ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների իրական դիվերսիֆիկացիան ինչպե՞ս է դրսեւորվում: Այս մասին խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ձեր օրոք ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները վատագույն վիճակում են գտնվում: Երբեւէ այդ հարաբերությունները 4,5 տոկոս չեն եղել, ինչպես այժմ է: Մենք գնում ենք, դիվերսիֆիկացում ենք-ը խոսքեր են: Ապրիլի 5-ին հայտարարությամբ ԵՄ-ն հստակ ասել է, որ մեզ ուղեկցողը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը ձեր օրոք չի ստորագրվել»,- նշեց նա։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց նաեւ Շառլ Միշելի՝ 2022 թվականի մայիսին հայտարարած Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին եւ հետաքրքրվեց՝ հայտարարած 2,6 միլիարդ եվրոյից ՀՀ-ն առ այսօր որքա՞ն է ստացել․ «2024-ի բյուջեում, ԵՄ-ից նպատակային դրամաշնորհներն ընդամենը 5 միլիարդ են կազմել, 2025-ին նախատեսվում է 5,9 միլիարդ»։
Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը միջամտեց և թվարկեց որոշ վարկեր, որոնք Հայաստանը ստացել է՝ մոտ 600 միլիոն եվրոյի չափ։
Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ այդ վարկերը, որոնք տրվել են Հայաստանին, շուկայական տոկոսով վարկեր են: Լեզվակռիվ սկսվեց Արթուր Խաչատրյանի եւ Արման Եղոյանի միջեւ։
«Ես «Արդշինբանկից» շուկայական տոկոսով վարկ ունեմ, դա օգնություն չի, իսկ Շառլ Միշելը Հայաստանին աջակցություն էր խոստացել: 10 միլիոն գրանտ եւ 200 միլիոն շուկայական տոկոսով վարկ, դա աջակցությո՞ւն է»,- հարցրեց Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը