Պաշտոնի ստանձնումից հետո առաջնահերթ դրել էի ատոմակայանը ժամանակին վերագործարկելու հարցը: Այս մասին օգոստոսի 29-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը
Նախարարի խոսքով՝ այս տարի էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում է եղե և երբևէ ամռանը այդքան սպառում չի գրանցվել. ամռան երեք ամիսներին օրական ծախսվել է գրեթե 1030 մեգավատ էլէներգիա: «Նման ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ամռան ամիսներին նման իրավիճակ չէր եղել և դա պայմանավորված էր հիմնականում շոգ օրերի հետ»,-ասաց նա:
Նախարարը կարևորեց, որ ԲԷՑ-ը ավելի ճիշտ կառավարելու համար «Տաշիր գրուպ»-ի հետ համաձայնության են եկել, որ այն հանձնվի պետական կառավարման:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ Արթուր Գրիգորյնն ասաց, որ Էլեկտաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց նախարարությունը չի իրականացնում. դա հանրային ծառայությունները կարագավորող հանձնաժողովի լիազարությունն է, սակայն նախարարությունը չի կարող անմաս մնալ դրանից: Նա հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարին կվերանայի էլեկտրաէներգիայի սակագինը:
Արթուր Գրիգորյանի խոսքով՝ այսօր ունենք քսանյոթ մետաղական հանքավայրերի շահագործման համար տրված լիցենզիաներ, և ուսումնասիրությունների արդյունքում տասը հանքավայրերին արդեն տրված են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շահագործումն իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս: Նա նաև նշեց, որ ոչ մետաղական 146 հանքավայրերին տրվել են զգուշացումներ:
Անդրադառնալով Թեղուտի խնդրին՝ նախարարն ասաց, որ Կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, և խնդիրը հիմնականում պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ է կապված: «Որպեսզի ճիշտ գնահատվի իրավիճակը ժամանակավոր դադարեցվել է շահագործումը: Դա ցավալի իրավիճակ է, քանի որ ութ հարյուր աշխատակից անգործ է մնացել, մենք մտահոգ ենք այդ առումով և հնարավորինս արագ փորձելու ենք լուծումներ տալ ՝ հաշվի առնելով նաև ռիսկերը, բայց մեզ համար առաջնահերթ է մնում հանքավայրի շահագործման անվտանգության խնդիրը»,- ասաց նա:
Անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքներին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ բնապահպանության և ընդերքի տեսչության կողմից կատարվում են ուսումնասիրություններ: «Այս իրավիճակը ցավոտ ենք գնահատում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չխաթարենք ներդրողի կողմից կատարված աշխատանքը և առհասարակ Հայաստան եկող ներդրումները, պետք է շատ զգուշավոր լինենք և չպետք է մոռանանք նաև բնապահպանական խնդիրները»,- ասաց նա:
Հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը կարող է ազդել գազի գնի վրա, նախարարն ասաց. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք ավելի էժան գազի գին, քան այսօր ունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին՝ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:
«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, և կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի գինը սահմանին և սպառողին բոլորովին այլ գնով հասնելու խնդրին, նախարարն ասաց, որ ՀՀ-ում գազը սահմանի վա ձեռք է բերում 150 դոլարով, և ՀՀ ներսում վաճառք է իրականացնում միջինացված շուրջ 255 դոլար, և դրանից 47 դոլարը ավելացրած արժեքի հարկն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը