29 01 2019

Կադաստրում 5 ամիս շարունակ աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել

Կադաստրում 5 ամիս շարունակ աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կոմիտեի պարգևավճարների համակարգին:

Կոմիտեի ղեկավարը նշել է, որ  2018թ. օգոստոսից, ինչ ինքն է ղեկավարում կոմիտեն, համակարգի բոլոր աշխատակիցները յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել, իսկ դեկտեմբերին՝ 100%-ի չափով:

Պետրոսյանը հստակեցրել է, որ տարեվերջին ինքն էլ «չի հրաժարվել պարգևավճարին՝ չհրաժարվող գործընկերներին վատ դրության մեջ չդնելու համար»:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:«Վերջին օրերին ինձ շատ են հարցնում, և ասեմ, որ այո՛, կադաստրի համակարգում անցած տարում նույնպես եղել են պարգևատրումներ ու լինելու են, քանի որ պետական կառավարման համակարգում մենք պետք է ունենանք ազնիվ ու բարձր վարձատրվող աշխատակիցներ, հակառակ դեպքում մենք նորից կընկնենք կոռումպացված պետական համակարգի փակ ցիկլի շրջանի մեջ։

Դեռ աշնանը նոր կարգ ենք մշակել, և այս տարի պարգևատրումը լինելու է ոչ թե համահարթված ձևով, այլ ըստ աշխատանքի որակի։ Իսկ 2018 թ. օգոստոսից, ինչ ստանձնել եմ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը, համակարգի բոլոր աշխատակիցներն են ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում ստացել (եթե այդ ամիս չեն ընդունվել աշխատանքի, եթե չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել)։ Ռիսկային աշխատանք կատարողները, օրինակ՝ ռեգիստրները, այդ ընթացքում ավելի բարձր պարգևատրում են ստացել։ Ավելի բարձր են պարգևատրվել նաև նրանք, ում աշխատավարձն անտրամաբանականորեն ցածր է՝ հավաքարարներ, վարորդներ և այլն։ Իսկ տարեվերջին ողջ համակարգը 25%-ի փոխարեն ստացել է 100%-ի խրախուսում, նաև անհատապես խրախուսել եմ մեր ձեռնարկած բարեփոխումների հիմնական պատասխանատուներին։

Արդյունքում՝ կոռումպացվածի համարում ունեցած համակարգի բոլոր աշխատակիցների ամսական ֆինանսական եկամուտը մոտ 50 տոկոսով աճել է (մեր տվյալներով, կոռուպցիոն հոսքերը զրոյացվել են)։

Եվ մի կարևոր բան էլ՝ եթե նախկինում Կոմիտեն, որն ինքնաֆինանսավորվող մարմին է, գրեթե ամբողջովին ծախսում էր իր գեներացրած եկամուտները, ապա 2018-ի մենք պետական բյուջե ենք վերադարձրել շուրջ 538 մլն դրամ, ինչն ավելին է, քան 2012-ից ի վեր բոլոր տարիներին պետական բյուջե վերադարձված գումարները միասին։

Անձամբ ես տարվա ընթացքում խրախուսումներից միշտ հրաժարվել եմ։ Միայն տարեվերջին չեմ հրաժարվել՝ չհրաժարվող գործընկերներիս վատ դրության մեջ չդնելու համար (ֆինանսական պարգևատրումս կազմել է 640 000 դրամ, մի քիչ ավելի պակաս իմ տեղակալների՝ դեկտեմբեր ամսին ստացած գումարից)։

Չեմ գրում նախկին պարգևատրումների մասին, նույնիսկ մոտավոր հաշվարկներով չեմ գրում համակարգում եղած «սև» շրջանառության ու առավել ևս մինչ իմ նշանակումը իմ եկամուտների մասին։ Ինքս ինձ պարգևատրելու որոշման մասին երկար եմ մտածել և կրում եմ դրա թե՛ բարոյական, թե՛ իրավական պատասխանատվությունը։ Անկեղծ ասած, տեսնելով հասարակության լայն շերտերի վերաբերմունքը, միգուցե սխալվել եմ, որից և կանեմ իմ հետևություններն ապագայում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ