20 11 2019

Մեր արտաքին առևտրի կառուցվածքը․ Politeconomy.org

Մեր արտաքին առևտրի կառուցվածքը․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Այն, որ տնտեսությունն ինքնին իներցիոն երևույթ է, նկարագրված է շատ դասագրքերում: Իսկ մեր տնտեսական համակարգում վերջին շրջանում կատարվող գործընթացներն այդ պնդման լրացուցիչ ապացույց կարելի է համարել:

Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ մեր արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 5.8 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Սա կարելի է նկատելի աճ համարել, բայց ոչ բավարար: Որովհետև ինն ամսվա ընթացքում աճի ֆիզիկական ծավալն ընդամենը 307.3 մլն դոլար է կազմել:

Մեր արտաքին ապրանքաշրջանառությունը պաշտոնական վիճակագրությունը դասակարգում-հաշվառում է երեք հիմնական ուղղություններով` ԱՊՀ անդամ երկրների, ԵՄ անդամ երկրների և այլ երկրների խմբերի հետ: Բոլոր խմբերը, միացյալ թվերից բացի, ներկայացվում են նաև ըստ առանձին երկրների: Այս երեք խմբերի համամասնությունը անցած տարվա համեմատ որոշակի փոփոխություններ կրել է:

2018-ին ԱՊՀ-ի հետ մեր արտաքին առևտուրը ընդհանուրի 29.9 տոկոսն էր կազմում: Այս տարի ԱՊՀ մասնաբաժինն աճել է՝ դառնալով 30.5: Եմ անդամ երկրների կշիռը մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ 2018-ին 25.5 տոկոս էր: 2019-ին այն նկատելի կրճատվել է՝ դառնալով 22.3 տոկոս: Նախորդ թվերից դժվար չէ եզրակացնելը, որ ակնառու աճել է այլ երկրների խմբի հետ մեր ապրանքաշրջանառությունը: 2018-ի 44.6 տոկոսի փոխարեն այս տարի` 52.6 տոկոս:

ԱՊՀ անդամ երկրների խմբում առանձնացվում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը: Այն մեր ընդհանուր առևտրի 26.9 տոկոսն էր անցած տարի: Իսկ այս տարի աճել է` 28.0 տոկոս: Այս խոշոր բաժանումից զատ պաշտոնապես ներկայացվում է նաև մեր արտաքին առևտուրն՝ ըստ առանձին երկրների:

Մեր ամենամեծ արտաքին գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որի մասնաբաժինը 2018-ի 26.1 տոկոսի փոխարեն այս տարի աճել է` 27.1 տոկոս: ԱՊՀ անդամ երկրների հետ ունեցած ցուցանիշներից նկատելի է այն, որ կրճատվել է արտաքին առևտուրը Ուկրաինայի և Թուրքմենստանի հետ: Եվրամիության անդամ երկրներից մեր հիմնական գործընկեր Գերմանիայի մասնաբաժինը 2018-ի 6.1 տոկոսի փոխարեն նվազել է` 5.2 տոկոս: Մյուս խոշոր գործընկերոջ` Բուլղարիայի հետ ևս անկում կա` 3.3 տոկոս, անցած տարվա 3.8 տոկոսի փոխարեն: Արդյունքում ԵՄ անդամ երկրներից երկրորդ տեղում հայտնվել է Իտալիան` 3.5 տոկոս (նախորդ տարի 3.2 էր): Փոքր աճ արձանագրվել է նաև Միացյալ Թագավորության ու Նիդերլանդների հետ արտաքին առևտրում: Մնացած ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը նվազել են:

Հիմա դիտարկենք, թե որ երկրների հաշվին է աճել «Այլ երկրներ» անունով հաշվառվող ենթախմբի մասնաբաժինը, որի տեսակարար կշիռն ավելացել է ութը տոկոսով: Բնականաբար, այս ենթախմբում առաջին տեղում է տնտեսական համաշխարհային հսկան: Չինաստանի հետ մեր արտաքին առևտրի մասնաբաժինը 2019-ին 11.5 տոկոս է դարձել (նախորդ տարի 10.6 էր): Երկրորդ տեղում Շվեյցարիան է, որի հետ արտաքին առևտուրը տեսակարար կշռի իմաստով համարյա փոփոխություն չի կրել: Նախորդ տարվա 6.4 տոկոսի փոխարեն այս տարի 6.5 տոկոս է արձանագրվել: Այս ենթախմբում համաշխարհային տնտեսական մյուս հսկայի՝ ԱՄՆ-ի հետ մեր արտաքին առևտուրը փոքր աճ է արձանագրել՝ 3.1 տոկոսն այս տարի 3.5 է: Բացարձակ թվով ԱՄՆ-ի հետ մեր առևտրի աճը մոտ 33.5 մլն դոլար է կազմել:

Հիմա հարկ է դիտարկել մեր տնտեսական կապերի ծավալն անմիջական հարևանների հետ: Տարօրինակորեն, իսկ ավելի ստույգ՝ օրինաչափորեն Վրաստանի և Թուրքիայի տեսակարար կշիռները մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ չեն փոխվել` 1.8 և 3.3 տոկոս համապատասխանաբար: Բացարձակ թվով Վրաստանի հետ առևտուրն աճել է 5.2 մլն դոլարով (մեր իշխանությունները այս պարագային տասնապատիկ ավելի մեծ խոստում-ծրագրեր էին հրապարակում): Թուրքիայի հետ աճը 12.2 մլն դոլար է նախորդ տարվա հետ համեմատ: Մյուս հարևանը` Իրանը նկատելի ավելի մեծ մասնաբաժին ունի՝ 5.1 տոկոս (նախորդ տարվա 4.7-ի փոխարեն): Ֆինանսական իմաստով ԻԻՀ-ն հետ արտաքին առևտուրն աճել է 33.8 մլն դոլարով:

Սա է մեր արտաքին առևտրի կառուցվածքն՝ ըստ երկրների: Այն, ինչպես և սպասվում էր, էական (խուսափենք հիմա ավելի մոդայիկ` «հեղափոխական» բառից) փոփոխություններ չի կրել:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ