Hetq.am-ը գրում է․
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երեւան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղեւորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը գտնվում է դեկրետում:
Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին եւ 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին):
Իր հերթին հայկական կողմից «Fly One Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:
Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն կապ է ապահովելու «Զվարթնոցի» (EVN) եւ Ստամբուլի նոր օդանավակայանի (IST) միջեւ, որը բացվել է 2018-ին եւ ներկայում այդ քաղաքն սպասարկող գլխավոր օդային դարպասն է (նախկինում Ստամբուլի գլխավոր օդանավակայանը Աթաթուրքի անվան կառույցն էր), ապա «Pegasus»-ը թռչելու է իր բազա հանդիսացող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի (SAW) ու «Զվարթնոցի» միջեւ:
Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:
Արտոնությունը 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:
Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետեւանքով չիրականացված չվերթերը):
Քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողները դեռ 2014-ի դեկտեմբերից են ազատված «օդի տուրքից», հասկանալի է, որ արտոնությունը վերաբերում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողներին:
Եվ քանի որ «Pegasus Airlines»-ը բավարարում է կառավարության սահմանած պահանջները, այսինքն՝ ձմեռային ընթացիկ սեզոնին կատարելու է շաբաթական 3 կամ նվազագույնը 20 չվերթ Երեւան (EVN)-Ստամբուլ (SAW) ուղղությամբ, դրանով մեկնող ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը համապատասխան հրաման է ստորագրել հունվարի 20-ին։ Նկատենք, որ ՔԱԿ-ն իր կայքում որեւէ տեղեկություն չի հայտնել «Fly One Armenia»-ի կողմից իրականացվելիք Երեւան (EVN)-Ստամբուլ (IST) չվերթի ուղեւորներին արտոնություն տալու մասին:
Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, 2019-ի օրենսդրական փոփոխությունից հետո՝ սկսած 2020-ի հունվարից, 3-ական տարով «օդի տուրքից» ազատվել են «Զվարթնոցից» դեպի Հռոմ (օդանավակայանի կոդը՝ CIA), Միլան (BGY), Կալուգա (KLF), Ուֆա (UFA), Կիեւ (IEV), Օդեսա (ODS), Մայնի Ֆրանկֆուրտ (FRA), Չելյաբինսկ (CEK), Սարատով (GSV), Բելգորոդ (EGO), Աստրախան (ASF), Աբու Դաբի (AUH), Լառնակա (LCA), Վիլնյուս (VNO), Տյումեն (TJM), Ստամբուլ (SAW) մեկնող ուղեւորները:
Հավելենք, որ եթե, ըստ «Pegasus Airlines»-ի ներկայացրած հայտի, դրա չվերթերը սպասարկելու են «Airbus A320», «Airbus A321» եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներ, ապա «Fly One Armenia»-ն օգտագործելու է «Airbus A320» օդանավեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը