27 10 2018

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ-ին կանխատեսվում է 5.3%-ի սահմաններում:

Այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում:  Համաշխարհային բանկի նախորդ կանխատեսմամբ 2018թ-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%: Ընթացիկ տարում տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները լինելու են ծառայությունների ոլորտը՝ 6.3% և արդյունաբերությունը՝ 5%, իսկ գյուղատնտեսության աճը կկազմի 2.5%: «2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018թ-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», - ասված է Համաշխարհային բանկի զեկույցում:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հոկտեմբեր ամսին հրապարակված նոր կանխատեսումների համաձայն ևս Հայաստանի տնտեսական աճի գնահատականները բարելավվել էին՝ 3.4%-ից բարձրանալով մինչև 6%:

Հայաստանի ԱՎԿ տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, իսկ նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 5%: Հայաստանի Կենտրոնական բանկը ևս բարելավել է սպասվող տնտեսական աճի կանխատեսումների միջակայքը՝ 4.6-6.5%-ի փոխարեն կանխատեսելով 5.6-6.9%:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ