News.am-ը գրում է․ «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ․
«Հարգելի՛ պարոն վարչապետ,
Հերթական անգամ դիմում եմ Ձեզ,
Կրկին պետք է հիշեցնեմ, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում այս իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը ճգնաժամային կառավարչի ներգրավումն է։ Չերչիլը Մեծ Բրիտանիայում՝ ծայրահեղ ծանր վիճակում, Էյզենհաուերը՝ Գերմանիայի ամոթալի պարտությունից հետո, Գոլդա Մայերը՝ Իսրայելում, Ռուզվելտը՝ ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի ժամանակ, Դը Գոլը՝ Ֆրանսիայի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, Ֆորդը, Կորոլեւը, Սթիվ Ջոբսը, Իլոն Մասկը եւ մյուսները․ պատմության մեջ նման օրինակները շատ են։
Ուշադրություն դարձրեք, որ նրանք բոլորը հաղթող են, դուք՝ պարտվողը:
Ճգնաժամային կառավարիչների հաջողության բանաձեւը բացարձակ կոմպետենտությունն է։ Ես միանգամայն վստահ եմ, որ Դուք՝ հեղափոխության արդյունքում իշխանություն ստանալով, վստահ էիք, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ հեղափոխության արդյունքում ոչ մի ժողովուրդ ավելի երջանիկ չի դարձել, եւ դուք պետք է դա իմանայիք։ Ցավոք, Ձեր թեթեւ ձեռքով Հայաստանը նույնպես քաղում է հեղափոխության նման դժբախտության պտուղները։
Հայաստանն իր պատմության ընթացքում երբեք նյութապես հարուստ չի եղել, այդ թվում՝ 2018 թվականին, բայց պարադոքսալ է, որ այն Հայաստանի պատմության մեջ ամենահարուստ եւ ազատ ժամանակն էր։ Չորս տարի հինգ ամիս է, ինչ Հայաստանը գտնվում է ազատ անկման մեջ, եւ, ցավոք, նրան այս վիճակից դուրս բերել չի հաջողվի։
Հայաստանը Ձեզնից ավելի եռանդուն առաջնորդ չի ունեցել, բայց, ցավոք, այդ էներգիան ստեղծող չէր, այլ՝ հակառակը։ Մարդը, որքան էլ եռանդուն լինի, հիվանդին վիրահատել չի կարող, եթե վիրաբույժ չէ։
Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառը, ցավոք, Ձեր՝ որպես վարչապետ, բացարձակ ոչ կոմպետենտությունն է։
Դուք ունեք հիանալի հնարավորություն եւ բազմաթիվ պատճառներ հրաժարվելու Ձեր աշխատանքից եւ զբաղվելու այլ գործով։ Հայ ժողովրդի մեջ կան շատ կրթված, կոմպետենտ եւ հաջողակ մարդիկ։
Եթե հիմա հրաժարական չտաք, ապա Ձեր հրաժարականի պահին, որը վաղ թե ուշ կլինի, իրավիճակն էլ ավելի կրիտիկական կլինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը