«Հայաստանի բանկային համակարգը կազմում է ֆինանսական շուկայի ակտիվների մոտ 90 տոկոսը։ Բանկային համակարգի ակտիվները հասնում են Հայաստանի ՀՆԱ-ի 83 տոկոսին․ դա բավական մեծ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ բանկային համակարգը, որպես ֆինանսական միջնորդ, ըստ էության կատարում է իր դերը։ Այդ թիվը բավականին մոտ է արևելյան եվրոպայի երկրների ցուցանիշներին»,- Para.TV-ի հետ զրույցում ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը։
Նա նշել է, որ բանկային համակարգի ակտիվների մոտ 60 տոկոսը կազմում են տնտեսության մեջ դրված վարկերը, որը նույնպես բավականին մեծ ցուցանիշ է․ «Բանկային համակարգը տնտեսությունը ֆինանսավորող հիմնական օղակն է հանդիսանում։ Միաժամանակ, բանկային համակարգի պարտավորությունների 68 տոկոսը կազմում են տնտեսավարող սուբյեկտներից և ֆիզիկական անձանցից ներդրված միջոցները։ Այսինքն, սա բարձր ցուցանիշ է։ Սա ցույց է տալիս, որ բանկային համակարգը տնտեսության մեջ մեծ դեր ունի և տնտեսական աճի խթանման կարևոր գործոն է»։
Գևորգ Թառումյանը նախորդ տարին հաջող է համարել բանկային համակարգի համար, քանի որ շահույթը գրեթե կրկնապատկվել է։
Տարին հաջող է եղել նաև «Ամերիաբանկի» համար։ «Ամերիան հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկը, առաջինն է ակտիվներով, պարտավորություններով, կապիտալով, շահույթի մեծությամբ։ Նախորդ տարի մենք առաջին անգամ գերազանցեցինք 10 մլրդ շահույթի շեմը։ Շահույթը կազմեց 10․5 մլրդ դրամ, որը բանկի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է»,- ասել է բանկի ֆինանսական տնօրենը։
Բանկը, ըստ նրա, ռազմավարական պլաններում սահմանել է, որ ավելի շատ փորձում է անցում կատարել կորպորատիվ բանկից դեպի մանրածախ, փոքր բիզնես վարկավորող բանկի։ «Մեզ դա հաջողվեց նախորդ տարի։ Մեր մանրածախ վարկային պորտֆելն աճել է 53 տոկոսով, ինչը բավականին մեծ ցուցանիշ է»,- ասել է Գևորգ Թառումյանը՝ որպես աճի հիմք նշելով նոր պրոդուկտների ներմուծումը շուկա։ Դրանցից մեկով, օրինակ, անգամ կարիք չկա վարկի համար այցելել բանկ, հնարավոր է ստանալ հեռակա կարգով։
Ֆինանսական տնօրենը կարևոր ցուցանիշ է համարում հիպոթեքային վարկավորումը, որն աճել է ավելի քան 50 տոկոսով։ 60 տոկոս աճ կա առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառման մեջ։ «Կարևոր ցուցանիշ է կապիտալի շահութաբերության աճը, որը կազմում է 12․6 տոկոս։ Բանկային համակարգում միջինը 8․5 է»,- ասել է Գևորգ Թառումյանը։
Ինչ վերաբերում է բանկային համակարգի մոտ ապագային, ոլորտի մասնագետը նշում է, որ համակարգը լավ ցուցանիշ ունի, որը պահպանվում է։ Խնդրահարույց կամ ժամկետնանց վարկերի տեսակարար կշիռը 4 տոկոսից քիչ ավելի է, որը բավականին ցածր ցուցանիշ է և հաշվի առնելով տնտեսական ցուցանիշները՝ վատացման կանխատեսում չկա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը