կիրանցեցիներն ասում են՝ ՔՊ-ական պատգամավոր չենք տեսել։ Փոքր գյուղ է՝ 2011 թվականին 350 բնակիչ ուներ ընդամենը, հիմա դրա կեսը հազիվ մնացած լինի․ որ մի բան է կատարվում գյուղում, պարզ է, չէ՞, անմիջապես իմանում են։

Պատգամավոր Լուլուն ասում է, որ անսահման հպարտ է իր տեսածով, ու իրենց քանդելով։ Լուլուն հպարտ է, որ դպրոցից 50 մետր հեռու թշնամու զինվորն է․ գիտե՞ք ինչու է հպարտ․ կարծում եմ նրա համար, որ Լուլուի երկու տներից և ոչ մեկը Կիրանց գյուղում չէ։ Տեսնես ինչո՞ւ այնտեղ չի առել։ Այդ լուսանկարում եղած ՔՊ-ականներից համարյա բոլորը բնակարան ու առանձնատուն են առել, Երևանում․ ոչ մեկ չի առել բնակարան հանձնվող կամ սահմանամերձ գյուղում։ Բայց նրանք գնում են գյուղ՝ այցի ու հանձնվող, կիսահանձնված գյուղի գյուղացու անունից ասում, որ գյուղացին գոհ է ու երջանիկ, որ սահմանը հասավ իրենց տուն։ Գյուղացին դժգոհ է, որ էդ սահմանագծման արդյունքում իր խոտհարքը մնացել է թշնամուն, դաշտ տանող ճանապարհը մնացել է թշնամուն․ դե արի Երևանում տներ առնող ՔՊ-ական պատգամավորին բացատրի, թե խոտհարքն ինչ է։

Նարեկ Զեյնալյանին, օրինակ, կարելի է առաջարկել ամառային արձակուրդներն անցկացնել Ոսկեպարում, ռազ որ էդքան երջանիկ են բոլորով, միանգամից իր կուսակցության պարագլուխներին էլ թող առաջարկի, Նիկոլին, Վահագին, Ալենին, էն Գևորգին, ասա բա ինչքան հավես էր, թող իրենք էլ գան, գնաք-մնաք։ Սա, կներեք արտահայտությանս, կապիկություն է։ Ո՞ւմ համար են անում էդ կապիկությունը, կիրանցեցիների համա՞ր։ Չէ, ժղովուրդ ջան, անում են էն գյուղացիների համար՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում, Երասխում և այլուր, որոնց տները ու գյուղը պլանի տակ է և հանձնելու են․ սա խաբել է, աչքներին թոզ փչել է․ գիտեն, որ ընդամենը մի քանի րոպե է պետք իրենց ստերը բացահայտելու համար, բայց ասում են, քանի հոգու կարողացան հիմարացնել, էլի լավ է․ որովհետև պետական հեռուստատեսությունը իրենց է ցույց տալիս, ոչ թե իրենց վերաբերյալ հերքումները։ Կիրանց գյուղից արդեն ընտանիքներ են դուրս եկել, կարդացի, որ Ոսկեպարից 5 ընտանիք է դուրս եկել․ ու սա սկիզբն է, ընդամենը մի քանի օրում։

Լավ, իսկ ինչի՞ համար են ՔՊ-ականները այդպես ստում, մոլորեցնում մարդկանց, թուլացնում ինքնապաշտպանական բնազդը։ Համոզմունքո՞վ են անում, թե՞ ինչ-որ բանի դիմաց, օրինակ՝ պաշտոնի, փողի։ Օրերս շատ ուշագրավ բան ասաց ՔՊ-ական պատգամավորը․ ասում է՝ ՔՊ-ականների 99 տոկոսը տուն ենք առել, դրա համար մեզ պետք են պարգևավճարները օդ ու ջրի պես։ Այսինքն՝ էս ամբողջ շոուն, ՔՊ-ականների գործունեությունը, իշխանությունից ճանկռելը, իրենց տան, իրենց օրվա հացի համար էր։ Բա դա էլ գնացեք ասեք, որ ձեզ երբեք էլ չի հետաքրքրել սոցիալական արդարություն, բյուջեի մեծացում ու ժողովրդի հոգսերի թեթևացում․ պարտքերը վերցնում եք, բյուջեն մեծացնում եք, որ ինքներդ ձեզ պարգևավճար տաք, տարին մի 5-6 անգամ, որ ձեր պարտքերը փակեք, ոչ թե սիրուշ տատիկի մատից փուշ հանեք։ Այո՛, հետաքրքրում է իրենց փողը, իրենց փորը, ու դրա դիմաց պատրաստ են, ձեր տներն ու հողերը հանձնելն էլ գովեն, ձեր տուն հանձնելն էլ կարդարացնեն․ կարևորը ամսա վերջում իրենց հաշվիներին աշխատավարձից բացի հավելավճար ու պարգևավճար նստի, որը և նստում է։ Հանուն դրա՝ երկիր էլ կուրանան․ որովհետև տուն են առել, ու էդ փողը պետք ա։ Հետաքրքիր է՝ էդ կենսական անհրաժեշտության՝ փողի մասին խոսակցություն բոլո՞ր ՔՊ-ականներն ունեն․ կարող է՞ Նիկոլն էլ ունի, օրինակ՝ Ալիևի հետ։ Իշխանական պատգամավորն ասում է՝ ՔՊ-ականների 99 տոկոսը տուն է առել․ մի միամիտ հարց տամ, դուք ասում եք ժողովրդի համար եք եկել․ որ ձեր 99 տոկոսը տուն է առել, ժողովրդի 99 տոկոսն էլ է՞ 2018-ից հետո տուն առել։ Վստահաբար՝ ոչ։ 10 տոկոսն էլ չի առել, 5 տոկոսն էլ։

Մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ, 4 երեխայի հայրը, որի երրորդ երեխան ծնվել էր հեղափոխության օրը ու ափսոսում էր, որ տղա չի ծնվել, որ անունը դնի Նիկոլ․ ոչինչ, ասում էի, աղջիկ ա՝ դիր Աննա-Նիկոլ, այ էդ մարդը նախորդ տարի 4 սենյականոց բնակարանը ծախել է և երկու սենյականոց տուն գնել նույն Դավթաշենում․ 7 հոգանոց ընտանիքը պետք է ապրի 2 սենյականոց բնակարանում, որովհետև ծախսերը չէր հերիքում, տունը ծախեց․ աշխատավարձը քիչ, ամեն ինչ թանկ։ Իր բերած պատգամավորը, մի տուն 2021-ին էր առել, մի հատ էլ 2023-ին էլիտար շենքում։ Պարզ է, նենց էլ չի թեշատ անհրաժեշտ էր, ուղղակի, հետ է գցում, վաղը-մյուս օրն անգործ է մնալու, առնվազն։

ՔՊ ընտրողը տունը ծախում է, որ հացի փող ունենա, օրը 2 հաց չի կարողանում առնել, ՔՊ-ականը օրը երկու տուն ա առնում։ Բայց դրանից հետո էլ ծաղրում են քաղաքացիներին, գնում են հանձնված գյուղում ծառ են գտնում, նկարվում տակը ու ասում՝ հա ինչ ա եղել, շատ էլ շնորհակալ են գյուղացիները, որ հանձնել ենք, գոհ են, ուրախ են, խնդիր չունեն։ Դե եթե խնդիր չունես, կիրանցեցի ջան, հաջորդ ընտրություններում ՔՊ-ին ոչ թե նախորդի նման 70 տոկոսին մոտ ձայն կտաս, այլ՝ 100։ Իրենք 100 տոկոսով կատարել են ձեր գյուղի հետ կապված՝ Ալիևի պլանը։

Քո ունեցվածքը մնում է  թշնամուն, դառնում է հեղեղի փայ, իսկ իրենք, ում դու բերել ես, հո խելքը հացի հետ չեն կերել, որ աղետից ու պատերազմից վտանգավոր գոտում տուն առնեն։ Եթե էս սաղ քո սրտով է, էլի գնա ընտրի, թող երեք տունը սարքեն 6։ Եթե քեզ համար էդ փոխհարաբերությունը նորմալ է, հետո էլի կընտրես, թող սարքի 9 տուն։ Բայց դու քո տունը ծախի, հանձնի, քո երեխուն բեր Եռաբլուր, որ իրենց իշխանությունը երկարի։

Բայց որ անկեղծ ասեմ, ՔՊ-ականներին հասնում է էդ նոր տները։ Էն ականջ կտրող պատգամավորը, որ Մասիսում դաչա է առել, նրան ու մյուսներին մի տուն չէ, որ հասնում է․ ջահել-ջահել՝ ապագայի վրա արդեն քրեական հոդվածներ են շալակել, իրենք մտել են դավաճանությանը հանցակցության բեռի տակ․ էդ տները, էդ միլիոնները, որ աշխատում են, դա շատ արդար վարձատրություն է էն ապագայի համեմատ, որ ունենալու են։ Լիքը մարդ կա, չէ՞, որ ասում է՝ է, ինձ համար մեկ ա, ով էլ գա իշխանության, ես իմ գործն եմ անելու։ Բայց իրենց համար մեկ չէ․ իրենք վստահաբար հայտնվելու են մի տեղ, որն առաջ կոչվում էր ուղղիչ աշխատանքային գաղութ, բայց ոչ մեկին չէր ուղղում, այլ միայն պատժում էր հա՛մ արածների, համ չարածների համար։ Այ հենց դրա համար էլ Ալենին էլ է դղյակ հասնում, Արարատին էլ է հասնում, Քոչարյան Անդրանիկին էլ է հասնում, մնացածին էլ։ Մի քանի տարի իրենց երազած ձևով ապրեն, մինչև ․․․

Կարճ ասած՝ ՔՊ-ականների՝ հանձնվող սահմանները փառաբանելը կարելի է դիտարկել պարգևավճարի տրամաբանության մեջ․ ստանում են, ստիպված են արդարացնել։ Ես սկեսցի հաղորդումը սահմաններից ու եկա-հասա փողին, որովհետև ՔՊ-ականների համար, կարծում եմ, գոյություն չունի սահմանային հարց, հանձնել-պահելու հարց․ այլ՝ ապառիկը մարելու, հիփոթեքը փակելու, օրվա կերի մասին չմտածելու հարցն է։ Ձեր խնդիրները իրենց հետաքրքրում էին միայն 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ