Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:Փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած համատեղ աշխատանքը և վստահություն հայտնել, որ նիստին հատկացված ժամանակը առավելագույնս կօգտագործվի երկու երկրների առևտրատնտեսական ոլորտին վերաբերող օրակարգում եղած խնդիրները համաձայնեցնելու նպատակով:
Մհեր Գրիգորյանը նշել է, որ փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը: Փոխվարչապետը շեշտել է, որ 16-րդ միջկառավարական նիստը առաջինն է երկու երկրների խորհրդարանների կողմից ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո: Նա նիստը լավ առիթ է համարել անդրադառնալու նաև համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրային հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը