168.am-ը գրում է․
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից շարունակվում է։ Եվ ոչ միայն շարունակվում է, այլև գնալով թափ է հավաքում։ Խոսքը բացառապես քաղաքացիների կողմից մասնավոր տրանսֆերտների տեսքով դուրս բերվող գումարների մասին է, որոնք հասել են ահռելի չափերի։
Քաղաքական իշխանությանն այդպես էլ չհաջողվեց կանխել գումարների արտահոսքը։ Ընդհակառակը՝ 2018թ. իշխանափոխությունից հետո այդ պրոցեսն ավելի ակտիվացավ։ Պաշտոնական տվյալներով՝ այս ընթացքում երկրից դուրս է եկել ավելի քան 4 մլրդ դոլար։
Սա այն գումարն է, որը հանել են քաղաքացիները։ 3 տարում՝ 4 մլրդ դոլար։ Այն էլ՝ միայն բանկային համակարգի միջոցով։
Հիմա պատկերացրեք, թե ինչ հսկայական ռեսուրսի մասին է խոսքը։ Ֆինանսական միջոցների արտահոսք Հայաստանից միշտ էլ եղել է, բայց ոչ նման տեմպերով։
Միջին տարեկան երկրից դուրս է եկել ավելի քան 1,3 մլրդ դոլար։ Նման ահռելի արտահոսքը Հայաստանից երբեք չէր եղել՝ 3 տարվա կտրվածքով։
Գրեթե բոլոր երկրներից էլ այս կամ այն չափով լինում է գումարների արտահոսք։ Բայց Հայաստանն այն երկիրը չէ, որը կարող է իրեն այդպիսի մեծ շռայլություն թույլ տալ։
Տնտեսությունը ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի, իսկ եղած ռեսուրսը դուրս է գնում։ Գնում է ֆինանսավորելու այլ երկրների տնտեսությունները։
Ոչ մի նշանակություն չունի, թե ինչո՞ւ են գնում այդ գումարները։ Եթե գնում են, նշանակում է՝ դրա համար պատճառներ կան, ու այդ պատճառները պետք է փնտրել երկրի ներսում։
Գումարները գնում են, որովհետև կա վստահության խնդիր երկրում իրականացվող քաղաքականության ու ապագայի նկատմամբ։ Սա նոր երևույթ չէ, բայց այն խորացել է հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո՝ Հայաստանի շուրջ ու Հայաստանում ստեղծված ծանր մթնոլորտի պատճառով։
Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում իրենց։ Դրա համար էլ փորձում են հետագայի հիմքերը ստեղծել ոչ թե երկրի ներսում, այլ դրսում։ Մի բան, ինչն արտահայտվում է նաև ֆինանսական միջոցների արտահոսքի տեսքով։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում մասնավոր փոխանցումների արտահոսքը Հայաստանից ավելացել է 17,5 տոկոսով։ Եղել է շուրջ 70 մլն դոլարով ավելի շատ, քան անցած տարի։
Հինգ ամսում դուրս է եկել գրեթե 467 մլն դոլար, և սա՝ միայն բանկային համակարգի միջոցով։
Թե ինչքա՞ն գումարներ էլ դուրս են եկել այլ ճանապարհներով, ոչ մեկը չի հաշվել։ Հայաստանում նման վիճակագրություն չի վարվում։ Բայց դա չի նշանակում, թե այդպիսի երևույթ չկա։
Մասնավոր փոխանցումների արտահոսքի ակտիվացումը ենթադրաբար կապված է արտագաղթի ծավալների ավելացման հետ։ Տարեսկզբի 4-5 ամիսներին երկրից գրեթե 80 հազարով ավելի շատ մարդ է դուրս եկել, քան մտել։ Մարդիկ գնում են ու տանում են նաև իրենց միջոցները։ Գնում են ոչ միայն նրանք, ովքեր ներսում ապրելու ու աշխատելու հնարավորություն չունեն, այլև նրանք, ովքեր ֆինանսապես ապահովված են, բայց խնդիր ունեն երկրի ապագայի ու անվտանգության հետ կապված։
Թվում էր, թե խորհրդարանական ընտրությունները կփարատեն այդ մտահոգությունները։ Սակայն ընտրությունները չլուծեցին խնդիրը։ Անվտանգության հետ կապված մտահոգություններն ինչպես կային, այնպես էլ շարունակում են մնալ։
Դա նշանակում է, որ առաջիկայում ինչպես արտագաղթի, այնպես էլ՝ գումարների արտահոսքի տեմպերն ավելանալու են։ Մարդիկ մտահոգություններ ունեն ու հեռանում են՝ տանելով նաև իրենց գումարները։
Նկատելի է նաև արտահոսքի աշխարհագրությունը։ Գումարների գրեթե կեսը երկու ուղղությամբ է՝ Ռուսաստան և Միցյալ Նահանգներ։ Արտահոսքը 2 դեպքում է ավելացել է, բայց տեմպի առումով Միացյալ Նահանգներ «պահանջարկն» անհամեմատ ավելի մեծ է։
ԱՄՆ փոխանցվող գումարները 5 ամսում ավելացել են 31-32 տոկոսով՝ կազմելով գրեթե 78 մլն դոլար։
Ահա թե որտեղ են նախընտրում հաստատվել մեր քաղաքացիները։ Բայց հասկանալի է, որ քչերին է նման բախտ վիճարկվում։ Շատ ավելի հեշտ է ռուսական ուղղությունը, որտեղ հոսքը միշտ էլ ավելի մեծ է եղել։ Այսօր էլ այդ ուղղությունը շարունակում է պահանջված լինել շատերի համար։
Թերևս, նաև դրանով է պայմանավորված, որ մասնավոր փոխանցումների տեսքով երկրից դուրս եկող գումարների ամենամեծ հատվածը բաժին է ընկնում Ռուսաստանին. 5 ամսում՝ 153 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքն ավելացել է 15 տոկոս։ Աճի տեմպը երկու անգամ ցածր է, քան Միացյալ Նահանգների պարագայում։
Գումարների արտահոսքը Հայաստանից այս տարի ավելացել է, բայց ավելացել է նաև ներհոսքը։ Ընդ որում՝ ներհոսքի տեմպն ավելի բարձր է։ Սակայն դա ամենևին չի արդարացնում այն, ինչ ունենք արտահոսքի առումով։
Ավելացել են քաղաքացիների կողմից փոխանցվող գումարները ռուսական շուկայից։ Դա նշանակում է, որ արտագնա աշխատանքի մեկնածները սկսել են գումարներ ուղարկել իրենց հարազատներին ու ընտանիքներին։
Մասնավոր փոխանցումների հոսքը Ռուսաստանից տարիներ շարունակ կապված է եղել արտագնա աշխատանքի հետ։ Անցած տարի՝ կիրառված համատարած սահմանափակումների ու ճանապարհների փակ լինելու պատճառով, մարդիկ հնարավորություն չունեցան դուրս գալ։ Այս տարի, չնայած դժվարություններին, մի մասին հաջողվեց մեկնել։ Ու հիմա նրանք սկսել են իրենց աշխատած գումարները փոխանցել Հայաստան։ Դրանք գումարներ են, որոնք շատերի համար ապրուստի հիմնական միջոցն են։
Հինգ ամսում Ռուսաստանից փոխանցվել է շուրջ 290 մլն դոլար, ինչը գրեթե 47 միլիոնով ավելի է նախորդ տարվանից։
Շատ ավելի կտրուկ են ավելացել մուտքերը Միացյալ Նահանգներից, կրկնակի ավելի շատ։ Գրեթե 212 մլն դոլար՝ 5 ամսում, նախորդ տարվա 106 միլիոնի դիմաց։ Այսպիսի ակտիվությունը գուցե արտառոց է, բայց պետք է ենթադրել, որ այն կապված է ղարաբաղյան պատերազմի ու դրանից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Ավելացել են բարեգործական նպատակներով ուղարկվող անհատական օգնությունները։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը