Եվրասիական Զարգացման Բանկը (ԵԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) ստորագրել են վարկային պայմանագիր ընթացիկ վարկային պարտավորությունները վերաֆինանսավորելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ընթացիկ գործառնական գործունեությունը ֆինանսավորելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթուղթն ստորագրել են ԵԶԲ-ի 1-ին ծրագրային բլոկի ղեկավար Վսեվոլոդ Սմակովը և ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը:
Պայմանագրով նախատեսվում է, որ Բանկը կտրամադրի վերականգնվող վարկային գիծ ընթացիկ վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման և ՀԷՑ-ի ընթացիկ գործառնական գործունեության ֆինանսավորման համար:
Վերականգնվող վարկային գծի տրամադրմանը զուգահեռ Բանկը բանակցում է ՀԷՑ-ի և զարգացման այլ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ (ՎԶԵԲ, ԱԶԲ, ՄՖԿ) 2019թ. երկարաժամկետ վարկային ֆինանսական փաթեթ կազմակերպելու վերաբերյալ, որով կֆինանսավորվի ՀԷՑ-ի՝ մինչև 2027թ. նախատեսված ներդրումային ծրագիրը, որն իրականացվելու է ընկերության բաշխիչ ցանցերի և ենթակայանների արդիականացման, ցանցին նոր սպառողների միացման, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինման և տեղադրման, էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի ավտոմատացված համակարգի (ԷԱՀԱՀ) ներդրման, կառավարման ավտոմատ համակարգի (ԿԱՀ) և կառավարման միջազգային ստանդարտների (ԻՍՕ) ներդրման նպատակով: Ենթադրվում է, որ Բանկի մասնակցությունը ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը կկազմի 40 մլն ԱՄՆ դոլար:
Ծրագիրը նախատեսում է էլեկտրաէներգիայի անխափան փոխանցումն ու բաշխումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ծրագրի իրականացումը կխթանի Հայաստանի կայուն տնտեսական աճը և կնպաստի աշխատատեղերի պահպանմանը, տնտեսությունում էլեկտրամատակարարման ծառայությունների կայուն մատուցմանը:
Վարկային պայմանագիրն ստորագրվել է ԵԶԲ-ի երևանյան գրասենյակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը