16 02 2021

Արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն․ ԿԲ

Արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն․ ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկի փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստում արձանագրվեց, որ համավարակի բռնկված նոր ալիքի, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության եւ դրանց ներքո՝ տնտեսական զարգացման հեռանկարների հետ կապված անորոշությունների ավելացման հետեւանքով չորրորդ եռամսյակում արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն եւ պահպանվել թույլ ներքին պահանջարկ:

Արդյունքում, 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով՝ հիմնականում պայմանավորված տարվա ընթացքում ծառայությունների ոլորտի եւ շինարարության ճյուղի մեծ անկումներով: Ներքին թույլ պահանջարկի ձեւավորման վրա առավելապես ազդել է մասնավոր սպառման զգալի նվազումը, որն էլ իր հերթին պայմանավորվել է առկա մեծ անորոշությունների պարագայում հասարակության նախազգուշական վարքագծով, ինչպես նաեւ հատկապես վերջին ամիսներին արձանագրվող վարկավորման աճի տեմպերի դանդաղմամբ:

Մշտադիտարկման արդյունքում գնահատվում էր, որ պահպանվող անորոշությունների եւ ռիսկերի պայմաններում 2021 թվականի սկզբին նշված միտումները կշարունակվեն եւ բացասական ազդեցություն կունենան ներքին պահանջարկի վրա։

Միաժամանակ, չորրորդ եռամսյակում Կառավարությունը շարունակել է իրականացնել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ արտերկրից ստացված դրամական փոխանցումները սպասվածից ավելի շատ են եղել, որոնք որոշ չափով մեղմել են վերոնշյալ գործոնների բացասական ազդեցությունը։

Արձանագրվեց, որ ստեղծված իրավիճակում ձեւավորվել են զգալի ռիսկեր տնտեսության երկարաժամկետ ներուժային աճի հնարավորությունների տեսանկյունից, ուստի, այս համատեքստում, Խորհուրդը կարեւորում էր հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրումը, որը, Կառավարության կողմից ձեռնարկվելիք այլ կառուցվածքային բարեփոխումների հետ միասին, ուղղված կլինի տնտեսական ներուժի վերականգնմանը:

Խորհուրդը նաեւ անդրադարձավ չորրորդ եռամսյակում եւ առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային սպասումների հնարավոր զարգացումներին։ Նշվեց, որ բարձր գնաճը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով՝ մասնավորապես ներմուծվող մի շարք պարենային ապրանքների գների աճով:

Միաժամանակ, գնաճին զուգահեռ որոշակի ավելացող գնաճային սպասումները գնահատվում են կառավարելիության տիրույթում եւ հիմնականում խարսխված են:

Խորհուրդը քննարկեց հունվարին ՀՀ ֆինանսական շուկայում ձեւավորված իրավիճակը եւ արձանագրեց, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են նախորդ տարվա վերջին ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացմանը՝ ձեւավորվելով հիմնականում դրա  շուրջ:

Տոկոսադրույքների բարձրացում է դիտվել նաեւ պետական պարտատոմսերի շուկայում, որտեղ եկամտաբերություններն աճել են կորի ողջ երկայնքով: Միաժամանակ, որպես դրական արդյունք արձանագրվեց միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի նվազումը, ինչի մասին է վկայում նաեւ հունվարին տեղաբաշխված ՀՀ եվրոպարտատոմսերի ձեւավորված բավականին ցածր եկամտաբերությունը: Քննարկումը փաստեց, որ, չթերագնահատելով շուկայի համընդհանուր բարենպաստ միջավայրի գործոնի առկայությունը, ցածր եկամտաբերությունը արտացոլում է նաեւ միջազգային ներդրողների վստահությունը երկրի մակրոտնտեսական կայունության եւ այն ապահովող ինստիտուտների նկատմամբ՝ որպես երկարաժամկետ հիմնարար գործոն։

Ուստի գնահատվում է, որ ռիսկի հավելավճարի նվազումը հիմնականում չի կրի կարճաժամկետ բնույթ: Արձանագրվեց նաեւ, որ չորրորդ եռամսյակում բանկային համակարգում վարկերի եւ ավանդների տոկոսադրույքները դեռեւս չեն արձագանքել միջբանկային ու արժեթղթերի շուկաներում տոկոսադրույքների փոփոխությանը՝ ցուցաբերելով հիմնականում կայուն վարքագիծ, իսկ  բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճի տեմպերը որոշ չափով դանդաղել են՝ պայմանավորված առավելապես սպառողական վարկերի նվազմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ