ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին: Այս մասին տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:
Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն ու դրանց ուղղությամբ 2019 թվականին նախատեսվող աշխատանքները: Նիստի ընթացքում նաև հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:
Մհեր Գրիգորյանը՝ որպես ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի ասուլիսով ամփոփել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի արդյունքները:
«Առաջին հարցը, որ քննարկել ենք, Ռուսաստանի նախաձեռնությունն էր հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի վերաբերյալ, որոնք առաջ է քաշել Ռուսաստանը: Շատ հետաքրքիր քննարկում է եղել, թե ինչ մեխանիզմներով պետք է կյանքի կոչվեն այդ նախագծերը:
Հանձնաժողովին հանձնարարել ենք մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն նախագծեր իրականացնել, առաջարկել ներկայացվող ծրագրերի արդյունավետության գնահատման չափանիշներ, ինչպես նաև դիտարկել այն ծրագրերը, որոնք մենք քննարկում ենք Եվրասիական թվային օրակարգի շրջանակներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա հավելել է, որ նիստի ընթացքում քննարկված հարցերը հիմնականում վերաբերվել են թվային օրակարգի նախագծերին: «Մենք քննարկել ենք մեր ղազախ գործընկերների նախաձեռնությունը՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի ձևավորման վերաբերյալ: Աշխատանքի էլեկտրոնային բորսան թույլ կտա մի կողմից գործատուներին, մյուս կողմից անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, այդ հարթակում գտնել համապատասխան աշխատատեղեր, ինչպես նաև այդ աշխատանքային հարթակում իրականացվելու են նաև գործարքներ: Սա նշանակում է, որ այդ թվային հարթակը պետք է ստեղծի իրավաբանական մեխանիզմներ, թե ինչպես են իրականացվելու էլեկտրոնային գործարքները գործատուների և աշխատանք ստացողների միջև: Սա բավականին հեռանկարային նախագիծ է, որն արժանացել է Եվրասիական տնտեսական խորհրդի անդամների հավանությանը»,- նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկել է ևս երկու թվային նախագիծ, որոնց իրականացումը հնարավորություն կտա առաջ մղել Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը: «Մասնավորապես, մենք պայմանավորվել ենք, որ առաջին երկու-երեք պիլոտային ծրագրերը կմեկնարկեն: Այդ պիլոտային ծրագրերի հիման վրա մենք պետք է ավելի հստակ նկարագրենք բիզնեսի աշխատանքն այդ նախագծերի հետ, ինստիտուցիոնալիզացնել թվային օրակարգի մյուս նախաձեռնությունները»,- ասել է Սարգսյանը:
ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է նաև Սերբիայի և Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքը:
Սարգսյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից հանձնարարություն ունեն շարունակել քննարկումները գազի տրանզիտի գները որոշելու ուղղությամբ: «Այստեղ մենք լսել ենք կողմերի դիրքորոշումները, թե ինչպես այս հարցը զեկուցել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը