2019 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից դրամական փոխանցումների արտահոսքն աճել է գրեթե 2 անգամ՝ կազմելով 126 մլն 400 հազար ԱՄՆ դոլար, իսկ արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը կրճատվել է մոտ 1.4 տոկոսով։ Այս մասին գրում է 168.am-ը։
Կենտրոնական բանկը հրապարակել է հունիս ամսվա դրությամբ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված ընդամենն ամսական փոխանցումների վիճակագրությունը։ Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեպի Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ փոխանցումների ծավալն աճել է 2.4 անգամ։ Ինչպես պարզաբանում է Կենտրոնական բանկն՝ արտահոսքի աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաեւ 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող եւ հաջորդող ամիսների մակարդակներին:
Դիտարկվող ժամանակահատվածում մոտ 1.4 տոկոսով կրճատվել է դրամական փոխանցումների ներհոսքի ծավալը, զուտ ներհոսքը՝ դրամական փոխանցումների արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը, ևս կրճատվել է՝ 60 տոկոսով։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 10 տոկոսով, իսկ Հայաստանից փոխանցված գումարների արտահոսքը՝ 18.8 տոկոսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը