05 05 2021

Տնտեսական անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է․ Հրանտ Բագրատյան

Տնտեսական անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  նշելով, որ 2021-ի առաջին եռամսյակում 2020-ի նկատմամբ անկումը շարունակվում է։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հրապարակվել են 2021թթ 1-ին եռամսյակում ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող ցուցանիշները։ Անկումը 2020-ի նկատմամբ շարունակվում է՝ 2%։

 

Եվ սա այն դեպքում, երբ 2020-ի մարտից լոկդաուն կար։ Հիշեցնեմ, որ 2020-ին էլ տնտեսական անկումը 2019-ի նկատմամբ 7.8% էր։ Ընդ որում այդ անկումն ամենաբարձրերից էր աշխարհում։ Այսպես, ԱՊՀ անդամ երկրների մեջ միջին տնտեսական անկումը 2020-ին կազմել է սոսկ 3%։ Ադրբեջանում անկումը եղել է 4.3%, Բելառուսում 0.9%, Ղազախստանում 2.6%, ՌԴ-ում՝ 3.1%։ Վրաստանում 2020-ին տնտեսական անկումը եղել 6.2%։ Տաջիկստանի, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի տնեսություններում դրական աճ է գրանցվել։

Աշխարհում էլ նույն պատկերն էր. ԱՄՆ տնտեսական անկումը 2020-ին կազմել է 3.5%, Ճահոնիայինը՝ 4.9%, Եվրոզոնայի երկրներինը՝6.6%, զարգացող երկրներինը՝ 5%, իսկ աշխարհի միջինը՝3.9%։ Հայաստանն ամենավատն է։ Եվ ահա 2021-ի 1-ին եռամսյակում էլ մենք էլի վատագույններից ենք։ Մեզ մոտ անկումը շարունակվում է, մինչդեռ ԱՄՆ-ում կա 6.4% աճ, ԵՄ-ում 5.5%, իսկ Չինաստանում՝ 18.3% աճ։

Եթե այս իշխանության տնտեսական «հրաշքները» շարունակվեն, ապա մի 2 տարուց տնտեսական զարգացման մակարդակով ԱՊՀ-ում մենք կհայտնվենք վերջին տեղերից մեկում՝ առաջ թողնելով Ղրղզստանին ու Տաջիկստանին (մինչև վերջերս թվում էր, թե նրանք մեզանից անհուսալիորեն հետ են մնացել)։

Մի հավատացեք էկոնոմիկայի տնտեսության հետ կապ չունեցող նախարարի խոստումներին առ այն, որ 2021-ին մեզ երկնիշ թվով տնտեսական աճ է սպասվում։ Ահա խնդրեմ, տնտեսական անկումը շարունակվում է։ Այո, թիվը կարող է չնչին չափով բարելավվել։ Բայց ոչ այն պատճառով, որ այս տարի լավ ենք աշխատել, այլ այն պատճառով, որ անցյալ տարվա թվերն են ցածր։

Մակրոտնտեսական թվերի շարքում հետաքրքիր է նաև առանձին ցուցանիշների վերլուծությունը։ Այսպես, շուրջ 70 տեսակի արդյունաբերական արտադրանքների մեջ 36-ում 2021-ի 1-ին եռամսյակում առկա է անկում։ Տնտեսական աճ կա միայն հանքագործական արդյունաբերական արտադրանքի և այլ հանքային ու ոչ մետաղական արտադրատեսակների արտադրության գծով։

Վերջին իշխանության օրոք հանքերի անվերահսկելի թալանն անցել է բոլոր երևակայելի սահմանները։ Մի փոքր անվանական աճ կա արտահանման ոլորտում, այն էլ հիմնականում շնորհիվ պղնձի բարձր գների։ Օրինակ՝ մեկ տարի առաջ այս օրը պղինձը 61%-ով ավելի էժան էր։ Եթե ԱՎԾ-ն արտահանման դինամիկան հաշվարկի համադրելի դոլարային գներով, ապա դրական աճ ցույց տալն անհնարին է։ Պղնձի գների շեշտակի աճի պայմաններում հանրապետության թալանը, կոռուպցիան խորացել են։

Այսպես՝ այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտները պակասել են. 333 մլրդ դրամ 2020-ի 349-ի դիմաց։ Պակասել են նաև պետական եկամուտները՝ 349 մլրդ դրամ 370-ի դիմաց։ Բյուջեի եկամուտների այս բացարձակ 6%-ոց անկումը տեղի ունեցել 5.2% գնաճի պայմաններում։ Այսինքն 2021-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի իրական եկամուտները պակասել են 11.2%-ով։ Հիշեցնեմ, որ 2020-ին նույնպես բյուջեի փաստացի եկամուտները (1560 մլրդ դրամ) ԱԺ կողմից հաստատվածից (1695 մլրդ դրամ) պակաս էր 8%-ով։ Եվ սա ներառյալ Հայաստան հիմնադրամից ապօրինի փախցրած փողերը։ Հարկային եկամուտներով բյուջեի թերակատարումը 2020-ին եղել է ավելի քան 13%։ Արդյունքում մարդիկ ավելի վատ են ապրում։ Միայն 2021-ի 1-ին եռամսյակի ընթացքում կենսամակարդակը ( իրական եկամուտները) ընկելէ 3.1%-ով (գներն աճել են 5.2%-ով, իսկ եկամուտները՝ 3.1)։ Բնակչության աղքատ խավի համար կենսամակարդակի անկումը կազմել է 5.1% (պարենային ապրանքների ու ոչ ոգելից խմիչքների գների աճը կազմել է 7.2%)։

Արդյունքում, ներկայումս, այսպես կոչված հետհեղափոխական ու հետկապիտուլյանտական Հայաստանում ծայրահեղ աղքատությունը 2017-ի նախահեղափոխական Հայաստանի համեմատ 1.4%-ից հասել է 2.3%-ի, իսկ աղքատության ցուցանիշը 23.5-ից դարձել է 29%։ Իշխանությունների գտնում են, որ մարդիկ պետք է աղքատ լինեն, որ ճիշտ քվեարկեն։ Ըստ իս, իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. թալանեք ու կեղեքեք ինչքան կարող եք, բայց անընդհատ խոսեք նախկինների թալանից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ