01 07 2022

«Կարճ ասած»․ Քա՞նի միլիոն դոլարի ներդրումից է Հայաստանը զրկվում և ինչու



 

Անվտանգություն և բարեկեցություն․ սրանք այն ամենակարևոր բաներն են, որ ցանկացած ժողովուրդ ակնկալում է ու պահանջում է իր ցանկացած իշխանությունից։ Հայաստանում այսօր երկուսն էլ ամենացածր մակարդակում են։ Անվտանգությանը հաճախ ենք անդրադառնում, իրավիճակը գիտեք։ Բարեկեցության համար առաջնային էլեմենտներից մեկը տնտեսությունն է, ներդրումներն են, գործարար միջավայրը։ Աղքատության մեծ մակարդակը հնարավոր է իջեցնել միմիայն ճիշտ քաղաքականություն վարելով, մեր դեպքում՝ ներդրումներ ապահովելու շնորհիվ։ Ներդրում բերելու համար իշխանությունը պետք է ունենա վստահություն, հարգանք, որը պետք է վաստակած լինի գործով, բառերը այդտեղ քիչ են։ Մենք շատ ենք լսում, որ Սփյուռքի հանձնակատարին ուղարկել են Սփյուռքից ներդրումներ բերելու, սփյուռքահայերն ասել են՝ կանեն միայն իշխանափոխության պարագայում։ Նմանապես, շատ ենք լսում, որ խոշոր ներդրողները Հայաստանից փախչում են։ Ավելին ասեմ, կան 4-5 խոշոր ներդրողներ՝ Սանիտեկ, Լիդիան և այլն, որ միջազգային արբիտրաժ են դիմել Հայաստանի դեմ, որովհետև իշխանությունը կամ չի թողել աշխատեն, կամ խլել է։ Ունեցել ենք դեպքեր, երբ դիմակավորված մտել են միջազգային բիզնես ընկերություն ու խուզարկել են, չեղած տեղից սկանդալ է հասունացել, վնասել ենբարի համբավին։ Այս ամենը շատ վատ ազդակ է ներդնել ցանկացողի համար։

Կրկնում եմ, որպեսզի ներդրում գա, խոշոր կազմակերպություն գա, պետք է իշխանությունը կանխատեսելի լինի, վստահելի իլնի․ ներդրողի համար պետք է կարևոր չլինի՝ երկրի ղեկավարը ով է, այլ քաղաքականությունը, մոտեցումները, օրենքները և դրանց գործելու փաստը։ Անգամ սփյուռքահայ ներդրողները, որոնք գումար են դնում զուտ հայրենիքի համար, իսկ այդպիսիք շատ կան, կարևոր է, որ վստահություն ունենան իշխանության նկատմամբ։ Իսկ Սփյուռքահայ ներդնողների ճնշող մեծամասնությանը Հայաստան է բերում զուտ արմատները, կապող օղակ որպես։ Բայց, ցավոք, այս իշխանությունը ներդրողներին վանելու մասով էլ չեմպիոն է։ Ու խոսքս միայն վարչապետի մասին չէ, բազմաթիվ օղակների։

Օրեր առաջ Երևանի ավագանու նիստ էր, որտեղ երևի թե պետք է քննարկվեր ներդրումներ բերելու, նպաստելու քաղաքականություն մշակելը, էլի նստել ամբաղ-զամբաղ, հայտարարում էին, թե գիտեք, էն Ռոդնինայի անունով գեղասահքի դպրոցը որ կա, ինչոր գործարքի դիմաց է կառուցվել։ Ուրեմն, իրենցից, էս քպական աղետից դեռ տարիներ առաջ, մեցենատ մարդը դուրսը աշխատել է, վաստակել է, բերել իր հայրենիքում իր միջոցներով կառուցել է մարզադպրոց, ոչ հասարակ, այլ սառցեդահլիճ՝ գեղասահքի ու հոկեյի համար, որը մինչ այդ չի էլ եղել, միակն էր, այնուհետ նվիրել է Երևան քաղաքին ու հիմա, ինչ-որ ժամանակավոր իշխանիկ, փոխարենը այդ դեպքը հիշելուց շնորհակալություն հայտնի, օրինակ բերի՝ թե ինչքան լավ է, որ այդպիսի նախադեպեր կան, որքան արդյունավետ է և այլն, տանում-բերում է, թե իմ իմանալով էդ բարեգործություն չէ, ինչ-որ գործարք է եղել, էդ կառուցողին ինչոր բան են տրվել։ Ավագանու ներկաներից միանգամից հիշեցնում են, թե խաբար չես, մի խոսի, մարդը սարքել-տվել է քաղաքին, գնա ուսումնասիրի, կտեսնես։ Այդ առիթով մամուլը կապվել էր գործարար Սերգեյ Համբարձումյանի հետ, խնդրել մեկնաբանել, թե ինչպես եղավ, որ կառուցեց, այդ ինչ գործարքի մասին է խոսքը, և արդյո՞ք այսօր Հայաստանում ներդրումներ անում է։ Չիմացողներին ասեմ․ Սերգեյ Համբարձումյանը սովորական գործարար չէ, մեր երկրի համար էլ սովորական ներդրող չէ։ Ռուսաստանաբնակ հայ գործարար է, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատերն է, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։

Հիմա այս մարդը, գալիս է Հայաստան, 2015 թվականին իր անձնական միջոցներով կառուցում է գեղասահքի մարզադպրոց՝ ներդնելով 7,5 մլն դոլար։ Իր նախաձեռնությամբ ու ի պատիվ գեղասահքի չեմպիոն Իրինա Ռոդնինայի՝ նրա անունով է դրվում։ 2019 թվականին այս նոր, այդ ոչինչից երևի թե անտեղյակ իշխանությունը փոխում է մարզադպրոցի անունը։ Զանգում են, որ թույլտվություն խնդրեն, ասում է՝ մի՛ փոխեք, ես էդ դպրոցը հատուկ իր անունով եմ կառուցել, ես էդքան փող եմ ներդրել ու ընդամենը մի պայման եմ ունեցել՝ դպրոցը կոչվի Ռոդնինայի անունով։ Ասում են միևնույն է՝ փոխելու ենք։ Ասում է՝ դրանից հետո, ի՞նչ եք կարծում, ես Հայաստանում ներդրում կանե՞մ։ Ասում են՝ դե դու գիտես։ Փոխում են, ու հայ բարերարը, որ տարեկան 25-30 մլն դոլարի ներդրում էր անում, հիմա դադարել է փող դնել։ Մեղավորը ո՞վ է։ Մարդն ասում է՝ էնքան լավ տեղեր կան, որ կարող էի ներդրում անել, բայց եկա Հայաստան արեցի, որովհետև հայրենիքը սիրում եմ, կառուցել եմ հյուրանոց, վնասով է աշխատում, բայց պահում եմ, որովհետև իմ ընտանիքը կապում է Հայաստանին։ Պատկերացրեցի՞ք, չէ, այստեղ ներդրում չի արել, որ փող աշխատի, մեր երկրի համար է արել, մեր երկրի զբոսաշրջությունը զարգացնելու համար է արել, արել է, որ վաղը թոռները գան գնան, չկտրվեն հայրենիքից։

Լավ հիմա հասկանանք, իմքայլական ավագանին ինչ է ասում։ Ասում են՝ Ռոդնինան գնացել է Բաքու ու ծաղկեպսակ դրել այսպես կոչված՝ «Խոջալուի զոհերի հիշատակին»։ Չեմ անդրադառնում Ռոդնինայի Բաքու այցին, լավ է, վատ է, թե ինչ է։ Անգամ չեմ ասում որ, այդ նույն Ռոդնինան նաև ՌԴ պետդումայի պատգամավոր է, պատգամավորական այցով է եղել, երևի թե դրա համար էլ գնացել է, երևի հավատամքով է գնացել, չգիտեմ․ իմ գործը չէ նրան արդարացնելը։ Բա, էդ ո՞նց է ստացվում․ դուք ինքներդ առավոտից իրիկուն ասում եք ադրբեջանցիներն ու թուրքները մեր բարեկամներն են, եղբայրներ են մեզ համար, գնացել-մտել էինք իրենց տարածքներ, Ղարաբաղը մերը չէ, Բերձորը մերը չէ, անկլավներ ունենք, հանձնելու ենք, պատգամավորդ ադրբեջանցիների հետ նովրուզ է տոնում, նախագահդ ներողություն է խնդրում, ու դուք ռուս կնոջ դրած ծաղկեպսակի վրա սուտի հայրենասիրություն եք խաղո՞ւմ։

Ու դուք, որ ոչ մեկին ոչ մի կոպեկի օգուտ չեք տվել, սաղ կյանքներդ իրար գումարած, այդտեսակ մարդկանց վանում ե՞ք Հայաստանից։ Ընդ որում, խոսքը միայն Համբարձումյանի մասին չէ, շատերի մասին է։ Մեծ հնարավորությունների ու ազդեցության մարդը, որն ունի ահռելի շրջապատ, նրան, ասենք, հարցնում է մի խոշոր գործարար, ասում է՝ դու Հայաստանում գումար էիր դրել, կամ բարեգործություն ես արել, ի՞նչ խորհուրդ կտաս, ես էլ անե՞մ, գնահատվու՞մ է․ ի՞նչ պետք է պատասխանի։

Կրկնում եմ, ներդրողներին հեռացնում են, բարերարներին նեղացնում են գրեթե բոլոր օղակներում։ Երբ վարչապետը հայտարարում է, որ ամեն ներդրողի հետ մի հատ ԱԱԾ աշխատող ենք կցելու, դա ներդրողին ստիպելու է փախչել ձեզանից։ Սա ինչի՞ մասին է վկայում․ միայն նրա մասին, որ ոչ էլ պատկերացում ունեն, ում հետ ինչ խոսեն, ինչ անեն։ Ներդրողի համար նաև չափազանց կարևոր է դատական համակարգի անկախությունը, անաչառությունը։ Որովետև նա պետք է իմանա, որ հենց խնդիր ունեցավ՝ մանավանդ պետական տարբեր օղակների հետ, դատարանն արդար որոշում է կայացնելու։ Հիմա հրապարակվում է զրույց, որ բարձրագույն դատական խորհրդի անդամ ասում է, որ իրեն պարտադրել են դատական համակարգը իր ձեռքի տակ վերցնի, իր վզին դրել են, անելիքներ ունի քաղաքական հարցեր կան, պետք է սա անի, նա չանի ու ներդրողը էս ամենը կարդալով ասում է՝ լավ գնամ ի՞նչ այնտեղ ինչ անե՞մ, գումար ներդնե՞մ, որ ի՞նչ անեմ, ասեք։ Երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան՝ վարչապետը, հրապարակի մեջտեղում միտինգ է անում ու հայտարարում, թե ով բանկում ինչքան փող ունի դրած, դա նշանակում է, որ ներդրողը հասկանում է, որ իր ամեն մի փողի շարժից առնվազն Փաշինյանը տեղյակ է։ Իսկ դա դիսկոմֆորտ է, դա բիզնեսի ազատություն չէ։

Երեկ անդրադարձա Լարսի թեմային, Բագրատաշենի թեմային, թե ինչպես մարդիկ ներդրում են արել ու չեն կարողանում արտահանել, մարդը 200 հազար դոլարից ավելի ներդրում է արել, ծաղիկ է աճեցրել, տարավ-թափեց աղբամանը։ Բա սա երկրի ղեկավարության մեղքն է, չէ՞։ Դե հիմա ծաղկի բիզնես դնողներին մի հատ էնպիսի ուղերձ հղեք, որ ոգևորվեն․ չի լինի, աչքի դիմաց օրինակ ունեն։ Բոլորիս աչքի առաջ օրինակ կար՝ զենքով մտան խուզարկելու Զանգեզուրի պղնձմոլիբդենայինը, դրանից հետո հանկարծ 15 տոկոս բաժնեմասը հայտնվեց վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Վարչապետի, պատկերացնու՞մ եք։ Կամ 107 մլն դոլար հանգանակեցին ուղարկեցին պատերազմի օրերին Հայաստան ու մինչև էսօր պարզ չէ ուր կորավ։ Երբ ներդրողը կասկածում է, որ քո երկրից շուտով հողեր ես տալու, ռազմավարական ճանապարհներ ես տալու քո թշնամի երկրին, էլ ինչպե՞ս գա։ Ու լիքը այսպիսի դեպքեր կան, որ ներդրողներին վանում են, եղածներին անգամ հեռացնում են։

Այս ամենի արդյունքը գիտե՞ք որն է․ այն է, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում արդեն առաջատար տեղեր են զբաղեցնում շահույթ չհետապնդող կառույցները, հարկերի հաշվին սնվողները, հատկապես՝ ուժայինները․ Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, ԲԴԽ-ն, ոստիկանությունը, դատական դեպարտամենտը և այլն։ Սրանք խոշոր հարկատուներն են, մեր հարկերից էնքան աշխատավարձ են ստանում, որ դրանից մուծած հարկերով դարձել են Հայաստանի խոշոր հարկատուները։ Որովհետև սրանք են իրենց հենարանը, ոչ թե խոշոր ներդրողը։ Միևնույն է՝ եթե գումար չմտնի Հայաստան, իրենք իրենց աշխատավարձն ու պարգևավճարը կստանան, հեչ չէ՝ արտաքին պարտք կվերցնեն, կվճարեն, ինչպես անում են մինչև հիմա։ Որովհետև խոշոր գործարարը, մտածող մարդը վաղը կառավարության դիմաց պահանջներ կդի, իսկ սրանք չեն ուզում գլխացավանքի մեջ հայտնվել, թող ոչ գան, ոչ փող բերեն, ոչ էլ որ պահանջեն։

Կարճ ասած՝ Հայաստանում անիմաստ է սպասել խոշոր ներդրումների, քանի դեռ ունես այսպիսի մտածելակերպով իշխանություն, որոնք ընկնում են ներդրողների հետևից, վախեցնում են, խուզարկում են, անհետթեթ որոշումներ են կայացնում, փակում են կամ խլում են բիզնեսը։ Այս իշխանությունը մեկ է՝ գնալու է, իսկ որքա՞ն ջանք պետք է գործադրի հաջորդ իշխանությունը, որ նորից ձեռք բերի ներդրողների վստահությունը, Սփյուռքի վստահությունը, միջազգային գործըկերների վստահությունը։ Դա նշանակում է զրոյից կառուցել հարաբերություններ, որովհետև այն, ինչ կար, քանդել են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ