22 10 2018

ՀՀ-ում ՌԴ-ի օդային քաղաքականությունից բողոքներ կան

ՀՀ-ում ՌԴ-ի օդային քաղաքականությունից բողոքներ կան

«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողներին տեղեկացրեց՝ հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերությունը բողոքում է ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից. ոչ ռուսական ավիաընկերությունների համար այն ավելի բարձր գներ է սահմանում իր ծառայությունների համար, քան ռուսականների համար։ 

Շաբոյանի խոսքով՝ ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին։

«Մենք այդ խնդրի լուծման համար կանենք ամեն ինչ, և այդ լուծումը կարող է կարեւոր դեր խաղալ հայկական ավիաընկերությունների զարգացման գործում»,-ասաց Շաբոյանը՝ վստահություն հայտնելով, որ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող բոլոր հարցերը և խնդիրները անպայման կլուծվեն:

Շաբոյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հայկական «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհի բոլոր ավիաընկերությունների համար միասնական գնային քաղաքականություն է վարում:

Շաբոյանը նաև հայտնեց՝ հրուշակեղենի վեց արտադրողներ Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի ընկերություն Հայաստանում վարում է դեմպինգային քաղաքականություն և անհավասար պայմաններ ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։ 

Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը իսկապես Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։

«Քանի որ այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում եւ մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, հնարավոր է՝ ԵՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժոովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,-նշել է Շաբոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ