ՀՀ-ում 2018 թվականի հունվար-հունիսին իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 39 միլիարդ 196 միլիոն դրամ: 2017թ. նույն ժամանակահատվածում դրանք կազմել էին 15 միլիարդ 844 միլիոն դրամ: Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2018 թ. երկրորդ եռամսյակում կատարվել է 525.5 մլն դոլարի ներդրում, որը 2017 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշից բարձր է 18 մլն դոլարով (516.7 մլն դրամ) կամ 3.5%-ով։ Առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումների աճն ավելի մեծ էր՝ 116.4 մլն դոլար կամ 22.5%։
Ուղղակի ներդրումների գծով պատկերը հակառակն է. դրանք նվազել են: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարվել է 186 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում (2017թ. նույն ժամանակահատվածում՝ 194 մլն դոլար, այսինքն՝ ներդրումները նվազել են 8 մլն դոլարով): 2018թ. երկրորդ եռամսյակում ուղղակի ներդումները կազմել են 75.6 մլն դոլար, մինչդեռ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1.331,9 մլն դոլար. նվազումը՝ 58.3 մլն դոլար կամ 43.5%:
Սա պայմանավորված է Ամուլսարի ծրագրի փաստացի դադարեցմամբ: Ջերսիից կատարված համախառն ներդրումների ծավալը 2018 թվականի մարտի վերջին և հունիսի վերջին նույնն է՝ 138.7 մլրդ դրամ. երկրորդ եռամսյակում ներդրումներ չեն իրականացվել:
Հայաստանում ուղղակի ներդրումների հոսք գրանցվել է Գերմանիայից՝ 10.4 մլրդ դրամ, ՌԴ-ից՝ 5.45 մլրդ դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 1.33 մլրդ դրամ, Արգենտինայից՝ 1.24 մլրդ դրամ եւ ԱՄԷ-ից՝ 1 մլրդ դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը