03 09 2018

Արվել է մեկ մլրդ դոլարի ներդրման խոստում, որից իրատեսական է առնվազն 240 մլն դոլարը. Արծվիկ Մինասյան

Արվել է մեկ մլրդ դոլարի ներդրման խոստում, որից իրատեսական է առնվազն 240 մլն դոլարը. Արծվիկ Մինասյան

2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 685 970 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 10,2 տոկոս: Այս մասին սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 610 900 մարդ. «Հայաստան ժամանած և մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 75 հազար մարդ: Նախորդ տարի այդ ցուցանիշը 52 հազար էր: Զբոսաշրջիկների 27,1 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 24 տոկոսը՝ ԵՄ երկրներին և 49,8 տոկոսը այլ երկրներին է բաժին ընկել:

Զբոսաշրջիկների 52,5 տոկոսը Հայաստան է եկել հանգստի և ժամանցի նպատակով, 22,9 տոկոսը՝ գործնական նպատակով, 1,5 տոկոսը՝ բուժման նպատակով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ներքին զբոսաշրջության առումով 17,1 տոկոսով աճ է արձանագրվել:

Խոսելով ներդրումների մասին նախարարը նշեց, որ ներդրումներին մասնակցում են երկու ուղղություններով՝ մեկը օտարերկրյա ներդրումներն են, մյուսը ներքին ռեսուրսներն են, կամ ներքին ներդրումներն են: Երբ հրապարակվում է օտարերկրյա ներդրումները, պետք է նկատի առնենք, որ խոսքը ֆինանսական հոսքերի մասին է, թե որքան ռեսուրս է ֆինանսի տեսքով մտել Հայաստան և որքան է դուրս եկել:

Նրա խոսքով՝ 2018-ի առաջին կիսամյակում իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների ծավալը զուտ հոսքերի ծավալը կազմել է մինուս 53,1 մլն դոլար:

«Ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 81,3 մլն դոլար է որոնք ուղղվել են հիմնականում վերամշակող արդյունաբերության, առևտուր, շինարարություն, վարչարարական և օժանդակ այլ հատվածներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ մայիսի 15-ից հետո մեծ թվով քաղաքացիներև ընկերությունների ներկայացուցիչներ են դիմել նախարարություն, որոնց իրենց ցանկությունն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: «Որոշակի ներդրումների ծավալների մասին հայտարարություններ են արել: Եթե այդ բոլոր թվերը ի մի բերենք, դրանք անցնում են մեկ մլրդ դոլարը: Բայց մենք փորձում ենք նաև գնահատել, թե իրատեսականը տեսանելի ժամանակահատվածում որքան կկազմեն ներդրումները: Դրանից առնվազն 240 մլն դոլարը իրատեսական է: Հիմա աշխատում ենք այդ կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք կարողանան բիզնես պլանների միջոցով փորձեն դրանք վերածել ներդրումների»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ