Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բոլորս էլ երբեմն առիթ ենք ունեցել զանգահարել առաքիչ ծառայություն ու ուտելու ինչ որ մի բան պատվիրել։
- Պապ, պապ գնանք պիցցա ուտելու։
- Էրեխեք, շատ զբաղված եմ, եկեք մի ուրիշ անգամ։
- Պիցցա, պիցցա, պիցցա․․․
- Երեխեք, ախր գործ ունեմ անելու։
- Ինչ է դու գործ ունես, մենք պետք է սովամա՞հ լինենք։
- Ախր ի՞նչ պիցցա, մաման տեսեք ի՜նչ լավ բորշչ է եփել․․․
- Պիցցա, պիցցա, պիցցա․․․
- Լավ, եկեք սենց անենք։ Պիցցա մյուս շաբաթ կգնանք ուտելու, իսկ այսօր եկեք պատվիրենք։
Կարծես թե կոնսենսուսը կայացավ։ Մաման էլ է միանում․ բորշչը կմնա վաղվան․․․
Զանգում ես առաքիչ ծառայություն։
- Բարև Ձեզ էս ինչ տեղի էս ինչ պիցցա կարելի՞ է պատվիրել։
- Իհարկե,- սիրալիր ժպտում է օրիորդը։
- Իսկ ե՞րբ կլինի, - հետաքրքրվում ես դու։
- Ամենաշատը 20 րոպեից, - հուսալից պատասխանում է նա։
Անցնում է 15 րոպե։ Ափսեները դասավորված են, կոլայի շիշը՝ բացած, հեռուստացույցով ինչ որ ֆիլմ՝ ընտրված։ 20 րոպեն անցավ։ Պիցցան չկա։
- Պապ, զանգիր, տես մեր պիցցան ի՞նչ եղավ։
- Այ երեխեք, մի քանի րոպե սպասեք, դուք հո՞ յոթ ամսական չեք ծնվել։
Անցնում է ևս մի հինգ րոպե․
-Պաաապ․․․
- Հեսա կզանգեմ, - ասում ես դու, բայց փորձում մի երկու րոպե էլ սպասել։
- Պաաաաաապ․․․․
- Լավ, զանգում եմ։
- Բարև Ձեզ։ Կես ժամ առաջ պիցցա եմ պատվիրել։ Խոստացել էիք 20 րոպեից հասցնել։
- Մի անհանգստացեք, 2 րոպեից տեղում կլինի։
Կոլայի շիշը բացվեց։ Երեխեքը սպասում են․․․
- Պաաաապ․․․
- Ձեր խոստացած 2 րոպեն 10 րոպե առաջ անցավ։ Ու՞ր է մեր պիցցան։
- Գիտեք, խցանում է, մի քանի րոպեից կլինի։
- Ես գիտեմ, որ խցանում է, ես այս քաղաքում եմ ապրում ու շատ լավ գիտեմ երբ ու որտեղ է խցանում լինում,։ Դուք 40 րոպե առաջ խոստացել էիք 20 րոպեից առաքել։ Ե՞րբ կլինի պիցցան։
- Հիմա ճշտեմ․․․ Վայ գիտեք, սկուտեռն էր փչացել, նոր առաքիչին արդեն ուղարկել ենք, որ վերցնի։ Հեսա 5 րոպեից տեղում կլինի, - հույս է արթնացնում օրիորդը։
5 րոպեից։
- Աղջիկ ջան, պիցցաս ու՞ր ա, - արդեն բղավում եմ
- Իիիի, խի եք վրես գոռում։ Հեսա կգա էլի, սպասեք։
- Լսիր, այ․․․,- հազիվ եմ ինձ զսպում, - մենակ դու էիր պակաս ինձ ասես ինչ անեմ։ Պիցցան ու՞ր է։
Օրիորդը անջատում է զանգը։ Ուզում ես զանգել, տնօրենի հետ խոսել։ Միջամտում է կինս․
- Խեղճ աղջիկն ի"նչ անի, պա՞րզ չի որ սովորացրել են, որ խաբի։ Հույս տան, թե հեսա հեսա կհասնի, որ պատվերը չչեղարկես։
Ու բորշչը դնում է կրակին։
15 րոպեից դուռը թակում են։
- Ձյաձ, պիցցա՞ էիք պատվիրել։
- Հա, ժամ ու կես առաջ։ 20 րոպեում պետք է բերեիք։
- Ցավդ տանեմ, էս պռոբկեքի մեջ ի՞նչ 20 րոպե։ 1 ժամը մեջն ա։ Մինչև Դավթաշենից հասա Հրապարակ, մինչև հետ եկա, հազիվ էլ․․․
- Բա ի՞նչն էր փչացել, - հարցնում եմ ես, հաստատ իմանալով, որ ոչինչն էր չէր փչացել։
- Ցավդ տանեմ, ի՞նչը պըտի փչանար։ Հեսա քո պիցցան․․․
Կյանքի փորձը ստիպում է բացել տուփը։ Ինչը դեռ մեկ ժամ առաջ պիցցա էր, դարձել էր գարշելի սառը խմորագունդ։ Պիցցան լխկել էր, կորցրել էր ապրանքային տեսքն ու զզվանք էր առաջացնում։
- Տղա ջան, առ էս 300 դրամ՝ չայի փողը, իսկ պիցցան տար, ձեր օֆիսում են ծտի ու շեֆիդ հետ անուշ արեք․․․․
Ինչու՞ այս պատմությունը հիշեցի։ Վստահ ես, բոլորիդ հետ էլ է պատահել․ առաքիչներն են ուշացել, տաքսիներն են ուշացել․․․ Զանգում, հարցնում, բողոքում ես, ՍՈՒՏ խոստումներ են տալիս։ Գիտեն, որ սուտ, ոչ իրատեսական է իրենց խոստումը, բայց խոստանում են, որ «կլիենտ» չփախցնեն։ Հետո սկսում են արդարանալ, բացահայտ ստել․․․ Նույն վարքագիծը ինչ ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Ոչ մի բանական մարդ երկնիշ տնտեսական աճ ետ-պատերազմյան ու ՔՈՎԻԴի պայմաններում գտնվող երկրի համար չէր խոստանա։ Ինքը խոստացավ։ Խաբեց։ Հիմա սղաճից է բողոքում (սա առանձին հարց է, լուրջ վերլուծության կարիք ունի), անվանական ու իրական աճից է խոսում։ Ի՞նչ անվանական տնտեսական աճ։ Տնտեսական աճի հաշվարկի գյուտեր մի արա։ Նոմինալ ՀՆԱ-ն պետք դեֆլյատորով ճշգրտել։ Նոմինալ ՀՆԱ-ն դեռ տնտեսական աճ չէ։ Եթե այդպես լիներ, ինչքան սղաճը բարձր լիներ, այնքան տնտեսական աճն ավելի մեծ կլիներ․․․ Կարծում եմ այդքանը գիտի, գիտի, բայց ստում էր։ ՀԻմա էլ ստում է, թե սուտ կանխատեսումով շուկայում օպտիմիզմ հաղորդեցի։ Շուկան ապուշ չէ, շուկան պրիմիտիվ ստերի չի հավատում։ Նենց որ առ քո լխկած պիցցան ու անհետացիր, քանի դեռ 319% տուրիզմի աճի մասին էլ քեզ չեն հիշեցրել․․․․
Հիշեցնենք, որ երկնիշ տնտեսական աճի մասին խոսելիս Վահան Քերոբյանը ասել է․ «Ես ինքս էլ կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։ Եվ այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել ու այդպես էլ եղավ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը