26 04 2022

«Կարճ ասած»․ Ոստիկանը մե՞րն է, թե՞ Նիկոլինը



Երկու լուր եմ կարդում։ Երեկ Կապանում՝ Ներքին Հանդում, ադրբեջանցիները հերթական հենակետն են տեղադրել: Տարածքը մերն էր, բայց էս պահին Ադրբեջանն է վերահսկում, ժամանակավորապես, քանի դեռ Նիկոլը իշխանության ղեկին է։ Թշնամին եկել է, մտել է մեր հողի մեջ, ու Հայաստանի պաշտպանության նախարարությունը գոյություն չունի կարծես։ Ապրիլի 23-ին մեր տարածքում զորամասից հենակետ գնալու ճանապարհին գերի է ընկնում զինծառայող՝ շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը։ Անցել է 3 օր, տեղեկություն կա՞։ Չէ։

Մյուս լուրն եմ կարդում՝ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են սահմանները բացելու շուրջ, հարաբերություններ հաստատելու շուրջ։ Ու գիտե՞ք Թուրքիայում ինչ են առաջարկել․ բացվող սահմանակետը անվանել Թալեաթ փաշայի անունով։ Թուրքերն ասում են՝ Չավուշօղլուի ցուցադրած ժեստից հետո նորմալ է, եկեք էդպես անենք։ Սահմանը բացենք, թող գան հանգիստ իրենց ուզածն անեն։ Փաշինյանն ու Քերոբյանը կասեն՝ ի՞նչ տարբերություն սահմանակետը Թալեաթի անունով է, Էնվերի անունով է, Նիկոլի, թե Սադամ Հուսեինի, կարևորը՝ էժան պոմիդոր գա։

Երեկ Դիմադրության շարժման առաջին իրազեկման երթն էր, ադրբեջանցիներն ակտիվ քոմենթ էին գրում ուղիղ եթերների տակ։ Չեմ մաքրել, մտեք կարդացեք․ ադրբեջանցիները միաբերան գրում էին՝ Նիկոլը մեր մարդն ա։ Բա իհարկե՝ մարդը ինչ անում է՝ ադրբեջանցիների օգտին է։

Արժանապատվություն ունեցող մարդիկ ոտքի են կանգնել, որ մեր երկրի որ հատվածում ուզում են՝ թուրքերը չգան-տիրապետեն, վաղն էլ թուրք ղեկավար չունենանք։ Ի՞նչ է, մտածում եք հեռո՞ւ է այդ օրը, եթե սենց մնա։ Վերջին օրերի գործողություններում երիտասարդության ակտիվությունը ոգևորիչ է։ Բավարար չէ, կարծում եմ, բայց ոգևորիչ է։ Առնվազն ինձ համար անհասկանալի է, որ ուսանողությունը նստած է դասերի, երբ պետությունդ վաղը դառնալու է թղթով թուրքական։ Ի՞նչ է, դեռ կասկածներ ունե՞ք․ ի՞նչ եք սովորում, իրավաբնությո՞ւն։ Իրավանբանության դոկտորն ասում է՝ ես ինչ դասավանդել եմ իմ կյանքի ընթացքում, հիմա սուտ է դուրս գալիս, որովհետև Փաշինյանի ռեժիմը խայտառակ իրավաբանություն է անում։ Պատմություն ե՞ք սովորում․ էս մարդիկ կեղծում են արդեն մեր պատմությունը։ Ամեն ինչ կեղծվում է, ամեն ինչ հակառակ է գնում բնությանը։

Երիտասարդության ակտիվությունը պետք է վարակիչ լինի։ Տղերքը բերման են ենթարկվում, նրանց ընկերները ակցիա են անում հենց ոստիկանության մոտ, իսկ բաց թողնվելուց հետո գնում են ակցիան շարունակելու։ Օրվա մեջ բազմաթիվ վայրերում տեղի են ունենում այդ ակցիաները։ Տարբեր խմբեր, տարբեր թիմեր, տարբեր քաղաքական միավորներ ակցիաներ են անում, դիմադրության շարժումը մեծանում է։ Ամեն ինչին պետք է ժողովուրդը մոտենա ըմբռնումով։ Եթե չեք մասնակցում ակցիաներին, ուրեմն ոչ էլ նեղվեք, որ փակում են ձեր առաջ փողոցները, ժամանակավոր անհարմարություն պատճառում։ Պետություն է վարի գնում, ձեր անհարմարությունը առաջին պլան մի բերեք։ Էսօր հայ երիտասարդն է փակում, բողոք հայտնում, որ վաղը թուրք ոստիկանը չփակի, դուք էլ չիմանաք ինչ անեք․ այ հենց էնպես, ինչպես Կապանի մայրուղին մի օր փակեցին ու մինչ օրս փակ են պահում։

Այս ակցիաների ժամանակ ինձ շատ է մտահոգում ոստիկանության պահվածքը։ Մարդկային չէ, տղերք։ Երբ քաղաքացիների թիվը շատ է, ոստիկանները հլու-հնազանդ են, եթե քաղաքացիների թիվը քիչ է՝ քաշքշելով բերման են ենթարկում։ Կին-տղամարդ, ահել-ջահել, բան արել է, չի արել, առանց շնորհքի, անհամաչափ ուժ կիրառելով։ Երեկվա երթի ժամանակ ինչպե՞ս չկարողացան բերման ենթարկել։ Որովհետև շատ էր մասնակիցների թիվը։ Առաջ Նիկոլն ասում էր՝ այսուհետ ոստիկանները ոչ թե քաղաքացիների են ծեծելու, այլ գնալու են սահման պահեն։ Հիմա ոստիկանը սահման չի պահում, բայց Նիկոլի ռեժիմն է պահում։ Էս պահին նրանք քաղաքացիներին են ծեծում, հազարավոր ոստիկաններ են լցվել հրապարակներ՝ քաղաքացիներին ճնշելու համար։ 10 հոգով մեկին բռնում են ու քաշքշելով տանում։ Որ ի՞նչ։ Ի՞նչ է, ձեզ համար նորմա՞լ է այս վիճակը, դուք է՞լ եք համաձայն թուրքական շևռոն կպցնել, միայն թե գործից չհանեն։ Է թո հանեն, վաղը համ հանելու են, համ նվաստացնեն, խայտառակ անեն, սաղ էլ անելու են․ եթե, իհարկե, արժանապատվություն ունեք, գոնե մի փոքր։

Նեղանաք թե չէ՝ չեմ ընդունում այդ կոչերը, թե ոստիկանը մերն ա։ Չէ, ժողովուրդ, մեր ոստիկանը չի կարող մեր հայ էրեխեքի նկատմամբ բռնություն գործադրել նրա համար, որ խաղաղ հավաք են անում ու թրքացմանը դեմ են։ Քաշքշելով բերման չէր ենթարկի ու մեղադրանք առաջադրի։ Արժանապատիվ ոստիկանը ուղղակի կհսկեր, որ խաղաղ ակցիան անխոչընդոտ իրականանար․ ավելի արժանապատիվ ոստիկանը կմիանար ակցիային՝ թեկուզ հիշելով, թե ինչպես իր կոլեգաները Շուշիում դեռ պատերազմի դաշտ չմտած՝ անհասկանալի պատճաով զոհվեցին, ու իշխանությունը որոշ ժամանակ թաքուն էր պահում։ Չեմ ընդունում աշխատավարձի համար մարդ ծեծելը, բերման ենթարկելը, ստորանալը, մի քանի վախկոտի թիկունք պահելը։ Գիտե՞ք, հաճախ եմ մտածում, լավ, ո՞վ է պահում Նիկոլին իշխանությանը, չէ՞ որ ակնհայտ է, որ նա դավաճանել է իրեն ընտրածներին էլ․ բա հիմա ո՞վ է պահում նրան, ո՞ւմ աջակցությամբ է դեռ մնացել, ու հասկանում եմ, որ նա, նրա իշխանությունը Հայաստանում առաջին հերթին ձեռնտու է մեր թշնամիներին։ Հետևաբար՝ նրանք ամեն բան կանեն, որ նա որքան հնարավոր է՝ երկար մնա։ Հետևաբար՝ դա թուրքաադրբեջանցիներն են, մեկ էլ՝ ոստիկանական զորքերը, ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն։ Պատկերացնու՞մ եք։ Տղե՛րք, պարոնայք սպաներ, էս ի՞նչ շրջապատ եք ընկել։

Ոստիկաններ, դուք չեք կարող այս ալիքի դեմն առնել, սա անհնար է, որևէ վիճակ դուք չեք կարող փոխել․ սա բնական գործընթաց է, սա ազգի պահպանման բնազդն է։ Փաշինյանին պահելով՝ նրան օգնում եք հանձնել պետությունը։ Էսօրվա ոստիկանության պահվածքը դատապարտելի է, դուք պարտավոր եք վերանայել ձեր պահվածքը։ 

Մի հատ իշխանական դեպուտատ կա, ասում ա՝ 2018 թվականից մեր երկիրը ժողովրդավարական երկիր է և ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու խաղաղ հավաքների միջոցով։ Իսկ ահա 2018-ից առաջ էնքան բռնաճնշումներ էին, որ հերոսություն էր ակցիա անելը։ Սա ասում է մարդ, որի թիմը բռնազավթել է իշխանությունը՝ առանց ճնշումների ու հիմա ասում է՝ չենք հանձնի։ Ձեր ասած ժողովրդավարական երկրում ոստիկանները 10 հոգով մի հոգու քաշելով տանում են։ Սա բռնապետություն էլ չէ, ամենամեծ բռնապետերը կերազեին նմանվել ՔՊ-ական իշխանությանը։

Իշխանության վախերը նկատելի են ամենուր։ Նիկոլ Փաշինյանը երբ նոր էր եկել իշխանության, հայտարարում էր՝ «Գետինը մտնի այն մարդը, ով մի վայրկյան կմտածի իր և իր ընտանիքի անվտանգության մասին»։ Էսօր նայեք կառավարության շենքը՝ հազարավոր ոստիկաններ, նախագահականը, Ազգային ժողովը, կառավարական ամառանոցները՝ բոլոր կողմերից։ Ավտոմեքենաների հերթ է գոյանում երբ պետք է Նիկոլ Փաշինյանն անցնի։ Ասում էր վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում կարմիր լույսի տակ։ Մարդ, որին թիկնապահ պետք չէր, հիմա ուժայիններին վահան է սարքել։ Ինձ մի հատ դեպք հիշեցրեք, որ նախկինում Եռաբլուրը կամ Ծիծեռնակաբերդը ժամերով փակել են, որ ղեկավարը գնա-գա։ Չի եղել սենց բան․ Նիկոլի ժամանակ այդպես է։ Եթե արդար եք, ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ասում էր՝ ինձ թիկնազոր պետք չէ, կյանքս էլ չեմ խնայի, հիմա ասում է սաղ կհանձնեմ, սաղին կզոհեմ, մենակ թե ես մնամ։

Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպան ոնցոր ունենք՝ էն ՔՊ աջակիցը, կարող է՞ արձակուրդում է, կամ միայն երկրորդ սմեն է աշխատում։

Կարճ ասած՝ հարյուրապատկեք ոստիկաններիդ թիվը, մեկ է՝ ժողովրդին ճնշել չեք կարող, ընդհակառակը, ավելի է զայրացնում մարդկանց, մեծացնում է հրապարակներ եկողների թիվը։ Մարդիկ, չեն ուզում թրքանալ, թրքահպատակ լինել, դա զոռով չի ստացվելու։ Հարգելի քաղաքացիներ, այսօր ոտքի կանգնողները նաև ձեզ համար են ելել, հայրենիքը միայն ակցիա անողներինը չէ։ Հիասթափված եք, նեղված եք, հոգնել եք, ոչ մեկը արդարացում չէ։ Կամ դուրս եք գալիս փողոց կամ էլ երկիրը փաթեթավորում են ու նվիրում են թշնամուն, ձեզ էլ մեջը։

Կաթողիկոսն է արդեն շարականի փոխարեն աղոթքի պես երգում «Հայեր միացեք»-ը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ