28 06 2022
«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասին․ News.am
News.am-ը գրում է․ Երևանի ավագանու՝ հունիսի 21-ի նիստի օրակարգային 10-րդ հարցը մի շարք ՀՈԱԿ-ներ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները փոխելու մասին էր։ Այդ թվում առաջարկվում էր փոփոխել «Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցի» կանոնադրությունը։ Խոսքն արդեն մեկ անգամ անվանափոխված «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի» մասին է։
Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։ Ավագանու մի շարք անդամներ վրդովվեցին, որ նախագիծը իրավական հարցերի հանձնաժողովում չի քննարկվել։ Բավականին կոշտ ելույթներ հնչեցին ավագանու անդամներից։ «Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին․ դուք ո՞վ եք վափշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ինչ է արել Երևանն առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերարի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Ես ինքս դպրոցի անունը փոխելիս պարտադիր քննարկել եմ, խոսել եմ»։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ պնդում, բայց շենքը ոչ թե բարերարի կողմից է կառուցվել, հանձնվել, այլ գործարքի շրջանակներում ինչ-որ համայնքը հող ա տվել, հնարավորություն ա տվել այդտեղ կառուցապատում իրականացնել, դրա դիմաց էս մի հաստատությունն է կառուցվել»։
Օգտվելով հանգամանքից, որ այս օրերին Երևանում է գտնվում դպրոցի բարերար, ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սերգեյ Համբարձումյանը, խնդրեցինք անդրադառնալ դպրոցի շուրջ խոսակցություններին և իրադարձություններին։
Մինչ այդ, անդրադառնանք դպրոցի կառուցմանը և նշենք, որ ավագանու նիստում հարցը քննարկվեց շուրջ 1 ու կես ժամ և ի վերջո՝ նախագիծը չընդունվեց՝ 22 կողմ 11 դեմ, 12 ձեռնպահ ձայներով։ Բավական թեժ քննարկումներ եղան, քաղաքապետը ստիպված եղավ անգամ ընդմիջում հայտարարել։
«Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է 2014 թվականից, բացվել է 2015թ․ դեկտեմբերի 6-ին։ Սերգեյ Համբարձումյանը կառուցել է դպրոցը և նվիրել քաղաքին՝ ներդնելով 7,5 մլն դոլար։ Մինչ այս, գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում: Եռահարկ դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցն իրականացնում է ուսումնամարզական, մասնագիտական Կրթություն գեղասահքի և հոկեյի ուղղությամբ, պատրաստում է միջազգային մրցաշարերի, աշխարհի, եվրոպայի ու ՀՀ առաջնություններին։
Իրինա Ռոդնինան դպրոցի կառուցումը համարեց հայ-ռուսական բարեկամության արտացոլում, շնորհակալություն հայտնեց, որ իր անվամբ մարզադպրոց առաջինը ոչ թե ՌԴ-ում է կառուցվել, այլ Հայաստանում։
Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019թ․, նոր իշխանությունն անդրադարձավ այս դպրոցին՝ անվանափոխելով «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»: Նախագիծը կազմել էր դարձյալ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Պատճառն այն էր, որ Ռոդնինան դրանից օրեր առաջ այցելելով Բաքու, մասնակցել էր այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի երթին և ոչ հայանպաստ ելույթ ունեցել։
Անկախ Ռոդնինայի գործողություններից, Իրինա Ռոդնինայի անունը կրող մարզադպրոցի կոլեկտիվը թեև տարակուսել էր Ռոդնինայի քայլից, այնուամենայնիվ, դեմ էր արտահայտվել դպրոցն անվանափոխելուն՝ նշելով, որ անվանափոխությունը կարող է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և պատճառ դառնալ սպորտաձևի հետընթացի:
Դպրոցը կառուցած Սերգեյ Համբարձումյանը ևս դեմ էր արտահայտվել անվանափոխությանը՝ ասելով․ «Ես կտրականապես դեմ եմ, որ գեղասահքի դպրոցի անվանումը փոխվի, քանի որ այդ դպրոցի կառուցման հենց սկզբից քննարկումներ են եղել Իրինա Ռոդնինայի հետ, և նրա հետ միասին մենք որոշել ենք կառուցել այդ դպրոցը, որպես նվեր Երևանին, որպես նվեր մեր երեխաներին։ Երբ դպրոցը ես կառուցել և նվիրել եմ Երևանի քաղաքապետարանին, եղել է միակ նախապայման իմ կողմից, որ դպրոցը պետք է կրի Իրինա Ռոդնինայի անունը։ Իրինա Ռոդնինան Ռուսաստանի Դաշնության Պետդումայի անդամ է և կարող է ունենալ քաղաքական տարբեր հայացքներ, նա նաև կուսակցական է, և տարիներ շարունակ տիկին Ռոդնինան եղել է մեր ժողովրդի բարեկամը»։
Ռոդնինան ինքը անդրադարձել էր նախագծին՝ ասելով․ «Դա իրենց իրավուինքն է, ես արել եմ ինչ արել եմ, անվանակոչեք դպրոցն ինչպես կցանկանաք»։
Այս ամենի շուրջ էր մեր զրույցը Ռուսաստանաբնակ հայ գործարար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև․
- Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս որոշեցիք կառուցել Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը։
- Զրուցում էինք Սերժ Սարգսյանը, Իրինա Ռոդնինան և ես․ խոսքից խոսք բացվեց։ Ես գիտեի, որ Ռուսաստանում ուզում են սահադաշտ բացել Իրինա Ռոդնինայի անվան։ Հարցրեցի, թե աշխարհի չեմպիոն պատրաստելու համար որքա՞ն ժամանակ է պետք։ Ասաց՝ 10 տարի։ Ասացի՝ ես կկառուցեմ։
- Որքա՞ն ժամանակ պահանջվեց կառուցման համար։
- 2 տարի էլ չտևեց։
- Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն օրերս ավագանու նիստում ասաց, թե շենքը ոչ թե Դուք կառուցել եք Ձեր միջոցներով, այլ գործարքի շրջանակներում համայնքը հող է հատկացրել կառուցապատում իրականացնելու, դրա դիմաց էլ Դուք կառուցել եք մարզադպրոցը։ Պետությունն ի՞նչ մասնակցություն է ունեցել։ Իրականությունը ո՞րն է։
- Այդ երիտասարդը խոսել է առանց տեղեկտվություն ունենալու։ Պետությունը, իրականում, որևէ մասնակցություն չի ունեցել։ Անգամ զեղչ չեմ ստացել ու ոչ էլ խնդրել եմ։ Կարիքն էլ չեմ ունեցել։ Լիովին կառուցվել է իմ միջոցներով։ Ուղղակի առանց փաստերը ստուգելու, առանց տեղյակ լինելու փորձել մարդու ներդրածը ջուրը նետել, համարում եմ անբարոյականություն։ Ես այդ տղային չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, ինքն էլ ինձ չի ճանաչում, չգիտի պատմությունը, բայց իրեն թույլ է տալիս իմ աշխատանքի վերաբերյալ հիմարություններ ասել։ Կարող էր ժամանակ խնդրել, ուսումնասիրեր ու ասեր, ոչ թե այդպես միանգամից ասեր այն, ինչ իրեն թվում է, թե գիտի։
- Որքա՞ն գումար արժեցավ։
- Ընդհանուր 7,5 մլն դոլար
- 2019 թվականին, երբ մարզադպրոցն անվանափոխեցին, ինչպիսի՞ն էր Ձեր տեսակետը, համաձայնություն կա՞ր Ձեզ հետ։
- Իրականում չհասկացա անվանափոխման իմաստը։ Ինձ զանգեցին-հարցրեցին, ասացի՝ դա սխալ է։ Պատճառն այն էր, որ Իրինա Ռոդնինան եղել էր Ադրբեջանում և Խոջալուի համար ծաղիկներ դրել։ Ասել եմ, որ նա ներկայացնում է ՌԴ Պետդուման, պաշտոնական անձ է։ Բայց նաև Ռոդնինան մեր քույրն է անկախ քաղաքական գործունեությունից։ Եթե, օրինակ, անվանափոխման պատճառով պետք է 10 մլն ռուս մեզ ատի, դրա լավը ո՞րն է։ Ասացին՝ Ձեր անունով դնենք։ Ասացի՝ կարիքը չկա, ես ընդամենը փողն եմ ներդրել։
- Այնուամենայնիվ՝ փոխեցին։ Ձեր վերաբերմունքը ո՞րը եղավ։
- Ես հարց տվեցի՝ իսկ եթե դուք փոխեք, դրանից հետո ես Հայաստանում պե՞տք է ներդրում անեմ։ Իրենք ասացին՝ Դուք ինքներդ պետք է որոշեք։ Ես այդ ժամանակից որոշեցի, որ Հայաստանում ներդրում պետք չէ անել։ Ես ամսեկան 2,5-3 մլն դոլար Հայաստանում ներդրում եմ արել, տարեկան 25-30 մլն դոլար։ Ես երբեք խնդիր չեմ դրել Հայաստանում փող աշխատելու, Հայաստանը չեմ նայել բիզնեսի համար։ Աշխարհում այնքա՜ն լավ տեղեր կան գումար ներդնելու․ ուղղակի եթե այստեղ ներդրում ենք անում, մեր հայրենիքը սիրելու արդյունք է։ Սիրում եմ Հայաստանը։
- Այդ դեպքում «Ալեքսանդր» հյուրանո՞ցը, փող աշխատելու համար չէ՞։
- Ինձ հարցնում են, թե ո՞վ է էսպիսի հյուրանոց սարքել, կյանքում իր դրած փողը հետ չի բերի։ Ես սա բիզնես չեմ նայել․ եթե բիզնես դիտարկեի, Լոնդոնում կամ Փարիզում կկառուցեի։ Այս հյուրանոցը ֆինանս չի բերում, բայց իմ երեխաներին, թոռներին բերելու է Հայաստան շատ հաճախ։
- Վերադառնալով մարզադպրոցի անվանափոխությանը, ինչպե՞ս վերաբերվեց Ռոդնինան ինքը։
- Ես Իրինա Ռոդնինայի հետ Մոսկվայում հանդիպել եմ, ներողություն եմ խնդրել։ Ասաց՝ «Սերգեյ Ալեքսանդրովիչ, նավը ինչպես անվանես, այնպես էլ կնավարկի, ի՞նչ պրոբլեմ»։ Նորմալ շփվեցինք, պրոբլեմ չսարքեց, ասաց՝ «Իրենց որոշելիքն է։ Եթե ինձ հաճելի չէ, ես հո չե՞մ սպառնա»։ Ինձ չի թվում, թե թեթև տարավ, ուղղակի ցույց չտվեց։
Ռոդնինան որևէ անգամ վատ չի վերաբերվել Հայաստանին, հայ ժողովրդին, Երևանին։ Եթե Ռոդնինան չլիներ, այդ մարզադպրոցը չէր լինի․ կառուցել եմ իր վաստակը գնահատելով և այն նպատակադրումով, որ ֆիզիկական ու մտավոր առողջությամբ հազարավոր մարդիկ կպատրաստվեն Հայաստանում․ չէ՞ որ սպորտն այլ մտածելակերպ է։
- Դպրոցի աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում այս առումով։
- Հիմա պարապում են կարծեմ 5-600 երեխա, գեղասահք են սովորում, հրաշք է։ Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում տղաները կարող են այդպես վարպետորեն հոկեյ խաղալ։ Սա նշանակում է, որ ինչ-որ ժամանակ հետո Հայաստանում 5 հազար և ավելի մարդ անցնելու է այդ դպրոցով, իմանալու է սպորտի պատմությունը, լինելու են նորմալ մտածող, զարգացած մարդիկ։ Եթե չեմ սխալվում, երեխաները մասնակցում են պատանեկան ընտրական խաղերի։ Գուցե չեն հասնում որտեղ պետք է հասնեն, բայց կհասնեն ու մի օր էլ Հայաստանի դրոշը կբարձրացնեն։
Իմ ներդրումն այդքան մեծ չէ, էֆեկտն է մեծ։
- Այս անգամ էլ կանոնադրությունն էին որոշել փոխել, բայց նախագիծը չընդունվեց։ Ձեզ դիմե՞լ են կարծիք ստանալու համար։
- Ոչ, չեն դիմել, ու չգիտեմ, թե իրականում ինչ են ուզում անել դպրոցի հետ։
- Իսկ ինչո՞ւ են ուզում անել։
- Չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ են որոշել, որ սեղանին պետք է աղաման չդրվի։
- Մարզադպրոցը կառուցելիս որևէ պահանջ չե՞ք դրել, պայման։
- Ոչ մի պահանջ չեմ դրել, բացի նրանից, որ պետք է կոչվի Իրինա Ռոդնինայի անունով։ Չեմ էլ պատկերացրել, որ կարող է էսպիսի բաներ կատարեն դպրոցի հետ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դու եթե սահադաշտ ես կառուցում ու նվիրում քաղաքին, կարող է հանկարծ որոշեն անվանափոխել, հետո ձևափոխել, այլ բան սարքել, մանավանդ որ երկրում միակն է։ Ես մեծ հաճույքով հետ կվերցնեի ու կշահագործեի ինքս, եթե իմանայի էսպես են անելու։ Այո, ծախս կլիներ, բայց կարևորը դա չէ, այլ՝ որ իմ երկրում բան եմ արել։
- Դուք նաև Մատենադարանի շենքն եք կառուցել։
- Ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում ես եմ ներդրում արել։ Իհարկե՝ կարող է բանից անտեղյակ մի երիտասարդ էլ ասի, թե դրա վրա էլ եմ փող աշխատել կամ Մոսկվայում Թումո կենտրոն սարքելու համար։ Սրանք ներդրումներ են հաճույքի համար։ Ուղղակի կարելի է մարդկանց հասկացնել, որ եթե որևէ բանից գլուխ չեք հանում, մի արեք ու եթե մի բանից տեղյակ չեք, մի խոսեք, խոսեք մտածելուց հետո։