21 08 2019

Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը. Politeconomy.org

Արդյունաբերության հանքահումքային բաղադրիչը. Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Միանշանակ չի կարելի պնդել, որ կառավարությունը հասցրեց ուրախանալ արտադրության ոլորտի կառուցվածքային փոփոխություններով։ Այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական տվյալների հրապարակումից առաջ ու հետո մեր կառավարությունն ուրախ-ուրախ խոսում էր արտադրության ոլորտի կառուցվածքում վերամշակող արդյունաբերության մասնաբաժնի մասին։ Հատկապես ընդգծվում էր այն, որ արտադրության ոլորտում կրճատվել է «հանքահումքային արդյունաբերության և բացահանքերի շահագործում» բաժնի տեսակարար կշիռը։

«Վերամշակող արդյունաբերության» նկատմամբ կառավարության ջերմ վերաբերմունքը ավելի քան հասկանալի է։Մեր ՀՆԱ-ի կառուցվածքում երկնիշ ծավալ ունեցող ոլորտները ընդամենը երեքն են։ Եւ այդ երեքից ամենամեծն այս տարի հենց մշակող արդյունաբերությունն է՝ 12․2 տոկոս։ Երկրորդը մեծածախ և մանրածախ առևտուրն է (բնականաբար)՝ 11․3 տոկոս։ Երրորդը՝ 10․6 տոկոսով, այս տարի նվազող գյուղատնտեսությունն է։

Արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշը 6․9 տոկոս է։ Թվում էր, թե այն ապահովվել է հենց մշակող արդյունաբերության հաշվին։  Որովհետև արդյունաբերության մյուս ոլորտներից էլեկտրաէներգիայի արտադրությունն ու հարակից համարվողները նույնիսկ առայժմ չեն հավասարվել անցած տարի արձանագրված ցուցանիշներին։ Իսկ ջրամատակարարման ու թափոնների կառավարման ոլորտը արդյունաբերության կառուցվածքում 3 տոկոսից պակաս է։

«Սիրելիի» կարգավիճակ ունեցող մշակող արդյունաբերությունը աճել է ավելի ցածր ցուցանիշով, քան ամբողջ ոլորտը։ Դա հնարավոր էր միայն մեկ դեպքում՝ եթե առաջանցիկ տեմպեր արձանագրեր մեր իշխանությունների բանավոր ելույթներում խորթ զավակի կարգավիճակ ունեցող հանքահումքային ու բացահանքերի շահագործումը։

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեջ ոլորտի մասնաբաժինը 3․3 տոկոս էր։ Երկրորդում նվազել և դարձել է 3 տոկոս։ Ոլորտի կրճատումն էականորեն կապված է «Լիդիան Արմենիայի» նկատմամբ վերջին 15-16 ամսում տարվող գործընթացների հետ։ Բայց այն, որ հանքահումքային ոլորտի նկատմամբ իշխանությունը հստակ մշակված ծրագիր չունի, ապացուցում են մյուս հանքերի թվերը։

Հանքահումքային ոլորտի աճն այս տարի կազմել է մոտ 159 մլրդ դրամ։ Այս գումարից 154․4 մլրդ դրամը ապահովել է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մոտ 4․5 մլրդ դրամը բացահանքերի շահագործման բաժինն է։ Միևնույնն է, զուտ թվաբանական տեսանկյունից աճի այս չափը կրճատում է հանքահումքային ոլորտի կշիռը արդյունաբերության ընդհանուր ծավալում։ Այս կրճատումը վերջին երկու տարիներին բնորոշ ցուցանշ է։

2018թ. առաջին կիսամյակում արդյունաբերության մեջ հանքահումքային ոլորտի «մասնաբաժինը» մոտ 20 տոկոս էր։ Այս տարվա առաջին կիսամյակում կշիռը 17․7 տոկոս է։ Կառավարությունը շատ էր գնահատում այս փաստը։ Որովհետև հանքահումքայինի նվազմանը զուգահեռ՝ աճում էր մշակող արդյունաբերության ծավալը։

2018թ. առաջին կիսամյակում այն մոտ 63 տոկոս էր։ Իսկ այս տարի արդեն գերազանցում է 67 տոկոսը։ Մեր իշխանություններին թվացել էր, թե այս տվյալներն արդեն բավարար են «էկո» ու «կանաչ» կոչվող արդյունաբերության կայացման մասին խոսելու համար։ Խոսելն, իհարկե, խոսեցին։ Բայց հետո հայտնվեց «Լիդիան Արմենիայի» հետ կապված միջազգային ու ստվարածավալ եզրակացությունը (հայերեն թարգմանությունը մոտ 300 էջ է)։ Ու կառավարությունն ու խորհրդարանական իշխող կուսակցության նկատելի մի հատված հայտարարեցին, որ կարդացել, հասկացել ու համաձայն են հանքի շահագործման առաջարկի հետ։ «Բա ինչո՞վ էիք զբաղված համարյա տարի ու կես» հարցը հիմա հակահեղափոխական է։ Բայց իր այդպիսի բնույթով հիմնովին խառնել է հեղափոխական ու հակահեղափոխական ձևակերպումները։ Թե՛ հասարակությանը, թե՛ բյուջեին հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հետևենք։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ